«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանական կողմը օգտվելով առիթից ուժեղացնում է ճնշումը Արցախի վրա

20/03/2022

Ադրբեջանական կողմը օգտվելով առիթից ուժեղացնում է ճնշումը Արցախի վրա` վերջնականապես փորձելով լուծել Արցախի հարցը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռազմական հարցերով փորձագետ Մհեր Հակոբյանը:

«Տեղի է ունենում այն, ինչ-որ մեր որոշ արեւմտամետներ չէին ուզում տեսնել, Ռուսաստանի անհաջողությունը ուղիղ համեմետական է այստեղ լարվածության աճին: Ռուսաստանը  ինչքան անհաջողություն է կրում այն ճակատում, այնքան ադրբեջանցին ակտիվանում է Խրամորթում, կամ այլ գյուղերում: Եթե Ռուսաստանը լրիվ անհաջողության  մատնվի, կարող  է լինել ռազմական գործողությունների վերսկսում Արցախում: Սա պարզ ճշմարտություն է, որը մարդիկ չեն ցանկանում տեսնել»,-ասաց նա:

Փորձագետի խոսքով` Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ դաշնակցային պայմանագրի ստորագրումը ոչինչ չի փոխում տարածաշրջանում, դրանով Ռուսաստանը պարզապես ցանկանում էր զսպել Ադրբեջանին:

«Արցախում կրակում են կարելի է ասել ռուսական զորքերի վրա, այսինքն կարելի է ասել, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը դաշնակիցներ չեն, ինչպես եւ դաշնակիցներ չեն Ադրբեջանն ու Թուրքիան, նրանք ուղղակի համագործակցում են: Ալիեւին  կանչեցին Մոսկվա, ինչ-որ բան ստորագրել տվեցին այն հույսով, որ ինչ-որ մի բանով կզսպի Ալիեւին, սակայն պարզ է արդեն, որ դա չզսպեց եւ հիմա ունենք այն, ինչ ունենք»,-ասաց նա:

Մհեր Հակոբյանի կարծիքով` Ադրբեջանը չի սահմանափակվի միայն Արցախով եւ  հնարավորության դեպքում կհարձակվի նաեւ Հայաստանի սահմանների ուղղությամբ: 

«Խաղաղության դարաշրջան հնարավոր չէ թուրքի հետ բացել այս տարածաշրջանում եւ այստեղ տեղին են այն խոսքերը, որ չի կարելի խաղաղության դարաշրջան բացել այն մարդու հետ, ով եկել է քեզ սպանելու: Հիմա թուրքն ասում է` հայ, դու գոյության իրավունք չունես, իսկ Հայաստանի իշխանությունները ասում են` արի խաղաղ լինենք: Թուրքը չի ուզում մեզ հետ կռվել, ուզում է  մեզ ոչնչացնել: Սա շատ վտանգավոր պոպուլիզմ է, որը մարդկանց մեծ մասը չի հասկանում, եւ հանգիստ ապրում են»,-ասաց նա: