«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանն ունի վերականգնվող էներգիայի զգալի ներուժ

17/06/2022

Generalnews.am-ի հյուրն է «Բիոսոֆիա» ՀԿ-ի նախագահ Գևորգ Պետրոսյանը։


- Վերականգնվող էներգետիկան երկրների կայուն սոցիալ-տնտեսական զարգացման առանցքներից մեկն է, որը նաև կլիմայի փոփոխության մեղմման միջոց է։ Հայաստանի պարագայում դա առավել կարևոր է՝ հաշվի առնելով երկրում նավթի, գազի և այլ հանածո վառելիքային պաշարների բացակայությունը։ Հայաստանը վերջին տասնամյակում ձեռնամուխ է եղել վերականգնվող էներգետիկայի զարգացմանը՝ էներգետիկ անվտանգության և էլեկտրաէներգիայի հուսալիության բարձրացման նպատակով։ Պարոն Պետրոսյան կուզեի՝ նախ հակիրճ անդրառնայիք այն հարցին, թե ի՞նչ է իրենից ներկայացնում վերականգնվող էներգիան։
- Էներգիայի աղբյուրներն ընդունված է բաժանել երկու մեծ խմբի՝ վերականգնվող և  չվերականգնվող: Չվերականգնվող աղբյուրները բնության մեջ ձևավորվում են շատ երկար ժամանակամիջոցում, բայց վերջին հարյուրամյակի ընթացքում ծախսվում են շատ արագ տեմպերով և մեծ քանակություններով: Դրանք հիմնականում հանածո ածխաջրածնային էներգակիրներ են՝ ածուխ, թերթաքար, նավթ, բնական գազ, տորֆ և այլն: Սրանք նույնպես վերականգնվում են, բայց միլիոնավոր տարիների ընթացքում, այդ պատճառով կոչվում են չվերականգնվող։
Էներգիայի վերականգնվող կամ կանաչ աղբյուրները այն աղբյուրներն են, որոնք մշտապես գոյություն ունեն բնական միջավայրում և անընդհատ, որոշակի պարբերականությամբ, բնական գործընթացների արդյունքում ինքնալրացվում են և մարդկային կյանքի տեսակետից գրեթե անսպառ են։ Վերականգնվող էներգիայի ստացման հիմնական աղբյուրներն են՝ Արեգակի լույսը, ջրային հոսանքները, քամին, Երկրագնդի ընդերքի ջերմային էներգիան, կենսազանգվածը, մակընթացությունները և այլն։ Մեծ հաշվով, վերականգնվող էներգիայի գրեթե բոլոր տեսակների նախահիմքը արեգակնային էներգիան է։ 
Վերականգնվող էներգիայի ստացման հիմնական սկզբունքն այն է, որ էներգիան կորզվում է շրջակա միջավայրում անընդհատ ընթացող բնական գործընթացներից կամ վերականգնվող օրգանական ռեսուրսներից և ուղղորդվում է տեխնիկական օգտագործման համար:

- Որո՞նք են վերականգնվող էներգառեսուրսները և ի՞նչ օգուտներ կարելի է ակնկալել դրանց օգտագործումից։
- Վերականգնվող էներգառեսուրսները կարելի է համարել ոչ միայն անսպառ, այլ նաև՝ տնտեսապես ձեռնատու և բնապահպանական տեսակետից անվտանգ։ Հայաստանն ունի վերականգնվող էներգիայի զգալի ներուժ և համապատասխան ոլորտային քաղաքականության ու գործնական կիրառության մեխանիզմների ներդրման պայմաններում վերականգնվող էներգետիկան կարող է դառնալ երկրի էներգետիկ անկախության և անվտանգության կարևորագույն երաշխիքներից մեկը։
Հայաստանում վերականգնվող էներգիայի որոշ տեխնոլոգիաներ, ինչպիսիք են՝ արևային էներգետիկան, հողմաէներգետիկան, հիդրոէներգետիկան և կենսազանգվածի էներգետիկան, առևտրայնացման և զանգվածային մասշտաբով տեղակայման առաջնահերթ թեկնածուներ են: 
Արեգակնային էներգետիկայի տեսակետից Հայաստանն ունի բավականին բարձր ներուժ,  հորիզոնական մակերևույթի վրա արևային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 կվտժ/մ2, իսկ երկրի տարածքի մեկ քառորդում այդ ցուցանիշը կազմում է 1850 կՎտժ/մ2: Արեգակնային էներգետիկան այսօր Հայաստանում ամենաարագ զարգացող և հեռանկարային ուղղություններից մեկն է, որը կարող է էական դրական ազդեցությունն ունենալ երկրի էներգետիկ անվտանգության և ինքնաբավության վրա, խթանելով նաև անհատ քաղաքացիների ներդրումը այս ոլորտում։ 2022թ. հունվարի 1-ի դրությամբ ՀԷՑ-ին միացված են 6940 ինքնավար արտադրող արևային կայաններ։
Հողմաէներգետիկայի ոլորտը Հայաստանում այլընտրանքային էներգիայի զարգացման ամենահեռանկարային ուղղություններից մեկն է, չնայած, մինչ այս ուղղության զարգացումը, պետք է լրջորեն ուսումնասիրել դրա բացասական ազդեցությունը բնական էկոհամակարգերի վրա։ Հողմային էներգետիկայի զարգացումը Հայաստանում հեռանկարային կարող է լինել Զոդի լեռնանցքի, Բազումի լեռների՝ Քարախաչի և Պուշկինի լեռնանցքների, Ջաջուռի լեռնանցքի, Գեղամա լեռների շրջանի, Սևանի լեռնանցքի, Ապարանի շրջանի, Սիսիանի և Գորիսի միջև գտնվող բարձունքային գոտու և Մեղրիի շրջանի տարածքներում: 
Հայաստանում տնտեսապես շահավետ հողմաէլեկտրակայանների ընդհանուր դրվածքային հզորությունը գնահատվում է մոտ 450 ՄՎտ՝ 1.26 մլրդ. կվտժ էլեկրաէներգիայի տարեկան արտադրանքով: Ներկայումս Հայաստանում գործում են 2 հողմային էլեկտրակայան, որոնց գումարային դրվածքային հզորությունը կազմում է մոտ 2,9 ՄՎտ։ 
Հիդրոէներգետիկան Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության հիմնական ուղղություններից մեկն է։ Հայաստանի ջրային էներգապաշարների ներուժը գնահատվում է 21.8 մլրդ կՎտ.ժ, այդ թվում՝ խոշոր և միջին գետերինը՝ 18.6 մլրդ կՎտ.ժ, իսկ փոքր գետերինը՝ 3.2 մլրդ կՎտ.ժ: Ներկայումս Հայաստանում էլեկտրաէներգիա արտադրող ՓՀԷԿ-երի թիվը հասել է 189-ի, որոնց գումարային դրվածքային հզորությունը կազմում է մոտ 389,2 ՄՎտ, էլեկտրական էներգիայի տարեկան արտադրանքը՝ մոտ 943,5 մլն կՎտժ։ Հիդրոէներգետիկան զգալի ներդրում ունի երկրի էներգետիկ հաշվեկշռում, բայց այն էական բացասական ազդեցություն ունի փոքր գետերի և գետամերձ տարածքների էկոհամակարգերի վրա։ Անհրաժեշտություն կա իրականացնել հիդրոկայանների վերազինում, դրանց գործունեության արդյունավետության բարձրացում և միջազգային տեխնիկական, բնապահպանական չափանիշներին համապատասխանեցում։
Կենսաէներգետիկան Հայաստանի վերականգնվող էներգետիկայի հեռանկարային ուղղություններից մեկն է, որը դեռևս գտնվում է զարգացման ամենասկզբնական փուլում։ Ըստ մի շարք աղբյուրների, Հայաստանում կենսազանգվածի էներգետիկ ռեսուրսների ներուժը բավականին բարձր է գնահատվում, հզորությունը՝ 29-30 ՄՎտ, իսկ արտադրությունը՝ 228-230 ԳՎտժ/ տարի:
Ընդհանուր առմամբ կենսաէներգետիկան ունի զարգացման երեք ուղղություն՝ կենսագազի, կենսաէթանոլի և կոշտ կենսավառելիքի արտադրություն։
Կենսագազի ստացման պոտենցիալը Հայաստանում տարեկան գնահատվում է մոտ 135 մլն մ3: Այս բնագավառում դեռ առաջին փորձարարական ծրագրերն են իրականացվում, բայց ոլորտի նկատմամբ շատ մեծ է միջազգային ներդրողների ուշադրությունը:
Կենսաէթանոլի արտադրության ներուժը ՀՀ-ում երկարաժամկետ հեռանկարի համար տարեկան կազմում է մոտ 30000 տոննա, ինչը երկրում սպառվող բենզինի միջին տարեկան ծավալի մոտ 10%-ն է՝ համաձայն «Հայաստանում կենսաէթանոլի արտադրության և յուրացման ներուժի և հեռանկարայնության գնահատում» հետազոտության: Կենսաէթանոլի արտադրությունը առավել արդյունավետ կազմակերպելու համար որպես հումք առաջարկվում են գետնախնձորը և եգիպտացորենը։
Կենսավառելիքի արտադրություն համար ՀՀ-ում հումքի տնտեսապես հիմնավորված ներուժը կազմում է մոտ 544 հազար տոննա, որից հնարավոր է արտադրել մոտ 500 հազար տոննա կոշտ կենսավառելիք, որը պարունակում է մոտ 2000 տերաջոուլ էներգիա։ Վերջին տարիներին ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի աջակցությամբ գյուղական համայնքներում իրականացված կոշտ կենսավառելիքի արտադրության փոքրամաշտաբ փորձարարական ծրագրերը ցույց են տվել, որ այս ուղղությունը զարգացման մեծ ներուժ ունի և անհրաժեշտություն կա ոլորտի առևտրայնացման։ 
Կենսավառելիքի արտադրությունը հատկապես զարգացման մեծ ներուժ ունի գյուղական համայնքներում, քանի որ Հայաստանի գյուղական համայնքների որոշ մասը գազաֆիկացված չեն, բայց դրանք ունեն կենսավառելիքի արտադրության համար նպատակահարմար հումքի մեծ ներուժ։ Այսօր Հայաստանում կոշտ կենսավառելիքի արտադրությունը համեմատաբար թույլ զարգացած ոլորտ է։
Երկրաջերմային էներգետիկայի զարգացումը Հայաստանում հեռանկարային նշանակություն կարող է ունենալ: ՎԷԱ այս ուղղության ներուժը Հայաստանում վատ է ուսումնասիրված, բայց ներկայումս երկրում իրականացվում է երկրաջերմային էլեկտրակայանի (ԵՋԷԿ) կառուցման ծրագիր, որն ենթադրվում է, որ կունենա տեղակայման 25 ՄՎտ հզորություն։

