Հարավային Կովկասի տրանսպորտային և լոգիստիկ կապերում Հայաստանի դերը փոխվում է․ Կոմլևա
Հարավային Կովկասը բավականին բարդ լոգիստիկ հանգույց է, որտեղ Հայաստանը տևական ժամանակ ընկալվում էր ավելի շուտ որպես ծայրամասային գոտի։ Սակայն այսօր իրավիճակը փոխվում է, և տրանսպորտային ու լոգիստիկ հնարավորությունների տեսանկյունից Հայաստանի նշանակությունն էապես մեծանում է։ Այս մասին հայտարարել է Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Վալենտինա Կոմլևան՝ բացելով «Հարավային Կովկասի տրանսպորտային և լոգիստիկ կապերի զարգացման հեռանկարները» խորագրով միջազգային փորձագիտական համաժողովը։
Նրա խոսքով՝ Հայաստանի դերի փոփոխությունը պայմանավորված է, մասնավորապես, տրանսպորտային ու լոգիստիկ կապերի ոլորտում մի շարք այլընտրանքային և միաժամանակ փոխլրացնող առաջարկների ի հայտ գալով։
«Ներկայումս, մի շարք այլընտրանքային կամ փոխլրացնող առաջարկների շնորհիվ, այս հարցում Հայաստանի արժեքն էապես բարձրանում է», — նշել է Կոմլևան։
Նա ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները, բնականաբար, դիտարկում են երկրի լոգիստիկ ներուժի իրացման տարբեր տարբերակներ՝ գնահատելով ձևավորվող տրանսպորտային երթուղիներում և տարածաշրջանային լոգիստիկ ծրագրերում ներառվելու հնարավորությունները։
Միևնույն ժամանակ, Կոմլևան առանձնահատուկ անդրադարձել է հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ նշելով, որ այն ինքնին դրական նախաձեռնություն է, սակայն դրա գործնական իրագործումը, ըստ նրա, պետք է հիմնված լինի իրավահավասարության և հավասարակշռվածության սկզբունքների վրա։
««Խաղաղության խաչմերուկն» իսկապես դրական նախաձեռնություն է, եթե դրա շրջանակներում համաչափ, հավասարակշռված, արդարացի ու հավասար պայմաններով ներկայացված լինեն բոլոր շահագրգիռ կողմերը և իրագործվեն առաջարկվող բոլոր երթուղիները», — հայտարարել է նա։
Ինստիտուտի փոխտնօրենի խոսքով՝ կարևոր պայման է նաև այն, որ այս նախաձեռնությունն իսկապես արտացոլի Հայաստանի տրանսպորտային և լոգիստիկ զարգացման բազմավեկտորությունը և չվերածվի առավելապես մեկ ուղղության վրա կենտրոնացած նախագծի։
Բացի այդ, ընդգծել է Կոմլևան, անհրաժեշտ է, որ տրանսպորտային կապերի զարգացումը հաշվի առնի տարբեր մասնակիցների իրական շահերը և ապահովի մի քանի ուղղություններով փոխգործակցության հնարավորություն։
«Նախաձեռնությունը պետք է արտացոլի երկրի տարածքում առկա իրական բազմավեկտորությունը, այլ ոչ թե շեղվի դեպի որևէ միավեկտոր ուղղություն», — ասել է նա։
Կոմլևան նշել է, որ հենց Հարավային Կովկասի տրանսպորտային ու լոգիստիկ զարգացման հեռանկարներին առնչվող հարցերն են դարձել միջազգային փորձագիտական համաժողովի քննարկման առարկան։ Բանավեճին մասնակցելու համար հրավիրվել են տարբեր ոլորտների մասնագետներ, այդ թվում՝ փորձագետներ, տնտեսագետներ, սոցիոլոգներ, քաղաքագետներ և պատմաբաններ։
Նրա խոսքով՝ մասնակիցների լայն կազմն անհրաժեշտ է ընթացող գործընթացները տարբեր տեսանկյուններից դիտարկելու և յուրաքանչյուր փորձագետի՝ իր դիրքորոշումը ներկայացնելու հնարավորություն ընձեռելու համար։
«Այս հարցերը քննարկելու համար մենք համախմբել ենք փորձագետների, տնտեսագետների, սոցիոլոգների, քաղաքագետների և պատմաբանների, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա արտահայտել իր տեսակետը», — պարզաբանել է նա։