«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երկիրդ չկա. Արմեն Ստեփանյան

25/09/2020

Ու՞ր է երկիրդ,
Թագավորների և աշխարհների հզոր տիրակալ,
Տիտանյան Բելին նետահար խոցող Հայկի ժառանգորդ,
Լուկուլոսների,Պոմպեոսների լեգիոնը ջարդող,
Վահագնի բոցով երկիր արարող պայծառ նվիրյալ:
Ու՞ր է երկիրդ,
Ծովից ծով ձգված քո հայրենիքի սահմանները ձիգ,
Քո քաղաքների պարիսպները կուռ և անպարտելի,
Քո պալատների շքեղությունը ձուլված արևից,
Եվ ոստաններիդ երկինք բարձրացող ծուխը բերկրալի:
Ու՞ր է երկիրդ,
Մարտակառքերիդ երկինքը պատռող դղրդոցն ահեղ,
Դյուցազուններիդ սրերից պոկվող բոցը հրեղեն,
Ճերմակ նժույգիդ ճախրանքը ամպոտ, վարգը նրբագեղ,
Եվ սարսափազդու այրուձին հայոց ու փառքը վսեմ:
Ու՞ր է երկիրդ,
Եդեմի այգին մեր բիբլիական սուրբ հայրենիքի,
Մեր Արածանի գետի արծաթե ջրերը պայծառ,
Սրբազան լեռան պսակը ճերմակ,գագաթը վշտի,
Որ ամեն հայի սիրտն է քրքրում,լալիս ողբահար:
Ու՞ր է երկիրդ,
Բաքոսուհիներ բեմադրող քո թատրոնները հին,
Ուր Կրասոսի գլուխը նետվեց քո որդու առաջ,
Ուր ոչ ոք,ոչինչ չէր հասնի հայոց արքայի փառքին,
Ուր ապրում էր մի ծովից ծով ձգվող Հայաստան աշխարհ:
Ու՞ր է երկիրդ,
Պոնտական ծովից մինչև Կիլիկյան ափերը ժայռոտ,
Փայտակարանից մինչև Միջագետք վեհորեն թիկնած,
Տաք արաբական անապատների սահմանը քերող,
Եվ պարթևական զորքերի ոգին անհույս ջախջախած:

Երկիրդ չկա,
Մի ոտնաչափ է մնացել միայն ու քո փառքը հին,
Մի ոգի անպարտ և հույսի մի շող մշտնջենական,
Ուր անունը քո խառնում ենք բոլոր մայրերի կաթին,
Ու երազում,որ կծնվի մի օր մեր ՏԻԳՐԱՆ արքան...

Արմեն Ստեփանյան