«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մշակութային մարդաբանության առանձնահատկությունները. պ․գ․թ․ Աղասի Թադևոսյան

26/09/2022

Generalnews.am-ի հյուրն է մշակութային մարդաբան, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ԵՊՀ մշակութաբանության հնագիտության և ազգագրության ամբիոնի դասախոս, պ․գ․թ․ Աղասի Թադևոսյանը։

- Մարդու մասին գիտությունների ոլորտում չափազանց ընդգրկուն տեղ ունի մշակութային մարդաբանությունը։ Դարերի ընթացքում մարդկության կողմից ստեղծված մշակույթի ձևավորման ու զարգացման գործընթացները, մարդու մշակութային զարգացման առանձնահատկությունները, օրինաչափություններն ու խնդիրները լուսաբանվում են հենց այդ գիտության շրջանակներում, որի մասին էլ այսօր խոսելու ենք պարոն Թադևոսյանի հետ։ Կխնդրեի նախ անդրադառնայիք մարդաբանության մեջ մշակութային մարդաբանության առանձնահատկություններին․ (ի՞նչ է ուսումնասիրում, ի՞նչ կիրառական արդյունքներ է տալիս և այլն): 
- Առաջին հերթին կուզեի ասել, որ մշակութային մարդաբանոթյունն արևմտյան գիտական հանրույթում ընդունված եզր է, որը համապատասխանում է ազգագրություն, ազգաբանություն կամ սոցիալական մարդաբանություն գիտակարգին։ Խնդիրն այն է, որ օրինակ ԱՄՆ-ում նույն գիտությունը կոչվում է մշակութային մարդաբանություն, իսկ բրիտանական գիտական ավանդույթները կրող շրջանակներում այն հայտնի է սոցիալական մարդաբանություն եզրով։ Ազգաբանություն և ազգագրություն եզրերը կիրառվել են եվրոպական միջավայրում, իսկ ինչ վերաբերում է բուն «մշակութային մարդաբանություն» տերմինին, ապա այն սկսել է կիրառվել և ստվերել մյուս եզրույթները երկրորդ աշխարհամարտից հետո՝ 1950-60-ական թթ․։ Դա արժեքային վերափոխումների շրջան էր հետպատերազմյան Եվրոպայի համար, երբ կարևորվեց մարդու արժեքը, որը պայմանավորված էր ֆաշիզմի գաղափարախոսության և պատերազմի հետևանքով կրած մարդկային մեծ կորուստներով։ Մարդիկ սկսեցին կարևորել մշակութային առանձնահատկությունները, փորձեցին հասկանալ իրերի դրությունը ոչ միայն ազգերի պատմության, այլ տվյալ մշակույթը կրող մարդկանց միջոցով։ Այս կերպ մշակույթի ուսումնասիրության գլխավոր կրող սուբյեկտը դարձավ մարդը։ 
Մշակութային մարդաբանությունն ուսումնասիրում է մշակույթը ոչ այնքան զանգվածային ընկալմամբ, այլ մշակույթը լայն առումով․ այսինքն մարդկային գործունեության այն բոլոր ձևերն ու դրանց արդյունքները, որոնք տարբերվում են բնական երևույթներից։ Այս գիտության առանձնահատկությունն այն է, որ հենց ուսումնասիրում է ազգային, կրոնական, էթնիկ, ռասսայական և այլ գործոնների առանձնահատկությունները՝ մշակույթի ամբողջական համատեքստում, որի ընթացքում միաժամանակ գտնում է այնպիսի ֆենոմեններ, որոնք ձևավորում են օրինաչափություններ և համամարդկային համընդհանրություններ։
Խոսելով մշակութային մարդաբանության կիրառական արդյունքի մասին՝ նշենք, որ այս գիտությունը եվրոպական մարդուն տարբեր մշակույթների հետ բավական տեղեկացված և համարժեք շփումների լայն ասպարեզ է տվել։ Եթե օրինակ դու չես ճանաչում ուրիշի մշակույթը, դու կարող ես վնասել թե՛ տվյալ մշակույթը, թե՛ այն կրող հանրույթների և մարդկանց հետ փոխհարաբերությունները․ ստացվում է մշակութային մարդաբանություն ունի և՛ ճանաչողական, և՛ կիրառական նշանակություն։

- Պարոն  Թադևոսյան, խնդրում եմ ներկայացնեք մշակութային մարդաբանության տեսական-հայեցակարգային մոտեցումները։
-    Ասեմ, որ մշակութային մարդաբանությունն իր պատմության ընթացքում անընդհատ զարգացում է ապրել, ուստի կանգնած չի եղել միևնույն տեսական հիմքի վրա։ Սկզբնական շրջանում կարևորվել է էվոլյուցիոնիզմը և դիֆուզիոնիզմը։ Գիտության պատմության մեջ այս երկու տեսություններ էլ  իրենց դարն ապրած են։ 1960-70-ական թթ․ մեծ տարածում էր ստացել ստրուկտուրալիզմը, որի հենասյուներից մեկը եղել է Կլոդ Լեվի-Ստրոսը։ Հայտնի է եղել ամերիկյան էթնոհոգեբանական դպրոցը, երբ ամերիկյան պետությունը հետպատերազմյան շրջանում փորձում էր ամերիկացի գիտնականների միջոցով ճանաչել այլ ժողովուրդներին, որպեսզի այդ ժողովուրդների հետ քաղաքական հարաբերություններն ավելի սահուն կարողանար կառուցել։ Վերջին շրջանի տեսական մոտեցումներից հայտնի է Չիկագոյի դպրոցի  ներկայացուցիչ Քլիֆատ Կիրտցի ինտերպրետատիվ, այսինքն մեկնողական մարդաբանությունը, որը մշակույթը դիտարկում է որպես իմաստների և սիմվոլների մի հսկայական սարդոստայն, որի մեջտեղում նստած է մարդը։ Ստացվում է, որ մարդն առավել մեծ տեղ է տալիս մշակույթին, իմաստաբանության ուսումնասիրությանը, իսկ դա թույլ է տալիս հասկանալ, թե  այս կամ այն մշակույթին պատկանող մարդը ինչպես է տեսնում և կառուցում աշխարհն իր կրած մշակույթի համատեքստում։ Վերջին տեսական մոտեցումներից մեկն էլ դարձավ կոնստրուկտիվիզմը, որը մշակույթը դիտարկում է որպես մտային կոնստրուկտ։ Ըստ այդ մոտեցման՝ մի կողմից մարդն իր մտքում է կառուցում աշխարհն ու երևույթները, մյուս կողմից էլ հենց ինքը ձևավորում է մշակույթը և վերափոխում է այն։ Առավել արմատական տեսություններից էր պոստստրուկտուրալիզմը, որը հենված է կազմաքանդման սկզբունքի վրա։ Այս տեսությունն ավելի նիհիլիստական է, քանի որ ընդունում է, որ չկան ճշմարտություններ, դրանք շատ փոփոխական են։ Կոնկրետ մշակութային մարդաբանության մեջ այս վերջին մոտեցումը լայնորեն չի տարածվել, այլ ավելի շատ իր տեղը գտավ սոցիալական փիլիսոփայության մեջ։
Տեսական-հայեցակարգային մոտեցումների մասին խոսելիս նշեմ, որ մշակութային մարդաբանություն ունի 5 այդպիսի հիմքեր՝ ռելյատիվիզմ, էմպիրիզմ, ադապտացիոնիզմը, համեմատականությունը և ամբողջականացնող հատկանիշները։ Նշեմ, որ մշակութային մարդաբանությունը բացառապես էմպիրիկ է, քանի որ հենվում է դաշտային հետազոտությունների վրա։ Ռելյատիվիստական հատկանիշը ևս կարևոր է․ ամեն մշակույթ ունի առարկաների, երևույթների իմաստաբանական յուրահատուկ ընկալում, ուստի ինչ-որ մի մշակույթ ուսումնասիրելիս պետք է մուտք գործենք դրա տրամաբանության մեջ, հակառակ դեպքում սխալվելու հավանականությունը կլինի շատ մեծ։ Ադապտացիոնիզմը ևս տարածված է, օրինակ շատերս մշակութային ֆենոմեններ ձևավորում ենք՝ հարմարվելով տվյալ բնաէկոլոգիական, սոցիալական միջավայրին։ Համեմատականության հատկանիշն այն է, որ մշակութային մարդաբանը պետք է կարևորի մարդկային մշակույթների տարաձևությունները, այսինքն կարևորվում է էթնոցենտրիզմը։ 
Մշակութային մարդաբանության մեջ էական է նաև նրա ընդհանրացնող հատկանիշը։

- Յուրաքանչյուր հասարակությանը բնորոշ է ուրույն պատմական զարգացում: Հասարակությունների մեջ առկա ընդհանրությունների և տարբերությունների առաջացման պատճառները կարելի՞ է արդյոք տեղավորել պատմական պարտիկուլարիզմի շրջանակներում։ 
- Պետք է նշեմ, որ պատմական պարտիկուլարիզմին պետք չէ շատ մեծ կարևորություն տալ, քանի որ մշակութային մարդաբանության մեջ մեթոդաբանական այդ փուլը վաղուց է անցել։ Դա բնորոշ է եղել ամերիկյան մշակութային մարդաբան Ֆրանս Պուասի ժամանակներին, որոնք մնացել են անցյալում և պատմականացված են, արխիվացված։ Սակայն հասկանալով հարցի կարևորությունը՝ նշեմ, որ պատմական պարտիկուլարիզմը էվոլյուցիոնիզմի համատեքստում գործող տեսություն է և մշակութային մարդաբանության մեջ այն ունի միագիծ և բազմագիծ էվոլյուցիոնիզմի որակում։ Առաջինի դեպքում իմաստն այն է, որ աշխարհի բոլոր ժողովուրդներն ապրում են էվոլյուցիա և բոլորի ճանապարհն անցնում է նույնաբնույթ, սակայն սա գաղութատիրական տարր է պարունակում, քանի որ հիմքում ընկած է վեստերնիզացիայի (արևմտացման) գաղափարը։ Ավելացնեմ, որ օրինակ մոդեռնիզացիան ժխտում էր վեստերնիզացիան, քանի որ առաջինի հիմքում բոլոր ժողովուրդների արդիականացման գաղափարն էր ընկած, ընդ որում պարտադիր չէր, որ այդ բոլոր ժողովուրդներն ունենային զարգացման արևմտյան ուղի։ Այնուամենայնիվ, ընդհանրությունների և տարբերությունների առաջացման հիմքում ընկած է պոստստրուկտուրալիզմը։

- Պարոն Թադևոսյան, որպես ուսումնասիրող, հետազոտող՝ ի՞նչ կասեիք, ինչպիսի՞ պատկեր է հայ հասարակության մոտ մշակութային մարդաբանության տեսանկյունից, ի՞նչ գծեր, առանձնահատկություններ կնշեիք, որ բնորոշ են հենց մեր հասարակությանը։
- Հայ հասարակության մասին հարցը լայն է, փորձեմ մի քանի նկատառումներ նշեմ։ Հայ հասարակությունը էթնիկ իմաստով համարվում է մոնոէթնիկ, սակայն նույնիսկ այդ դեպքում հասարակությունը բազմազան է, թե՛ տարիքային տարբերությունների, թե՛ քաղաքային կամ գյուղական բնակավայրերին պատկանելիության և այլն։ Ներկայումս հայ հասարակությունը արդիականության և ինքնության նորովի ձևակերպման, վերաիմաստավորման գործընթացում է՝ սկսած ԽՍՀՄ փլուզման ժամանակներից։ ԽՍՀՄ փլուզման և անկախության առաջին տարիներին ինքնության վերաիմաստավորման սկզբնական փուլում մեր հասարակությունն ավելի շատ էր հետ նայում դեպի անցյալ՝ դեպի հեթանոսություն, ապա դեպի քրիստոնեություն։ Արդեն 2010-ական թթ․  նկատվեց մոդեռնիզացիոն հզոր ալիք, որի արդյունքում ես նկատում եմ, որ մեր երիտասարդությունն ինքնության վերաիմաստավորման ճանապարհին փորձում է ներկայանալ որպես զարգացող ազգ։ Սա հետաքրքիր և, ըստ իս, առողջ գործընթաց է, քանի որ պահպանելով ազգային առաձնահատկությունները՝ այսօր մեր հասարակությունը գնում է զարգացող աշխարհի հետքերով։

Հարցազրույցը վարեց «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյանը                                                                                                                                                                                                      

Generalnews.am