«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Համաշխարհային պարենային անվտանգությունը երբևէ այսչափ վտանգված չի եղել, որքան հիմա․ ՄԱԿ

16/10/2021

Այս տարվա Պարենի համաշխարհային օրը պատմական է։ COVID-19 համավարակը շարունակում է համաշխարհային մարտահրավեր մնալ, պատճառելով անասելի վնասներ ու խնդիրներ։ Կլիմայի փոփոխության ազդեցությունն ամենուր մեր շուրջն է։
Մշակաբույսերի դաշտերը հրո ճարակ են դարձել։ Անձրևները սրբել-տարել են մարդկանց տները։ Հակամարտությունների և այլ հումանիտար ճգնաժամերի արդյունքում մարդկանց կենսապայմանները, նրանց կյանքերը փոթորկալից իրադարձությունների կենտրոնում են հայտնվել։ Տարիներ շարունակ համաշխարհային պարենային անվտանգությունն այսչափ վտանգված չի եղել, որքան հիմա։
Այսուհանդերձ, այս պայմաններում ոգևորիչ խթան և էներգիայի աղբյուր է այն փաստը, որ ջանում ենք վերանայել սննդամթերքի արտադրության, պահպանման, բաշխման և սպառման եղանակները։ Մենք սկսել ենք առերեսվել խնդիրներին և կառուցվածքները մեզ համար առավել նպատակահարմար դարձնել։
Նույնիսկ այն բանից առաջ, երբ COVID-19-ը երևան բերեց գլոբալ պարենային համակարգերի խոցելիությունը, հարյուր միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում արդեն իսկ տառապում էին սովից, և այդ թիվը վերջին տարվա ընթացում հասավ մինչև 811 միլիոնի՝ չնայած նրան, որ աշխարհը բավականաչափ սննդամթերք է արտադրում բոլորիս կերակրելու համար:
Այս մասին հայտնում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունից: ՊԳԿ-ն որպես պարենի և գյուղատնտեսության ոլորտի առաջատար գործակալություն, մշակել է գործիքակազմ, որը, մեր համոզմամբ, կարող է օգնել մեզ ազդելու այս բարդ համակարգային հիմնախնդիրներից շատերի վրա։ Մենք հստակ պատկերացնում ենք, թե ուր ենք գնում, որոնք եզրագծված են հետևյալ նպատակներով. ավելի լավ արտադրություն, ավելի լավ սնուցում, ավելի լավ շրջակա միջավայր և ավելի լավ կյանք։ Եվ մեր աշխատանքն հիմնավորվում է առաջիկա տասը տարիների համար նախատեսված 2022-2031 թթ. նոր ռազմավարական փաստաթղթով, որը սահմանում է չորս «ավելի լավ»-երի իրագործման համար անհրաժեշտ կոնկրետ գործողություններ և միջոցներ, որտեղ ոչ ոք անտեսված չէ։
ՊԳԿ-ի գնահատմամբ՝ մինչև 2030 թվականը սովին վերջ դնելու համար տարեկան 40-ից 50 միլիարդ ԱՄՆ դոլար պետք է ներդրվի նպատակային միջամտությունների համար։ Կան բազմաթիվ ցածրարժեք, սակայն մեծ ազդեցություն ունեցող նախագծեր, որոնք միլիոնավոր մարդկանց կարող են օգնել ավելի արդյունավետորեն բավարարել սննդամթերքի կարիքը:
Օրինակ՝ գյուղատնտեսությունը տեխնոլոգիապես առավել զարգացնելու նպատակով հետազոտության և մշակման ոլորտում կատարվող նպատակային միջամտությունները, թվային գյուղատնտեսության նորամուծությունները և կանանց շրջանում գրագիտության մակարդակի բարձրացումը կարող են մեծապես նպաստել սովի կրճատմանը։
Մենք պետք է նաև գիտակցենք, որ գիտնականները, բյուրոկրատները, և անգամ սննդամթերք արտադրողներն ու բաշխողները երբեք իրենց ուժերով ի զորու չեն անհրաժեշտ փոփոխությունները կյանքի կոչել: Վերափոխումը կարող է և պետք է սկզբնավորվի շարքային սպառողների պրագմատիկ և կոնկրետ գործողություններով և մեր կատարած ընտրություններով: Այն որոշումները, որոնք մենք ամեն օր կայացնում ենք մեր ամենօրյա սննդամթերքի, դրանց ձեռքբերման, փաթեթավորման, դեն նետվող սննդի քանակի վերաբերյալ, այս բոլորն ազդում են մեր ագրոպարենային համակարգերի և այս մոլորակի ապագայի վրա: Մենք բոլորս պարեն արտադրող հերոս դառնալու ներուժ ունենք:
Մեր գործողությունները մեր ապագան են։ Մեր ագրոպարենային համակարգերի վերափոխման գործընթացը և գլոբալ սովի, առողջ սննդակարգի, շրջակա միջավայրի վնասների և թափոնների վրա ազդեցությունը սկսվում է քեզնից և ինձնից: Բայց և միայն մեզանով չի այն ավարտվում։  Հին ասացվածքն ասում է. «Մենք այն ենք, ինչ ուտում ենք»: Նմանապես ճիշտ է, որ մեր երեխաների ու թոռների զարգացման ձևը մեծապես պայմանավորված է մեր սպառած սննդամթերքով։ Նրանք պետք է զորավիգ լինեն մեր հույսերին։ Եկեք միասին սովորենք, միասին աշխատենք և միասին ներդնենք: