«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ուսուցչից կաշառք ստացած դպրոցի տնօրենը դատավճռով զրկվել է հավաստագրից, չի կարող դասավանդել, պաշտոն զբաղեցնել. Անդրեասյան

08/06/2022

Նախորդ տարի աշնանը մեծ աղմուկ հանեց Երևանի դպրոցներից մեկում ուսուցչից աշխատանքի ընդունվելու համար գումար պահանջելու և այնուհետև պարբերաբար վճարումներ ստանալու հանգամանքները նշող ձայնագրությունը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ ձայնագրության հիման վրա հիմա արդեն նախկին տնօրենը նախարարության կողմից զրկվել է հավաստագրից։

Ըստ փոխնախարարի՝ արդեն կա դատավճիռը, որով նախկին տնօրենը զրկվել է որոշակի պաշտոններ զբաղեցնելու և մանկավարժական գործունեություն ծավալելու իրավունքից։ Միջադեպի մյուս մասնակիցների մասով նույնպես կայացված են համապատասխան վճիռներ։

«Գիտեմ, որ նման դեպքերի մասին ներքին խոսակցություններ լինում են, բայց շատերը խուսափում են բարձրաձայնել։ Կարծում եմ՝ այս դեպքը ցույց է տալիս, որ բարձրաձայնել պետք է, և որ դա կունենա հետևանք։ Որ ամենակարևորն է՝ հուսամ, այս նախադեպը կկանխի համակարգում նման երևույթները։

Կրթությունը չպիտի լինի կեղծիքի տեղ» ,-նշել է Անդրեասյանը:

Հիշեցնենք՝ ըստ հրապարակված տեղեկությունների՝ ուսուցչուհին 1500 դոլար է վճարել տնօրենին աշխատանքի անցնելու համար և ամեն ամիս իր աշխատավարձից մի մաս է հատկացրել տնօրենին դասաժամերն ապահովելու համար։ Խոսքը Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոց-ի տնօրեն Մարինե Մալախյանի մասին է եղել, որին ձայնագրության մեջ ուսուցչուհին նշել է Մարինա Գրիգորևնա:

2021-ի սեպտեմբերի 3-ին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումյանի հրամանով դադարեցվել էր թիվ 122 հիմնական դպրոցի տնօրեն Մարինե Մալախյանի՝ ուսհաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի գործողությունը: Հրամանի համար հիմք են հանդիսացել համացանցում տեղադրված ձայնագրությունը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետի զեկուցագիրը:

Նախնական քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա քրեական գործի շրջանակներում վերջինիս մեղադրանք էր առաջադրվել և վարույթն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Մարինա Մալխասյանը ձերբակալվել, այնուհետ՝ ազատ էր արձակվել, այս որոշման դեմ բողոք էր ներկայացրել  ՀՀ գլխավոր դատախազությունը: