«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Էկոնոմիկայի փոխնախարարի ընկերներն ու այլ պաշտոնյաների կանայք՝ մեկ ՊՈԱԿ-ում

08/05/2021

Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց մերձավորները աշխատանքի են անցել նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ում։ «Հետք»-ը պարզել է, որ հատկապես փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի բարեկամներն ու ընկերները տարբեր պաշտոնների են նշանակվել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում։
Կառավարության 2020 թ.-ի որոշմամբ «Ագրոքիմիական ծառայություն» ՊՈԱԿ-ը վերանվանվել է «Գյուղատնտեսության ծառայությունների կենտրոն»։ Կառույցից տեղեկացել ենք, որ ՊՈԱԿ-ն ունի 44 հաստիք, որից 2-ը թափուր են։ Ներկայացնում ենք ՊՈԱԿ-ի այն աշխատակիցներին, որոնք փոխկապակցված են Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի և էկոնոմիկայի նախարարության այլ պաշտոնյաների հետ։ Տիգրան Գաբրիելյանը ԷՆ-ում գյուղատնտեսության ոլորտը համակարգող փոխնախարարներից է։
Գաբրիելյանը բարձրաստիճան պաշտոնյա է 2018 թ.-ից: Երբ գյուղատնտեսության նախարարը ներկայիս ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն էր, Գաբրիելյանը 2018-ի նոյեմբերի 7-ին նշանակվել է նրա տեղակալ։ Հետագայում գյուղատնտեսության նախարարությունը միացվեց Էկոնոմիկայի նախարարությանը, իսկ Տիգրան Գաբրիելյանը զբաղեցրեց էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը։ Փոխնախարարի կինն էլ աշխատում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում։ 2013 թ.-ից նա զբաղեցնում է գլխավոր մասնագետի պաշտոնը։
Ստորեւ ներկայացնում ենք այն պաշտոնատար անձնաց ցանկը, որոնք կապված են էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի, էկոնոմիկայի նախարարության այլ պաշտոնատար անձանց հետ։
Աննման Գինոսյանը «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի իրավաբանն է։ Այդ պաշտոնում նշանակվել է 2020 թ.-ի ապրիլի 3-ին։ Աննման Գինոսյանը փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի կնոջ՝ Գոհար Գինոսյանի հորաքույրն է։ Այս փաստը հաստատել է Տիգրան Գաբրիելյանը։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ նա հայտնել է, որ, այո՛, Աննման Գինոսյանն իր կնոջ հորաքույրն է։
Զոհրաբ Մինասյանը ՊՈԱԿ-ի գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը զբաղեցնում է 2020 թ.-ի նոյեմբերի 13-ից։ Զոհրաբ Մինասյանի և փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի ընկերությունը սկսվել է ուսանողական տարիներից։ Փոխնախարարն իր և Մինասյանի կապը հաստատում է՝ նշելով, որ նա եղել է իր համակուրսեցին՝ ի թիվս 120 այլ ուսանողների, որոնցից շատերն աշխատում են գյուղատնտեսության ոլորտին առնչվող այս կամ այն կառույցում։
Զոհրաբ Մինասյանի աշխատանքային ոլորտի մասին ասենք, որ խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման գործընթացի համար թեև կառավարությունը գումար հատկացրել է, բայց դեռ շոշափելի քայլեր չեն իրականացվել։
Սեյրան Մարգարյանը, ըստ մեր աղբյուրի, փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի մանկության ընկերն է։ Նա 2020 թ.-ի ապրիլի 6-ից զբաղեցնում է «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնտեսական բաժնի պետի պաշտոնը։ Տիգրան Գաբրիելյանը, սակայն, չի ընդունում Սեյրան Մարգարյանի հետ ընկերական հարաբերության փաստը՝ պնդելով, որ Մարգարյանին ճանաչում է որպես կառույցի աշխատակից։
ՊՈԱԿ-ի անասնաբուժության և բուսասանիտարական բաժնի պետ Լևոն Եղոյանը և նույն բաժնի ավագ մասնագետ Տիգրան Անդրեասյանը, մեր աղբյուրի տեղեկացմամբ, փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի մտերիմներն են։ Լևոն Եղոյանն այդ պաշտոնում նշանակվել է 2020 թ.-ի ապրիլի 3-ին, իսկ Տիգրան Անդրեասյանը՝ օգոստոսի 27-ին։ Էկոնոմիկայի փոխնախարարը, պատասխանելով Եղոյանի և Անդրեասյանի հետ իր կապի վերաբերյալ մեր հարցին, նշել է, որ նրանց ճանաչում է որպես անասնաբույժ-մասնագետների, քանի որ մինչ փոխնախարարի պաշտոնը ստանձնելը շուրջ 20 տարի անասնաբուժության ոլորտում՝ սկսած միջազգային կառույցներից մինչև մասնավոր հատված, իրականացրել է անասնաբուժական գործունեություն, ծառայությունների մատուցում։
Մարինե Հովակիմյանը ՊՈԱԿ-ի գործավարության պատասխանատուն է։ Այդ պաշտոնում նշանակվել է 2020 թ.-ի ապրիլի 3-ին։ Հովակիմյանը Տիգրան Գաբրիելյանի հոր՝ Զաքար Գաբրիելյանի վաղեմի գործընկերն է։ Այս փաստը ևս փոխնախարարը չի հերքել։ «ՊՈԱԿ-ի գործավարության պատասխանատու Մարինե Հովակիմյանը, հնարավոր է, հանդիսանում է փոխնախարարի հոր երբեմնի գործընկերը, քանի որ փոխնախարարի հայրը շուրջ 30 տարի աշխատել է նախկին գյուղատնտեսության նախարարությունում»,- մեզ պատասխանել է Տիգրան Գաբրիելյանը՝ շարունակելով, որ մինչ ինքը փոխնախարար կդառնար, Մարինե Հովակիմյանն աշխատում էր «Անասնաբուժասանիտարիայի եւ բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում, որի իրավահաջորդ է դարձել ներկայիս «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Տիգրան Գաբրիելյանը միակը չէ, ում մերձավորներն աշխատանքի են անցել ՊՈԱԿ-ում։ Փոխնախարարի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող՝ ԷՆ գյուղատնտեսական առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանի կինն էլ է պաշտոն ստացել։ Էմմա Ստեփանյանը 2020 թ.-ի ապրիլի 3-ից զբաղեցնում է ՊՈԱԿ-ի մարդկային ռեսուրսների կառավարչի պաշտոնը։
ՊՈԱԿ-ում է աշխատում նաև Էկոնոմիկայի նախարարության գործերի կառավարման վարչության գլխավոր մասնագետ Հրաչյա Նիկողոսյանի կինը՝ Նաիրա Դալլաքյանը։ ՊՈԱԿ-ի հաշվապահի պաշտոնը Դալլաքյանը զբաղեցնում է 2020 թ.-ի ապրիլի 3-ից:
Զաքար Զաքարյանը «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդականի պաշտոնում նշանակվել է 2020 թ.-ի ապրիլի 6-ին: Նա Էկոնոմիկայի նախարարության ֆինանսական և բյուջետային բաժնի պետ Մարգարիտա Զաքարյանի եղբայրն է։
«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում պետական ավելի ցածր պաշտոններ զբաղեցնող անձանց հետ փոխկապակցված աշխատակիցներ էլ կան, որոնց առանձին-առանձին անդրադառնալու անհրաժեշտություն չենք տեսնում։ 
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մայիսի 6-ին «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման շրջանակում անդրադարձել է մեր այն հարցին, թե ինչպես է առհասարակ վերաբերվում հովանավորչությանը։ 
Փոխնախարարի և մյուս պաշտոնյաների կապերը պարզելուց հետո փորձեցինք նախապես ճշտել Վահան Քերոբյանի վերաբերմունքը երևույթի վերաբերյալ։
Նրան ուղղել էինք հետևյալ հարցը․ «Ինչպե՞ս եք վերաբերվում պաշտոնյաների կողմից իրենց բարեկամներին, ընկերներին և ծանոթներին պաշտոնների տեղավորելու երևույթին։ Ինչպիսի՞ն կլինի ձեր արձագանքն ու վերաբերմունքը, եթե ի հայտ գան փաստեր հովանավորչության, ընկերների և բարեկամների՝ նախարարության ենթակայության կառույցներում աշխատանքի ընդունելու վերաբերյալ»։
Վահան Քերոբյանը հայտարարեց, որ շատ վատ է վերաբերվում հովանավորչությանը և համարում է, որ ցանկացած աշխատատեղ պետք է լինի մրցակցային։ Միևնույն ժամանակ նախարարը գտնում է, որ եթե պաշտոնյաները բարեկամներ են, դա դեռ «մահապատիժ չէ», քանի որ Հայաստանը փոքր է, բայց պետք է նաև հասկանալ, թե ինչպես են այդ մարդիկ իրար հետ ընդունվել աշխատանքի, ով է ում հրավիրել և այլն։ Նա մի օրինակ բերեց, որ կարող է մի պաշտոնյա իմանա նախարարության մի թափուր պաշտոնի մասին, որ մրցույթ է նշանակված, և տեղյակ պահի իր բարեկամին, որն էլ գա և մրցակցային միջավայրում հաղթի։
Ճշտող հարցին, թե ինչպես կարձագանքի նախարարը, եթե հայտնի դառնան հովանավորչության դեպքեր նախարարության ենթակայության կառույցներում, Վահան Քերոբյանը պատասխանեց․ «Ես կանեմ այն, ինչ օրենքով կարող եմ անել։ Ծառայողական քննություն կսկսեմ և, ըստ ծառայողական քննության արդյունքների, կկայացնեմ որոշումներ... Իմ անձնական վերաբերմունքն այն է, որ ես անհանդուրժողական եմ նման դեպքերի նկատմամբ»։
Հիշեցնենք, որ մեկ այլ ՊՈԱԿ-ում էլ պաշտոններ էին ստացել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերոջ ընկերն ու նրա ընկերներն ու բարեկամները։
hetq.am