- Վերականգնվող էներգիայի ստացման համար ներկայումս աշխարհում և Հայաստանում ի՞նչ տեխնոլոգիաներ են կիրառվում։
- Վերականգնվող աղբյուրների էներգիայի օգտագործման տեխնոլոգիաները շատ բազմազան են և տարեց-տարի էլ ավելի են զարգանում և կատարելագործվում։ Զարգացած երկրներում ՎԷԱ տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ շատ մեծ գումարներ են ներդրվում և ձևավորված են համապատասխան ֆինանսական, հարկային և մաքսային մեխանիզմներ։
Հայաստանում վերջին տարիների ընթացքում մեծ թափով ներդրվում են արևային էներգիայի օգտագործման երկու տեխնոլոգիա՝ արևային լուսաէլեկտրական և արևային ջրատաքացուցիչ համակարգերը։ Արևային ջրատաքացուցիչները, ջերմամատա-կարարման և տաք ջրի արտադրության առումով, այլընտրանք են գազով գործող ջեռուցման կաթսաներին, որոնց ներդրման համար ՀՀ-ում գործում են վարկային ծրագրեր։ Արևային լուսավոլտային էլեկտրակայանները սովորաբար լինում են երկու տիպի՝ ցանցի հետ զուգորդված և ցանցից անջատ գործող։ Այսօր տնտեսապես և տեխնիկապես ավելի արդյունավետ են ցանցի հետ զուգորդված գործող համակարգերը, որոնք թույլ են տալիս, ըստ անհրաժեշտության ապահովել արտադրված և սպառված էլեկտրաէներգիայի քանակների փոխհոսքեր։ Շատ կարևոր է այն հանգամանքը, որ այս տեխնոլոգիաները հասանելի են անհատ քաղաքացիների համար և յուրաքանչյուրին հնարավորություն են տալիս էլեկտրաէներգիա սպառողից վրածվել նաև էլեկտաէներգիա արտադրողի։
Ջրային հոսքերի օգտագործման տեխնոլոգիաները հիդրոէլեկտրոկայաններն են, որոնք ըստ մեծության բաժանվում են երկու մասի՝ մեծ ՀԷԿ-եր  և փոքր ՀԷԿ-եր (մինչև 30 ՄՎտ հզորության)։ 
Քամու էներգիայի օգտագործման տեխնոլոգիաները կոչվում են հողմնային էլեկտրական գեներատորներ, որոնց ներդրումը բավականին մեծ ծախսեր են պահանջում և դա արդյունավետ է անել միայն որոշակի վայրերում։ Ներկայումս տարբեր միջազգային կառույցների հետ կան պայմանավորվածություններ, իրականացվում են ուսումնասիրություններ և փնտրվում են ներդրողներ՝ Հայաստանում հողմային էներգետիկան զարգացնելու համար։
Կենսազանգվածի էներգիայի օգտագործման համար կիրառվում են շատ բազմազան տեխնոլոգիաներ և կախված հումքից ու կիրառված տեխնոլոգիայից կարող է ստացվել կենսագազ, հեղուկ կամ կոշտ կենսավառելիք։ Այս տեխնոլոգիաները Հայաստանում համեմատաբար քիչ են ներդրված, բայց կա բավականին մեծ չօգտագործված ներուժ։ 
Երկրաջերմային էներգետիկայի օգտագործման տեխնոլոգիաները նույնպես բավականին բազմազան են, բայց առավել հաճախ կիրառվում են ջերմային պոմպերը, որոնք լինում են օդ-օդ, օդ-ջուր, ջուր-ջուր կամ հողագրունտ-ջուր։ Այս տեխնոլոգիաները համեմատաբար թանկ են սկզբնական ներդրման տեսակետից, բայց ավելի կայուն են, ստացվող ջերմային էներգիայի քանակները օրվա ընթացքում և տարբեր եղանակային պայմաններում համահավասար են։

- Պարոն Պետրոսյան, կխնդրեի ներկայացնեիք հատկապես արևային էներգիայի, կենսազանգվածի և կենսագազի ստացման մեր հնարավորությունները, որքանո՞վ են դրանք այսօր մեր երկրում կիրառվում։
- Արևային էներգիայի տեխնոլոգիաների ներդրման տեսակետից Հայաստանում վերջին տարիներին բավականին մեծ ակտիվություն է նկատվում և կառուցվում են ինչպես մեծ, այնպես էլ փոքր լուսաէլեկտրական կայաններ։ Անհատական տներում և սպասարկման տարբեր օբյեկտներում տեղադրվում են արևային ջրատաքացուցիչ համակարգեր և հատկապես չգազաֆիկացված գյուղական համայնքներում արևային ջրատաքացուցիչ համակարգերի կիրառությունը բավականին մեծ քանակություն են կազմում։ 
Կենսազանգվածի էներգիայի օգտագործման տեսակետից Հայաստանը դեռևս սկզբնական փուլում է, բայց այս ուղղությամբ որոշակի աշխատանք կատարվում է հատկապես միջազգային կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ (UNDP, GEF SGP  և այլն), բայց դրանք դեռևս մեծ ծավալներ չեն կազմում։ 
Կոշտ կենսավառելիքի արտադրության ուղղությամբ ՄԱԶԾ-ի կողմից ֆինանսավորվել են որոշ արտադրություններ՝ Բասեն, Մեծ Պարնի և Ախուրյան բնակավայրերում, որոնք ցույց են տվել, որ պետության կողմից համապատասխան խթանող քաղաքականության ներդրման, կենսաբանական թափոնների կառավարման օրենսդրական դաշտի բարեփոխումների, համայնքներում վարվող գյուղատնտեսական գործունեության կանոնակարգման, հանրության բնապահպանական և կլիմայախնայողական մշակույթի բարելավման դեպքում, այս ուղղությունը կարող է էական ներդրում ունենալ տնային տնտեսությունների ջեռուցման գործընթացում։ 
Կենսագազի արտադրության և կիրառության ուղղությամբ Հայաստանում կան երկու լավ օրինակներ՝ Նուբարաշենի աղբավայրում և Լուսակերտի թռչնաֆաբրիկայում, բայց այս ուղղությունը զարգացնելու համար պետք են ֆինանսական ներդումներ և տնտեսվարողների թափոնների ու կենսագազի կայանքների կառավարման կարողություններ զարգացում։
Հայաստանում կենսազանգվածի էներգիայի օգտագործման մակարդակը բարձրացնելու և կենսագազի կայանքների տեղադրման ու կիրառության մշակույթը տարածելու համար, պետք է ներդնել պետական համապատասխան խթանող մեխանիզմներ՝ ֆինանսական, կլիմայական, հարկային և մաքսային։

- Ի վերջո, կուզեի խոսեիք նաև ոլորտում «Բիոսֆիա» ՀԿ-ի իրականացրած և իրականացվող աշխատանքների մասին։
- «Բիոսֆիա» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2004թ. Գյումրի քաղաքում, ունի ավելի քան 20 անդամ, ինչպես նաև կամավորների և համակիրների լայն շրջանակ։ ՀԿ-ի առաքելությունն է՝ նպաստել հասարակության և բնության միջև ներդաշնակ հարաբերությունների ձևավորմանը և խթանմանը, բնական միջավայրի պաշտպանությանը և կայուն գյուղատնտեսության սկզբունքների ներդրմանը, էկոհամակարգային մոտեցման և կայուն զարգացման սկզբունքների գործնական կիրառման, կարողությունների զարգացման և քաղաքացիական հասարակության խթանման միջոցով։ 
Սկսած 2005թ.-ից «Բիոսֆիա» ՀԿ-ն իրականացրել է բնապահպանական և կայուն գյուղատնտեսության ոլորտների զարգացման ավելի քան 30 ծրագրեր, որոնց զգալի մասը ուղղված են եղել հանրության բնապահպանական կրթությանն ու իրազեկության մակարդակի բարձրացմանը, որոշումների կայացման գործընթացներին հասարակական մասնակցությանն ու բնապահպանական շահերի պաշտպանությունը, գյուղական համայնքերի կարողությունների զարգացմանը, գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների և մեթոդների ներդրմանը, ագրոբիզնեսի ու կայուն գյուղատնտեսության զարգացմանը, վերականգնվող էներգետիկայի տարբեր տեխնոլոգիաների ներդրմանը, էներգախնայողությանն ու ոլորտի նոր տեխնոլոգիաների գործնական կիրառությանը, կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության մեխանիզմների ձևավորմանն ու այդ ուղղությամբ համայնքների կարողությունների զարգացմանը և այլն։
Ներկայումս «Բիոսֆիա» ՀԿ-ն ՄԱԶԾ ԳԷՀ փոքր դրամաշնորհային ծրագրերի ֆինանսական աջակցությամբ պատրաստվում է իրականացնել «Աջակցություն Հայաստանում կանաչ տնտեսության առաջխաղացմանն ու կառուցողական հանրային երկխոսությանը» ծրագիրը։

Հարցազրույցը վարեց «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյանը                                                                                                                                                                                                      

Generalnews.am