«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«ԵՄ-ն շարունակելու է ակտիվորեն աջակցել Լուկաշենկոյի կառավարության մեկուսացման գործընթացին»․ Բորել

21/10/2020

Tert.am-ը փոխանցում է.

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Եվրախորհրդարանի պատգամավորների առջև ունեցած ելույթում հավաստիացրել է, որ ԵՄ-ն շարունակելու է ակտիվորեն աջակցել բելառուսական ընդդիմությանը և երկրի իշխանությունների մեկուսացման գործընթացին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ 

«Կարող եք վստահ լինել, որ ամեն կերպ շարունակելու ենք ֆինանսական և քաղաքական աջակցություն ցուցաբերել բելառուս ժողովրդին, քաղաքացիական հանրությանը և անկախ լրատվամիջոցներին։ Դա անելու ենք միջազգային համագործակցության և համակարգման միջոցով՝ փորձելով աջակցել ԶԼՄ-ներին և մեկուսացնել Լուկաշենկոյի կառավարությունը»,-նշել է Բորելը։

Ավելի վաղ նա նաև հայտնել էր, որ Բելառուսի (այդ թվում և Լուկաշենկոյի) նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթի մշակման աշխատանքներն առավել արագ կկազմակերպվեն․ այս առնչությամբ ԵՄ անդամ պետություններից որևէ մեկը առարկություն չի հայտնել:

Հիշեցնենք, որ ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները Լյուքսեմբուրգում հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ սկսել են Բելառուսի և հնարավոր է՝ նաև Լուկաշենկոյի նկատմամբ նոր պատժամիջոցների փաթեթի մշակման աշխատանքները։

Ավելի վաղ Բորելը պարզաբանել էր, որ ԵՄ-ում կարծում են, որ Լուկաշենկոն պատրաստ չէ ընդդիմության հետ ներքին երկխոսության գնալ։ Նա հավելել է, որ հույս ունի, որ Բելառուսի ղեկավարի նկատմամբ այս պատժամիջոցներն առավել արագ կներդրվեն, քան նախորդ պատժամիջոցների ցանկը, որի շուրջ համաձայնության գալու համար մեկուկես ամիս է պահանջվել։