«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Իշխանության վարած սխալ քաղաքականության հետևանքով էլ այս քաոսային վիճակում ենք, երբ շունը տիրոջը չի ճանաչում». Հայկ Սահակյան

12/11/2021

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Հայկ Սահակյանը

 Պարո՛ն Սահակյան, Գորիս-Կապան ճանապարհն այս պահին անանցանելի է, այսօրվանից այնտեղ ադրբեջանական անցակետ է լինելու: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակն ու կարծում եք` հնարավո՞ր էր խուսափել այս իրականությունից:

– Իհարկե հնարավոր էր, եթե մենք քաղաքականություն վարել իմանայինք, բայց այն անպտուղ քաղաքականությունը, որը մինչ այժմ վարվում է, երբ ակնհայտ խնդիրները կային, կոնֆլիկտը կար, բայց դրանք չտեսնելու էին տալիս, ու որևէ քայլ չէր արվում դրանք լուծել ի շահ Հայաստանի, բնականաբար, նման բան էր լինելու:

Հակառակ կողմն անընդհատ ջանքեր է գործադրում իր նպատակներին հասնելու համար ու վարում է հետևողական քաղաքականություն, հետևանքները տեսնում ենք, իսկ սրանք դեռ թիթեռնիկներն են:

 Նիկոլ Փաշինյանը գործադիրի նիստի ժամանակ ասաց, որ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական անցակետ չլինելու այլընտրանքը միջանցքի տրամաբանությունն էր, ինչին ինքը դեմ է: Բայց մենք հիշում ենք, որ վարչապետն ու իր քաղաքական թիմը բազմիցս հայտարարել են, թե միջանցքի մասին բանակցություններ չկան ու չեն էլ լինելու: Հակասություններ չե՞ք նկատում այս երկու մտքի մեջ:

– Իհարկե տեսանելի է հակասությունը: Ինչպես ասացիք, վարչապետի խոսքերը մեկը մյուսին չի համընկնում, ու մենք այստեղ գործ ունենք պրիմիտիվ ստախոսության հետ: Առաջին անգամը չէ, երբ վարչապետն ինչ-որ իրողության հետ կապված տարատեսակ մեկնաբանություններ է տալիս ու ամեն անգամ փորձում է ջրից չոր դուրս գալ:

– Պարո՛ն Սահակյան, նորմա՞լ է, որ նման կարևոր իրադարձության մասին հանրությունն իմանում է ընդամենը հաշված ժամեր առաջ ու ինչ-որ հարցազրույցի միջոցով:

– Նորմալ չէ, որովհետև այս թվային դարում այդ ինֆորմացիաները տարբեր միջոցներով մեզ էլ են հասանելի, ու երբ մենք դրա մասին բարձրաձայնում ենք, իսկ պատկան մարմիններն անընդհատ հերքում են, իսկ հետո եղած փաստի վերաբերյալ փորձում են ինչ-որ մեկնաբանություններ անել, արդեն հանրությունը կորցնում է վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ:

Նրանց վարած այդ սխալ քաղաքականության հետևանքով էլ այս քաոսային իրավիճակում ենք, երբ շունը տիրոջը չի ճանաչում:

– Ձեր խոսքի սկզբում ասացիք, որ սրանք դեռ թիթեռնիկներն են, ի՞նչ նկատի ունեք, հետագա ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում:

– Ցավալի է, բայց փաստ, որ Ադրբեջանի, Ռուսաստանի ու Թուրքիայի ղեկավարներն ինչ ասում են, հետևողականորեն քայլեր են ձեռնարկում իրենց այդ ասածներն իրականություն դարձնելու համար, ու իրենք ինչ ասել են, կարծում եմ՝ կամաց-կամաց կսկսեն իրականություն դարձնել:

Օրինակ՝ Իլհամ Ալիևն ասում է, որ Սևանը իրենցն է, Երևանը իրենցն է, Զանգեզուրի միջանցք է ուզում և այլն: Կարծում եմ, որ այս ամենն իրականություն կդառնա, որովհետև մենք անողնաշար քաղաքականություն ենք վարում, այլ կերպ ասած՝ մենք քաղաքականություն չենք վարում, Հայաստանը՝ որպես կողմ, որպես սուբյեկտ, ոչինչ չի անում, եթե անում է՝ դրանք անօգուտ են ու արդյունավետ չեն:

– Ընդդիմության գործառույթն այս իրավիճակում ո՞րն է, նկատի ունեմ և՛ խորհրդարանական, և՛ արտախորհրդարանական ընդդիմությանը:

– Խորհրդարանական ընդդիմությունը հինգերորդ շարասյան վառ դրսևորումն է, այսինքն՝ նրանք ծառայում են այլ պետությունների շահերը սպասարկելուն, ու ես որևէ կերպ չեմ տեսել, որ նրանց գործողությունների, հայտարարությունների նպատակը լինի ՀՀ քաղաքացիների շահերին ծառայելը, իսկ հակառակն անընդհատ կարելի է հիշել ու օրինակ բերել:

Ինչ վերաբերում է արտախորհրդարանական ուժերին, նրանք դեռևս չեն կարողանում համախմբվել, արդյունավետ գործել, ու մեծ հույսեր էլ չկան, որ կարող են այս պահին ինչ-որ ազդեցություն ունենալ երկրի ներսում ու դրսում տեղի ունեցող քաղաքական գործընթացների վրա:

 Այս պարագայում, երբ ասում եք, թե ընդդիմությունը, ըստ էության, անկարող է, և չեք բացառում, որ Ադրբեջանի ասածները հերթով իրականություն են դառնալու, մյուս կողմից էլ՝ Հայաստանի իշխանության վարած քաղաքականությունը, ինչպես ասում եք՝ անողնաշար է, ի՞նչ սպասել:

– Կարևորը քաղաքական ուժի ունակությունն է: Իշխանությունը բերել-հասցրել է նրան, որ մեր երկրի սահմաններում տեղաշարժվելու համար պետք է գնանք, վճարենք Ադրբեջանին: Էս իրենց դեմքն է, իրենց պատկերը, ու հույս ունենալ, որ իրենք կարող են այլ բան անել, անիմաստ է:

Ժամանակն է, որ քաղաքացիները սկսեն մտածել, վերլուծել տեղի ունեցողն ու սեփական նպատակադրումներն անել՝ ինչ են ուզում: Նախևառաջ մենք պետք է կարողանանք մեր անվտանգությունն ապահովել, այդ հարցերը պետք է բարձրաձայնենք, փորձենք լուծումներ գտնել:

 Պարո՛ն Սահակյան, ձեր կարծիքով՝ իշխանությունն իսկապես չի՞ կարողանում իր առջև ծառացած խնդիրները լուծել ի նպաստ մեր երկրի, թե՞ ցանկություն չունի:

– Չգիտեմ՝ ցանկություն ունեն, թե չէ, բայց փաստ է, որ չեն կարողանում: