«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արտերկրի մեդիան շփոթում է հայ-ադրբեջանական բախումների վայրը. Fip.am

14/09/2022

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի՝ Հայաստանի սահմանների վրա սկսած հարձակումից հետո միջազգային մի շարք հեղինակավոր լրատվականներ սկսեցին լուսաբանել բախումները, սակայն` ներկայացնելով դա որպես բախում «Լեռնային Ղարաբաղում» կամ «Լեռնային Ղարաբաղի սահմանին»։Այս մասին տեղեկացնում է Fip.am-ը:

Այսպես, The New York Times-ը բախումների մասին իր նյութի վերնագրում գրել էր՝ «Բախումներ են սկսվել Լեռնային Ղարաբաղում՝ հերթական պատերազմի մտավախություն առաջացնելով»։ Չնայած կայքը որոշ ժամանակ անց խմբագրեց նյութը՝ սոցիալական ցանցերում այն դեռ շարունակում է մնալ նույն վերնագրով։ Սխալ վերնագրով նյութը շարունակում է արտատպված մնալ նաև մի շարք անգլիալեզու լրատվականներում։

Նույն սխալը կրկնել են նաև գերմանական Deutsche Welle-ն և ամերիկյան Washington Post-ը։ Այս լրատվականները գրել են, թե բախումները տեղի են ունեցել «Լեռնային Ղարաբաղի սահմանի մոտ»։ Չնայած այս դեպքում լրատվականները նկատի չեն ունեցել անմիջական Լեռնային Ղարաբաղի տարածքը՝ որպես բախումների վայր, ընտրված նկարագրությունը տպավորություն է ստեղծում, թե բախումների և ադրբեջանական հարձակման թիրախում Լեռնային Ղարաբաղն է եղել։

Լեռնային Ղարաբաղը հայ-ադրբեջանական վերջին բախումների հետ «խառնել են» նաև սոցիալական ցանցերի շատ օգտատերեր և, անգամ, պաշտոնյաներ։

Կալիֆոռնիացի կոնգրեսական Ջուդի Չուն իր թվիթերյան միկրոբլոգում դատապարտել է Ադրբեջանին՝ «Հայաստանի հարավում և Լեռնային Ղարաբաղում» հասցված հրետանային հարվածների համար։

Բախումները հայ-ադրբեջանական սահմանին են և Հայաստանի տարածքում

Ըստ սեպտեմբերի 12-ի կեսգիշերից ստացվող պաշտոնական լուրերի և անկախ լրատվամիջոցների կողմից հրապարակվող վիզուալ ապացույցների՝ բախումները տեղի են ունենում հայ-ադրբեջանական պետական սահմանին, իսկ Ադրբեջանը թիրախավորում է սահմանին մոտ գտնվող հայկական բնակավայրերը։ 

Բախումների աշխարհագրությունն ընդգրկում է Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրից (սահմանակից է Քարվաճառի (Քելբաջարի) շրջանին) մինչև Քաշաթաղի (Լաչին) շրջանին հարակից բնակավայրերը, ինչպես նաև վայոց ձորի մարզը՝ Ջերմուկ քաղաքով։ 

Ադրբեջանը հայկական դիրքերը թիրախավորել է նաև Գեղարքունիքի Արտանիշի ուղղությամբ, որը սահմանակից է Ադրբեջանի Գեդեբեյի շրջանին և որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի կամ դրա շրջակա տարածքների հետ։