«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթն էական ազդեցություն է ունենալու ԶՈՒ զարգացման գործում. Պապիկյան

06/07/2022

Օրենսդրական փաթեթը շուրջ մեկ տարի քննարկվել է տարբեր մակարդակներում, դիտարկվել են բազմաթիվ առաջարկություններ: Մի շարք հարցերի, այդ թվում՝ ԶՈՒ-ի և նախարարության կառուցվածքի վերաբերյալ աշխատել ենք ՌԴ գործընկերների հետ՝ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և հավելել, որ նախագծերի փաթեթով դրվում է ԶՈՒ-ի և նախարարության ուղղահայաց կառավարման հիմքը:

««Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հուլիսի 6-ի արտահերթ նիստում:

Առաջարկվում է «Պաշտպանության մասին» 2017 թ. նոյեմբերի 15-ի ՀՕ-196-Ն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կառավարությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության քաղաքականությունը, այդ թվում՝ ՀՀ միջազգային պայմանագրերին համապատասխան, որոշում է ընդունում Հայաստանի տարածքից դուրս զինված ուժերի ստորաբաժանումների կողմից խաղաղապահ կամ ռազմական գործողությունների մասնակցության մասին: Սահմանադրությամբ սահմանված դեպքերում և կարգով հայտարարում է ռազմական դրություն, Ազգային ժողով առաջարկություն է ներկայացնում պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին, իսկ Ազգային ժողովի նիստ գումարելու անհնարինության դեպքում՝ լուծում է պատերազմ հայտարարելու հարցը»:

Սուրեն Պապիկյանը նշել է, որ հստակեցվում է ԶՈՒ գլխավոր շտաբի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետի գործառույթների շրջանակը: Ղեկավարման ուղղահայաց համակարգի բարելավման և ԶՈՒ ղեկավարման արդյունավետության բարձրացման նպատակով՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը սահմանվում է որպես ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:

Ըստ ՀՀ պաշտպանության նախարարի՝ օրենքների նախագծերի փաթեթի համաձայն՝ նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունները, դրանցում առանձին սահմանել զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի բնագավառում իրավասությունները, հստակեցնել ՀՀ անվտանգության խորհրդի կողմից ընդունվող ակտերի շրջանակը, պաշտպանության և ՀՀ զինված ուժերի, այլ զորքերի գործունեությունը կարգավորող մի շարք հիմնարար պլաններ և ծրագրեր՝ ներառելով մեկ ընդհանուր՝ ՀՀ պաշտպանության պլանում:

Նշվել է նաև, որ փաթեթով հիմքեր են ստեղծվում ՀՀ պաշտպանության նախարարի այլ տեղակալների պաշտոնները ևս, ըստ անհրաժեշտության, զինվորական պաշտոններ նախատեսելու ուղղությամբ, ավելանում է ընտանեկան որոշակի պայմաններ ունենալու դեպքում զորահավաքային զորակոչի ոչ ենթակա անձանց շրջանակը, անհրաժեշտ առանձնահատուկ կարգավորումներ են սահմանվում պետական կառավարման համակարգի գործունեությունը կարգավորող օրենքներում:

ԱԺ պատգամավորները կողմ են արտահայտվել օրենսդրական փաթեթին: Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը շեշտադրել է ԶՈՒ-ի և ՊՆ-ի ուղղահայաց ղեկավարման անհրաժեշտությունը: ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանի համոզմամբ՝ նախագծերի փաթեթը կյանքի կոչվելով՝ էականորեն կբարձրանա մեր երկրի պաշտպանունակությունը:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եզրափակիչ ելույթում նշել է, որ օրենսդրական փաթեթն էական և կարևոր ազդեցություն է ունենալու ՀՀ զինված ուժերի զարգացման գործում:

Քննարկման արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել նախագծերի փաթեթին: