Ռազմական բյուջեի շեշտակի ավելացում այլևս անհրաժեշտ չէ, քանի որ նախաստորագրվել է խաղաղության համաձայնագիրը. Ալեքսանյան
2017 թվականին ՀՀ ռազմական բյուջեն եղել է մոտավորապես 400 մլն դրամ, իսկ ահա այս տարիներին մեր կառավարությունը ռազմական բյուջեն դարձրել է 1մլրդ 700մլն դրամ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Այդ ծախսերը հիմնականում ենթադրում են ռազմական ձեռքբերումներ։ Դրանք տեղի են ունենում ըստ պլանի։ 2026 թվականին ձեռքբերման անհրաժեշտությունը նվազում է, որովհետև 2025-ին արդեն կատարվել են անհրաժեշտ գնումները»,-ասաց պատգամավորը։
Ալեքսանյանը նշեց, որ լրացուցիչ պլանավորում, այնուամենայնիվ, իրականացվում է։ «Կարծում եմ՝ շեշտակի աճ այլևս պետք չէ, քանի որ առաջին՝ Հայաստանը և Ադրբեջանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիր, երկրորդ՝ վերջին տարիներին բյուջեի արդեն իսկ շեշտակի աճի տեմպը բավարար է»,-ընդգծեց նա։
Լրագրողների դիտարկմանը, թե արդյոք վերականգնվել է ուժերի բալանսը, Ալեքսանյանը արձագանքեց․ «Ինչո՞ւ պետք է ուղիղ համեմատության մեջ դիտարկենք մեզ Ադրբեջանի հետ։ Մենք պետք է ունենանք մարտունակ բանակ, որը կկարողանա պաշտպանել ՀՀ սուվերեն տարածքը։ Այդ պատճառով էլ մեր կառավարությունը նախկին խղճուկ 400 մլն բյուջեն հասցրել է 1 միլիարդ 700 մլն-ի»։
Լրագրողները Ալեքսանյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք 2020-ին պարտվեցինք, քանի որ քիչ զենք ունեինք, պատգամավորը նշեց. «Ըստ Ձեզ՝ դա բավարար պատճառ չի՞ կամ պատճառներից մեկը չի՞։ Ես ձեզ խնդրում եմ մետաղի ջարդոնը զենք չներկայացնել։ Դուք երբևէ տեսե՞լ եք, որ ԱՄՆ-ն հայտարարի, թե Ուկրաինային մատակարարել է իքս տոննա զենք, ասում են՝ մատակարարեցինք այսքան այս համակարգից, այսքան մյուս համակարգից։ Եղել են, լավագույն դեպքում, 1950-ականների զենքեր։ Ժողովուրդ ջան, խոհանոցային դանակով էլ է հնարավոր լինում կռվել, սակայն կախված է, թե հակառակորդդ ինչով է կռվում»։