Երեքշաբթի, Օգոստոս 03, 2021 Հետադարձ կապ

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բնակարանների վաճառքի գործարքների քանակը նվազել է, բայց գները չեն իջնում. ինչ իրավիճակ է այժմ շուկայում

21/07/2021

Այս պահին ոչինչ չի կատարվում, գները ոնց կային, այնպես մնացել են՝ և վարձակալության, և վաճառքի։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց «ԲԻԼԴ ԱՓ» անշարժ գույքի գործակալության տնօրեն Էդգար Խաչատրյանն՝ անդրադառնալով անշարժ գույքի շուկայում տիրող իրավիճակին։

«Ըստ իմ տեղեկությունների՝ վաճառքի գործարքների քանակը նվազել է, բայց գները չեն իջնում։ Վարձակալության գներն էլ չեն իջնում»,- ասում է Խաչատրյանը։

Նա տարակուսում է ստեղծված իրավիճակից, որովհետև երբ վարձակալների և գնորդների քանակը նվազում է՝ գները պետք է էժանանան։

«Բոլոր կանխատեսումներով գները պետք է իջած լինեին, բայց փաստացի չեն իջել։ Թե հետո ինչ կլինի շատ բարդ է հիմա ասել, որովհետև Հայաստանում մեր շուկան անկանխատեսելի է»,- նշում է տնօրենը։

Հարցին՝ արդյոք կորոնավիրուսի դեմ պատվաստման համար Հայաստան ժամանած օտարեկրիացիների մեծ հոսքերով է պայմանավորված շուկայում տիրող իրավիճակը, Խաչատրյանը պատասխանեց. «Այո, դրանով էլ պայմանավորված կլինի, որովհետև հաճախորդների քանակը հիմա շատ է։ Բացի դա՝ արտերկրում բնակվող մեր հայրենակիցները ամռանը 10 կամ 20 օրով գալիս են Հայաստան, այդ գործոնն էլ կա։ Հիմա օրավարձով տների ժամանակաշրջանն է։ Դա էլ կարող է նպաստի, որ գները չիջնեն»։

Խաչատրյանի խոսքով մարզերում ևս բնակարանների գները շատ բարձր են։

«Մարզերում էլ գները չեն նվազում։ Մնացել են բարձր նիշի վրա։ Օրինակ Կոտայքի մարզում՝ Ջրվեժից սկսված, Աբովյան քաղաքը, այնտեղ է ամենաակտիվը, Աշտարակը՝ իր մերձակա գյուղերով, նույնպես գները չեն իջնում։ Հողատարածքների գներն էլ չեն իջնում։ Հենց ամբողջ խնդիրն էլ նրանում է, որ գնորդները շատ չեն, առքուվաճառքի քանակը այն քանակության չէ, որ այսպես մնային գները»,- ասաց Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է բնակարանների գներին՝ ըստ տարածքների, գործակալությունը տնօրենն ասաց, որ Երևանի Կենտրոնում գները շարունակում են ավելի թանկ մնալ, քան ծայրամասերում։

«Բայց այնպես է, որ ծայրամասերում էլ էժան չէ՝ գործարքների քանակից ելնելով։ Պետք է ավելի էժան լիներ։ Այնուամենայնիվ Կենտրոնի ու Արաբկիրի հաճախորդները միշտ էլ շատ են եղել, բայց ծայրամասերում էլ չեն զիջում, և կարծում եմ՝ ներկա պահին հավասարաչափ պահանջված են»,- ասաց Խաչատրյանը։