«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Ոսկե մեդալը զոհված ընկերոջ հիշատակին նվիրած իրանցի մարզիկն այցելել է Եռաբլուր

23/02/2021

Մինչև Արցախյան 44-օրյա պատերազմն Ահմադ Բաղերիփուրն Իրանից Հայաստան էր գալիս մրցաշարերի մասնակցելու և վերադառնում էր իր երկիր մեդալներով ու ծաղիկներով, այժմ ծաղիկները ձեռքին եկել է Հայաստան ոչ թե մրցումների, այլ հենց այդ մրցումների ընթացքում ձեռք բերած ընկերոջն այցի, բայց արդեն Եռաբլուր:
Բաղերիփուրն այն կարատեիստն է, որն Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպանության միջոցով Կյոկուշին կարատեի 2017 թվականի Հայաստանի 12-րդ բաց առաջնության ոսկե մեդալն էր նվեր ուղարկել նահատակ ընկերոջ՝ Արթուր Սուքիասյանի ընտանիքին: Եռաբլուրում արցունքները հազիվ է զսպում, ասում է, որ այդ քայլն ամենափոքրն է, որ կարող էր անել ի հիշատակ իր ընկերոջ:
Ահմեդ Բաղերիփուր - Երբ լսեցի, որ Հայաստանում պատերազմ է, մտածում էի՝ ինչով օգնեմ: Հենց այդ ժամանակ իմացա իմ ընկերոջ նահատակվելու լուրը: Արթուրի հետ մրցումների ժամանակ էինք ծանոթացել և ընկերացել: Այս քայլն ամենաքիչն է, որ ես կարող էի անել իմ ընկերջ հիշատակը վառ պահելու համար:
Երբ լրատվամիջոցներով տարածվել էր Ահմեդի՝ մեդալը Արթուրի ընտանիքին նվիրելու լուրը, մարզիկին սկսել են սպառնալ և մեղադրել հավատքը դավաճանելու մեջ:

Ահմեդ Բաղերիփուր - Տարբեր զանգեր էի ստանում, ինձ անպատվում էին, ասում էին, որ ես մուսուլմանական կրոնին եմ դավաճանել, բայց այդ զանգերի հեղինակներն իրանցիներ չէին, բնավ, իրանցիներն ինձ նման կիսում են ձեր ցավը, զանգերի հեղինակները թուրքեր էին:
Ոչ զանգերից, ոչ էլ արձագանքներից չի վախեցել, ընդհակառակը, անձամբ եկել է Երևան՝ խնկարկելու ընկերոջ շիրիմին և Արթուրի ընտանիքին հանդիպելու: Կյոկուշին կարատեի Հայստանի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը ֆեդերացիայի անունից ոսկե մեդալ նվիրեց Ահմբեդին, որպեսզի մարզիկի մեդալային հավաքածուում բաց տեղ չմնա:
Ահմեդը ժպիտով է հիշում Արթուրին, ասում է՝ նա այնքան կրթված էր ու գրագետ, որ չգիտեինք, թե հետն ինչից խոսեինք: Արթուրը սովորում էր ԵՊՀ-ի միանգամից երկու ֆակուլտետում՝ բանասիրական և հանրային կառավարում: Առաջատարի բացառիկ հատկություններով օժտված Արթուրը մայրենի լեզվի նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք ուներ:
Արթուրը տան միակ տղան էր՝ խիզախ, կենսուրախ, հայրենասեր: Նրա հերոսները Մոնթեն ու Նժդեհն էին: Հայրենիքն ու մայրենին՝ ամեն ինչից վեր:
1Lurer.am