«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի ուղերձը հայոց բանակի օրվա առիթով

28/01/2023

Շնորհավորելով հայ ժողովրդին իր բանակի 31-րդ տարեդարձի առիթով, մաղթելով նրան վերակազմավորում և մեր ժողովրդի գիտակցության մեջ նրա հաղթական լինելու գաղափարի վերստին արմատավորում, մեծ զորավարի անունը կրող մեր վերլուծական կենտրոնը գտնում է, որ դրանց հասնելու համար անհրաժեշտ են հետևյալ պարզ ճշմարտությունների ընկալումները վերևից մինչև ներքև.

1. Մոռանալ,թե ովքեր են վերջին պարտությունների բուն մեղավորները, նախկինների և ներկաների տարաբաժանումները: Դրանք հոգնեցուցիչ են դարձել և յուրաքանչյուրն ունի իր մեղքի չափաբաժինը: Ներկա իշխողներն արդեն ունեն հինգ տարվա կենսագրություն, որը լիովին բավարար է նրանց էլ արդեն ոչ նոր կոչելու:

2. Եթե բանակը խարխլված է և թույլ, ապա խաղաղություն չի բերի ընտրված քաղաքականությունը: Եթե կնքվի ինչ որ պայմանագիր, այն կլինի միայն կապիտուլացիոն և երբեք չի բերի ֆիզիկական կամ հոգևոր անդորր:

3. Բանակն ինչքան ուժեղ է, այնքան ինքնիշխան է ժողովուրդը: Հընթացս բանակի թուլացման թուլանում է պետությունը և ծիսական են այն կոչերը դառնում, թե մեր գերխնդիրը մեր ինքնիշխանությունն է: Ինքնիշխան է ուժեղ, գեթ ինքնապաշտպանության ընդունակ պետությունը: Առանց բանակի ի՞նչ ինքնիշխանություն:

3. Այլ պետության զինուժի քո երկիրը բերելով չես կարող լինել ինքնիշխան, այդ զինուժը քեզ համար չեն բերում, քեզ ոչ մի պետություն չի օգնի հանուն սիրո: Քաղաքականության մեջ չկա սեր,այլ հարգանք, ակնածանք և վախ: Մեզ պետք է գեթ հարգանք, որը չունենք, քանի որ իր ամբողջության մեջ խոցելի է մեր բանակը, որը նշանակում է մենք արհամարված ենք և ողորմաղերս:

4. Բանակում ծառայելը չպետք է համարվի տհաճ պարտականություն, այլ հաճելի պարտավորություն: Եթե բոլոր դատողությունների հիմքում դնենք ճշմարտությունը, պետք է խոստովանենք, որ հանուն հայրենիքի բանակում ծառայելու նորակոչիկների և նրանց ծնողների խոսքերը խիստ մակերեսային են:

5. Այժմ մեր սահմաններն հսկում են մեր թշնամիները, նրանց ամեն րոպե առաջ գալու վախով են պարուրված մեր հոգիները, որովհետև տարիներին է թողնված այն, ինչը կարելի է անել մեկ - երկու ամսում, այն է` ի մի բերել բոլոր ուժերը հանուն բանակի: Հակառակ դեպքում այլ ուղղություններով ստեղծածդ թողնելու ես թշնամուդ:

Ծանր է այս ամենի խոստովանելը, բայց ճշմարտությունից փախնողի ճանապարհը կարճ է:

Այս ամենով հանդերձ, փառք հայ հաղթական զինվորներին, խոնարհում կենդանի և զոհված հերոսներին, երանի այն օրվան, որ դարձյալ հաղթական կդարձնի հայոց բանակին ընդհանրապես:

Վերածնունդ հայոց բանակին, իրատեսություն հայ քաղաքական մտքին: