Ահաբեկչություններ Իրանում. կան զոհեր
01/10/2024
Իրանի Սիստան և Բելուջիստանի նահանգում երկու ահաբեկչություններ են տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհվել է վեց մարդ, նրանցից հինգը՝ զինվորական, տեղեկացնում է Tasnim-ը:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Նիկշահրի շրջանի Բենթ բնակավայրի դպրոցներից մեկում անցկացվող միջոցառման ժամանակ։ Ահաբեկիչների հարձակումից չորս մարդ է զոհվել, երկուսը՝ վիրավորվել։
Նիկշահրի նահանգապետը հայտնել է, որ ահաբեկիչները կրակ են բացել միջոցառման ժամանակ՝ սպանելով Բենթի քաղաքային խորհրդի նախագահին, Բենթում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարին և երկու զինվորի։
Մեկ այլ միջադեպ է տեղի ունեցել Սիստան և Բելուջիստաի նահանգի Խաշ քաղաքում։ Զինված անձինք կրակ են բացել ոստիկանության ուժերի մեքենայի վրա՝ սպանելով երկու ծառայողի։