«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՌԴ ՊՆ. «Իսկանդեր» համալիրները չեն կիրառվել ղարաբաղյան հակամարտության ժամանակ

25/02/2021

«Իսկանդեր» հրթիռային համալիրներից և ոչ մեկը չի կիրառվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ։ Այդ մասին հինգշաբթի օրը՝ փետրվարի 25-ին, լրագրողներին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
 

«Առկա օբյեկտիվ և հավաստի տեղեկատվության համաձայն, որը հաստատվել է նաև օբյեկտիվ վերահսկողության համակարգի կողմից, այդ տիպի հրթիռային համալիրներից և ոչ մեկը չի օգտագործվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ»,- նշել է ռուսական պաշտպանական գերատեսչությունը։

Ինչպես ընդգծել են Ռուսաստանի ՊՆ-ում, հրթիռների ողջ ռազմապաշարը գտնվում է ՀՀ զինված ուժերի պահեստներում։ Ռուսական պաշտպանական գերատեսչությունում կարծում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել տարածաշրջանում համալիրների օգտագործման հարցում։ «Ըստ ամենայնի, Հայաստանի Հանրապետության վարչապետ, պարոն Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել, որի արդյունքում նա սխալ տեղեկատվություն է հաղորդդել»,- հավելել է ՌԴ ՊՆ-ն։

Հիշեցնենք, որ 1in.am-ին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ ռուսական արտադրության «Իսկանդեր» հրթիռային համալիրները կրակելուց հետո կա’մ չէին պայթել, կա’մ էլ պայթել էին 10 %-ով։ «Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»,- ասել էր Փաշինյանը։