«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ընտրվելուց հետո Էրդողանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ ավելի խիստ է լինելու. Անդրանիկ Իսպիրյան

29/05/2023

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը

– Պարո՛ն Իսպիրյան, մայիսի 28-ին Թուրքիայում կայացավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, ձեր գնահատմամբ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՞, թե՞ Քեմալ Քըլըչդարօղլուի հաղթանակի շանսերն են մեծ։

– Նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներն արդեն ինչ-որ չափով կանխորոշեցին երկրորդ փուլի ելքը, մենք տեսանք, որ 5 տոկոս տարբերություն էր Էրդողանի ու ընդդիմադիր Քըլըչդարօղլուի քվեների միջև, ու նաև տեսանք, որ երրորդ թեկնածուն գրեթե 5 տոկոս քվե ստացավ, որն էլ հայտարարեց, որ աջակցում է Էրդողանին, այսինքն՝ 5 տոկոս աջակցություն հայտնեցին Էրդողանին: Ենթադրենք, որ այդ 5 տոկոս ընտրազանգվածից 2 տոկոսը կընտրի Էրդողանին, այնուամենայնիվ, առավելությունը նրանն է։ Երկրորդ՝ թեկուզ եթե ձայները բաշխվեն 50-50, միևնույն է՝ իշխանությունը կհաղթի, որովհետև մենք տեսանք վարչական ռեսուրսի լրջագույն կիրառում՝ լցոնումներ, բաց քվեարկություն, մարդկանց ընտրատեղամասեր տանել, այսինքն՝ դասական ընտրակեղծիք։

– Երկրորդ փուլի նախընտրական շրջանն ինչպե՞ս անցավ Թուրքիայում։ 

– Կարելի է հանգիստ նախընտրական քարոզարշավ անվանել։ Էրդողանը հնարավորություն ունեցավ, ինչպես ասում են՝ շունչ քաշել, քանի որ այդ 5 տոկոս տարբերությունն իր համար արդեն հաղթանակ էր երկրորդ փուլի համար։ Էրդողանը շատ լավ գիտեր, որ առաջին փուլով չէր անցնելու, որքան էլ իշխանական թևը հակառակն էր ասում։ Երկրորդ փուլն ավելի է լեգիտիմացնելու Էրդողանի հաղթանակը։ 

Սովորական քարոզարշավ տեղի ունեցավ, ուղղակի՝ մեկը մյուսի վրա ցեխ շպրտելու մեթոդներով։ Էրդողանը, ինչպես միշտ, իր ռեպերտուարի մեջ էր, ընդդիմությանը մեղադրում էր ահաբեկիչների հետ համագործակցելու, Ադրբեջանին անտեսելու համար, այսինքն՝ փորձում էին խաղալ թուրքերի ազգայնական զգացմունքների վրա, ու քանի որ Թուրքիայում միշտ խնդիր է եղել ահաբեկչությունը, նկատի ունեմ՝ քրդական շարժումը, փորձում էր Քըլըչդարօղլուին կապել քրդերի հետ։

 – Պարո՛ն Իսպիրյան, իսկ Թուրքիայի հանրությունը ո՞ր թեկնածուին է իսկապես ցանկանում տեսնել իրեն առաջնորդ։

– Միանշանակ ասել դժվար է, որովհետև, ինչպես տեսանք, հասարակությունը երկու մասի էր բաժանվել, ու իրապես մի մասը Էրդողանի, մյուսը՝ ընդդիմության։ Բայց եթե չլիներ ռուս-ուկրաինական հակամարտությունը, Էրդողանի ընտրվելու շանսերը շատ ավելի փոքր կլինեին։ 

Ռուս-ուկրաինական հակամարտությունը փրկօղակ դարձավ Էրդողանի համար, որովհետև Էրդողանն այդ հակամարտության ֆոնին Թուրքիան կարողացավ դարձնել գործոն։ Արևմուտքն ու Ռուսաստանը միմյանց հետ «շփվում» են Թուրքիայի միջոցով, Թուրքիան Ռուսաստանի համար փրկօղակ դարձավ․ ռուսական ամբողջ կապիտալի մի մասը տեղափոխվեց Թուրքիա, այսինքն՝ այդ գումարները նպաստեցին, որ Թուրքիայում մարդիկ մի փոքր լավ ապրեն, ինչպես եղավ մեզ մոտ՝ բնակարանների վարձերը բարձրացան, գնողունակությունը բարձրացավ, տնտեսության մեջ ակտիվություն նկատվեց: Թուրքիայում այս ամենը ավելի մեծ ծավալով եղավ, որովհետև այնտեղ գնացողների թիվն անհամեմատ մեծ էր։ 

Հաջորդը, որը շատ կարևոր է, Թուրքիան դարձավ սև շուկա՝ տրանզիտ, այսինքն՝ ռուսական արտադրանքը, որը պետք է Արևմուտքին, Թուրքիայի միջոցով էր գնում Արևմուտք ու հակառակը։ Այսինքն՝ և՛ տնտեսական, և՛ քաղաքական առումով Էրդողանը կարողացավ տարածաշրջանում Թուրքիան դարձնել գործոն։ Իսկ մինչ այդ հակամարտությունը Թուրքիայի տնտեսությունը շատ վատ վիճակում էր․ լիրայի արժեզրկում, հացի հերթեր, դրա համար եմ ասում, որ այս հակամարտությունը փրկօղակ էր Էրդողանի համար։ 

Չմոռանանք նաև Արցախի գործոնը, որ Ադրբեջանի հաղթանակը Էրդողանը իրավացիորեն իրենով է անում՝ ասելով, որ իր օգնությամբ կարողացան հաղթել, ու սրանով իր շանսերն ավելի է մեծացնում հաղթանակի համար, իսկ թուրքերը սիրում են հաղթանակներ, նրանք ռազմատենչ քաղաքականության կողմնակից են։ 

– Ձեր գնահատմամբ՝ հաղթելու է Էրդողանը, հետաքրքիր է, հաղթանակից հետո Էրդողանը շարունակելո՞ւ է նույն քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, թե՞ ավելի է խստացնելու դիրքորոշումը։

– Բնականաբար ավելի խիստ է լինելու, եթե այս ընթացքում փորձում էր հավասարակշռված քաղաքականություն վարել, որպեսզի Արևմուտքի մոտ իր հանդեպ ավելորդ լարվածություն չառաջացներ, առանց այդ էլ դա կա, հիմա, երբ ընտրվի, նրա ձեռքերի կապանքներն այսպես ասած արձակվելու են ու անելու է այնպես, ինչպես իրեն հարմար կլինի՝ բնականաբար Ադրբեջանն օգտագործելով Հայաստանի դեմ։

– Իսկ Թուրքիայի նորընտիր խորհրդարանի մասին ի՞նչ կարող եք ասել։

– Խորհրդարանի պատկերը տխուր է․ խորհրդարանում հայտնվել են ազգայնական, թյուրք-ազգայնական ու հետադիմական ուժեր։ Թուրքիայի ներկայիս խորհրդարանը տարբերվում է նախկին խորհրդարաններից՝ առնվազն այս վերջին 20 տարվա խորհրդարաններից, նման վատ որակի խորհրդարան Թուրքիայում չի եղել։ Այն կարգի հետադիմական ուժեր են խորհրդարանում, որ նույնիսկ կին պատգամավորի թեկնածու չեն առաջադրել՝ ասելով, որ խորհրդարանը կնոջ տեղ չէ, և այսքան թվով ազգայնական, այսինքն՝ «Գորշ գայլերի», իսլամիստների քաղաքական թևի անդամներ են մտել խորհրդարան։ 

Ազգային փոքրամասնությունների մասով էլ թերություն կա․ քրդերը չառաջադրեցին հայ թեկնածու, Կարո Փայլանն էլ արդեն, ըստ իրենց կուսակցության օրենքի, չէր կարող առաջադրվել, քանի որ երկու շրջան ընտրվել էր, այլ հայ թեկնածու չառաջադրվեց, մեկ հայ թեկնածու անցավ Էրդողանի կուսակցությունից, որը մասնագիտությամբ բժիշկ է։