Բաքվում կայանալիք կլիմայական համաժողովը նմանվում է նրան, որ, օրինակ՝ Հիտլերը խաղաղության Նոբելյան մրցանակի արժանանար. «Փաստ»
Ադրբեջանը գործի է դրել իր բոլոր միջազգային լծակները, որպեսզի մեծ ներկայացվածություն ապահովի այդ միջոցառմանը, ինչը վկայելու է Բաքվի մեծացող միջազգային հեղինակության մասին։ Բաքվում կայանալիք կլիմայական համաժողովը նմանվում է նրան, որ, օրինակ՝ Սադամ Հուսեյնին վստահվեր Բաղդադում կազմակերպել օլիմպիական խաղերը, կամ, օրինակ՝ Հիտլերը խաղաղության Նոբելյան մրցանակի արժանանար։ Ճիշտ է, Ադրբեջանի կողմից իրագործված միջազգային հանցագործությունների առաջ հիմա միջազգային հանրությունը աչք է փակում, բայց բացառված չէ, որ կգա ժամանակ, երբ Ալիևի ռեժիմը ստիպված կլինի պատասխան տալ։ Մյուս կողմից էլ՝ ծիծաղելի է կլիմայական համաժողովն անցկացնել մի երկրում, որի տնտեսությունը հիմնված է ածխաջրածնային էներգակիրների արտահանման վրա, որոնք աղտոտում են մթնոլորտը, չհաշված, որ Ադրբեջանում նավթի արտահանումը թանկ է նստում բնության վրա։
Ադրբեջանի անամոթությունն ու սանձարձակությունն այն աստիճանի է հասնում, որ այդ երկրից պահանջում են փակել Հայաստանում գործող հանքարդյունաբերական և մյուս գործարանները՝ պատճառաբանելով, թե դրանք մեծ վնաս են հասցնում իրենց երկրի շրջակա միջավայրին ու աղտոտում են այն։ Իրենք անգամ հայկական գործարաններում մոնիթորինգի անցկացման հնարավորություն են ցանկանում ստանալ։ Ադրբեջանի պահանջներից մեկն էլ, բնականաբար, Մեծամորի ատոմակայանը փակելն է, որն իրենք պայմանավորում են հնարավոր ռադիացիոն աղետով։ Հարցն այն է, թե ինչպե՞ս է հաջողվում Ադրբեջանին անցնել բոլոր սահմանները, սակայն մեղադրել Հայաստանին ու նորանոր պահանջներ ձևակերպել։ Թերևս պատճառներից մեկն այն է, որ Հայաստանը լռում է ու ակտիվ աշխատանք չի տանում ադրբեջանական կեղծիքներն ու հանցանքները ջրի երես հանելու և նրա առաջ կոնկրետ պահանջներ դնելու համար։