«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

5 կիլոգրամ ծնված Շաղիկը պայթեց օրորոցի մեջ․ «Գազան» մականունով Նունեն թուրքի հանդեպ վրեժ ունի

07/02/2023

Նունե Համբարձումյանը ծնվել է Լեռնային Արցախի Մարտունի քաղաքում։ Ազատամարտիկների շրջանում՝ «Գազանիկ» անունով հայտնի այս կնոջ ներսում մեծ ցավ կա։ Քարացած ապրումները երբեմն կիսում է մտերիմների հետ։
Արցախյան պատերազմում կորցրել է ամենաթանկերին՝ ամուսնուն, երեխային։ Պայքարել է բոլորի փոխարեն։ Կորցրել է առողջությունը։ Սիրտը ստենդավորված է, բայց էլի ցավեցնում է, հոգին Արցախում է՝ միակ դստեր ու թոռների հետ։

1992 թվականի ապրիլի 16-ին ռմբակոծության ժամանակ տեսել է, թե ինչպես է զոհվում Շաղիկ դուստրը, ով մի քանի ամսական էր։ «Տանն էի ու տեսա, ոնց երեխես պայթեց օրորոցի մեջ։ Ոչ մի օր չեմ ապրում լիարժեք։ Այդ տեսարանը աչքիս առաջ է»,- պատմում է։
Նունեն զենք է վերցրել և կամավորագրվել պայքարին։ Մինչև օրս կարոտում է ամուսնուն, եղբորը, Շաղիկին։ «5 կիլոգրամից ծանր էր ծնվել իմ աղջիկը։ Երազումս տեսնում եմ նրան, ում այդպես էլ չմեծացրի»,- Oragir.News-ի հետ զրույցում կիսվեց զգացածով։
Թուրքը իր թշնամին է, չի ներում։ Նունեն փխրուն կին է, ում կյանքը իրոք վերածեց օջախը պահող գազանի։ «Թոռներս շրջափակման մեջ են, ծանր եմ տանում։ Հացը կոկորդովս չի գնում։ Իմ Արցախը շրջափակված է։ Ես հիվանդ տեղից էլ կգնամ սահման։ Ես վրեժ ունեմ»,- ասում է Նունեն։
Նունեն վստահեցնում է՝ Արցախը հայինն է ու հայկական։ Կոչ ունի՝ «Էս ցավը բոլորինս է, էս վիճակից միասնական պետք է դուրս գանք։ Արցախը մի լքեք, երեխաներին մենակ չթողեք թշնամու առաջ»։
Լուսին Ղազարյան 


Нет описания.