«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՔՆՆԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ. Աշոտ Ներսիսյան, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի նախագահ

19/01/2021

Հայաստանի ներքաղաքական կյանքում վերջին օրերին զգալի են մի քանի փոփոխություններ, որոնք արտաքուստ խորը չեն թվում, բայց իրականում արդեն բերում են այն համոզմունքին, որ 17 կամ, ինչպես երբեմն գրում են 16, կուսակցությունների դաշինքը, որը ձևավորեց հայտնի «Հայրենիքի փրկության խորհուրդը», իր մեկ տարվա վարչապետի թեկնածուով, անհամեմատ իր գործունեության եռանդով թուլացել է և իրոք արդեն ակնհայտ է, որ առայժմ նրան չի տրվի իշխանություն: Թե ինչու°, այդ մասին բազմիցս վերլուծություններ ենք ներկայացրել, որոնք, չենք ուզում մարգարեանալ, հիմնականում իրենց արդարացրել են: Ընդդիմադիրների մեջ հիմնական տոն ստեղծողը ՀՅԴ կուսակցությունն էր, քանի որ մյուս կուսակցությունների մասին նույնիսկ նրանց համակրողներից քչերը գիտեն: Այսպես, ավելի շատ գիտեն Վազգեն Մանուկյանին, քան նրա կուսակցությանը, որը դժվար է պնդել, թե քանի անդամ ունի: Մենք համենայն դեպս, չենք հանդիպել մեկ ուրիշ անձի, որը ներկայանա որպես նրա կուսակցության անդամ և ինչ որ բան խոսի ԱԺՄ անունից: Ավելի շատ գիտեն Արթուր Վանեցյանին, քան նրա «Հայրենիք» կուսակցությունը և այլն: Գ. Ծառուկյանի ԲՀԿ-ն թեպետ հայտնի է, բայց ոչ նրա, ոչ էլ նրա կուսակիցների,  ինչպես Իշխան Սաղաթելյանի, Վազգեն Մանուկյանի և մյուսների ելույթներն, աչքի չեն ընկնում կուռ տրամաբանությամբ: Հիմնական խնդիրը դրված է հետևյալի վրա՝ Փաշինյանը դավաճանել է, ուրեմն պետք է հեռանա: Կարծում ենք, որ խնդրին այս կերպ մոտենալը հենց հեռացման տեսության եփած չլինելու կամ կիսաեփ լինելու արդյունք է: Եթե խոսք է գնում Փաշինյանի դավճանությունից, ապա՝ նույն խոսքը գնում է նաև շատ զորահրամանատարների դավաճանությունից ևս, ինչն ինքնին նշանակում է, որ չափից ավելի քաղաքականացված մեր ժողովուրդը դավաճան որոնելու առումով մի ուղղությամբ չի կարող կողմնորոշվել և այդ կողմնորոշումը, մեր խորին համոզմամբ, մոտ ապագայի խնդիր չէ: Պատերազմի սկզբնավորման, ընթացքի և ավարտի (նույնիսկ տատանվում ենք շեշտել՝ մեր պարտության) վերաբերյալ պատմաքաղաքական հայեցակետերը, որոնք հիմա հնչում են, ամբողջական չեն: Պետք է խնդրի ամբողջական  և խորը ուսումնասիրություն՝ այդ հայեցակետերը մատուցելու համար, որոնք եղած փաստերի հիմամբ և անչառ վերլուծությունների դեպքում կլինեն եթե ոչ անսխալ, բայց դյուրին խոցելի չեն լինի: Կարծում ենք, որ ընդդիմադիրները ընտրեցին ոչ ճիշտ մարտավարություն, երբ եռակողմ համաձայնության ստորագրողների գրիչների թանաքը դեռ չչորացած, դրեցին խնդիրն այն կերպ, որ այն դավաճանական էր, ստորագրողը դավաճան և ուրեմն Հայաստանը պետք է չունենա դավաճան վարչապետ: Հաշվարկն հիմնականում արվել էր այն հիմքով, որ բազում զոհերի հարազատները Փաշինյանին չէին ների: Վերջինս կարող էր բանակցություններով խուսափել պատերազմից և Կազանյան փաստաթղթի ստորագրումով տալ յոթ շրջանները, որը նաև աշխարհի մեծերի պահանջն էր: Այս դեպքում հնարավոր կլիներ խուսափել զոհերից, բայց ոչ «դավաճան» որակավորումից: Իրականում սա ամենատանելի տարբերակն էր, որը գնալով ավելի խստացավ առաջին նախագահի հրաժարականից հետո: Բայց դա էլ դյուրին խնդիր չէր: Չի բացառվում, որ երրորդ նախագահը հենց նրա համար զիջեց իշխանությունը, քանի որ մնալով վարչապետ,  ուզեր – չուզեր ստորագրելու էր Կազանյան փաստաթուղթը կամ էլ բերելու էր պատերազմ: Բայց սա այլ քննության թեմա է: Անշուշտ, վիճարկելի չէ այն խնդիրը, որ ավելի լավ է առանց պատերազմի և հազարավոր զոհերի և ընդ որում, ավելի քիչ տարածքներ տալով հռչկավես դավաճան, քան թե այն ամենի արդյունքում, ինչ եղավ մոտիկ անցյալում: Ընդդիմադիրները, մեր խորին համոզմամբ, պետք է իշխանափոխության հարց դնեին ոչ թե «դավաճանը պետք է հեռանա» կարգախոսով, այլ՝ ռազմաքաղքական սխալներ կատարած գործիչը չպետք է մնա: Այն վկայությունների առկայությունը, որ Արցախում դավաճանություն են արել նաև անձինք և հրամանատարներ, որանք դրանով դրել են իշխանության հասնելու և Փաշինյանից ազատվելու նպատակ, այնուամենայնիվ շատերին տարան նրա ճամբարը, որի արդյունքում նոր ձևակերպումներով շարունակվեց հների և նորերի պայքարում ամեն ձախողման պատճառը որոնելու գործընթացը, որն ինքնին իր ծագման օրից սխալ հայեցակետ էր: Սխալ այն պատճառով, որ շատ հներ նորերի հետ են միշտ լինում և հակառակը: Վերոնշյալը ընդդիմադիրների աստիճանաբար փակուղի գնալու պատճառներից մեկն է, չնայած որ առանց պատերազմի էլ հողերի հանձնողի կամ դավաճան չորակավորվելու դեպքում էլ դժվար է պնդել, որ նրանց հաղթանակն անխուսափելի էր: Եվ դա հետևյալ պատճառներով՝ ա. առաջնորդների սխալ ընտրության: Զարմանալի է որ, ինպես նշել ենք բազմիցս, երբ այսօր արդեն ակնհայտ է ռուս – թուրքական մերձեցումն ընդդեմ Արևմուտքի, այդ առաջնորդներն հանդես են գալիս հակաթուրքիզմով, որը նրանց ոչինչ չի բերելու: «Հակա» լինելը բնական է, բայց այն մտքի խորքերում պահվող եզրույթ է և ոչ թե ամեն առիթով շահարկվող, որից ոչինչ չես շահում, ինչպես չես շահել ոչ «հայդատական»  և ոչ էլ ցեղասպանության միջազգային ճանաչման անխոնջ մարտիկ լինելով: Թող որևէ մեկն ապացուցի, թե այդպիսին լինելով ի°նչ ենք մենք շահել: Եվ դա պնդում ենք մենք արևմտահայի երրորդ սերնդի ներկայացուցիչ լինելով  և որի ողջ գերդաստանը չնչին բացառությամբ, զոհ է դարձել 1915թ. նախճիրին: Այսօր «հակաթուրքական» գոյություն չունեցող կոալիցիայի մասին խոսելն ականջահաճո չէ Պուտինին, ականջահաճո չէ նաև Արևմուտքին: Իսկ ցավոք, բոլորը իշխանության կարևոր ներկայացուցիրները, ՀՀ նախագահը, ՀՅԴ, Վազգեն Մանուկյանը և այլն, կարևորում են այդ մասին շեշտելը: Այս առումով երկու պատճառ կարող է աշխատել՝ մեր ավանդական հակաթուրք լինելը և ներքին լսարանին դրանով հաճոյանալը: Սակայն այդ լսարանը շատ նեղ է, մարդիկ իրենց սոցիալական հարցերով են տարված, նրանք չեն ուզում պատերազմ: Եթե զերծ մնանք զգացմունքից, անկախ Փաշինյանի գործած սխալներից, այդ ամենը նպաստում են նաև նրա հեղինակության բարձրացմանը, որովհետև մարդիկ սիրում են խաղաղություն, Աստծու տված մեկ կյանքը ուզում են հանգիստ, խաղաղ և բարգավաճ ապրել: Եվ նրանցից շատերը գտնում են, որ Փաշինյանը խաղաղություն բերեց: Այս ամենի հետնախորքի վրա ցանկանում ենք մատնանշել, որ Ռոբերտ Քոչարյանի ՀՀ անվտանգության մասին հայեցակետը նույնպես մտավ փակուղի: Ի°նչն էր ընկած դրա հիմքում. հետևյալը՝ Ռուսաստանը Թուրքիայի կամ նրա պանթուրքիստական ձգտումների դեմ մեր ազգային անվտանգության երաշխավորն է: Պարզից էլ պարզ է, որ այդպիսի բան չկա: Այս կարգախոսը մեր տունը քանդողն է եղել, քանի որ մենք ենք առաջին հերթին մեր անվտանգության երաշխավորը, որի ուղղությամբ արված խելացի քայլերը մեզ կբերեն ռազմաքաղաքական դաշնակիցներ: Արցախյան երկրորդ պատերազմում ակնհայտորեն պարզ էր, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ ընդդեմ  ՆԱՏՕ – ի կամ Արևմուտքի այս տարածաշրջանում ավելի էր ամրապնդում իր ներկայությունը, որը նշանակում է Ռ. Քոչարյանի կարգախոսի գործնականում ոչ կիրառելիություն: Այժմ Ռուսաստանը մեր անվտանգության երաշխավորն է դարձել ոչ միայն որպես ռազմաքաղաքական դաշնակից, այլ՝ այն տարածքի քաղաքական թելադրող, որի շուրջ պայմանավորվել է Էրդողանի հետ: Չի բացառվում, որ նրանք երկուսով նաև Ալիևին են ինչ որ բաներ պարտադրել, որոնց մասին կարելի է միայն ենթադրել: Ուրեմն, ինչպե°ս է հնարավոր Հայաստանում հասնել իշխանափոխության՝ հենվելով մի հայեցակետի վրա, որի սնանկությունը վաղուց բացահայտվել է: Այդ մասին կարելի է խոսել ոչ այսօր, այլ մոտ ապագայում, երբ հայությունը կանցնի իր գոյության այս էյֆորիկ ժամանկահատվածը, երբ բոլորը խելոք երևալու մրցության մեջ են: Այս ամենը նշանակում է, որ, և այդ մասին բազմիցս խոսել ենք, Պուտինն ինքը չի հանդուրժի իշխանափոխություն, մանավանդ, որը եթե լինի էլ, նրա համար բերում է մի շարք անորոշություններ: Այսպես, Վ. Մանուկյանը հայտարարում է, որ եթե դառնա վարչապետ չի բեկանելու համաձայնությունը, բայց դրանից առաջ ասում է, որ դա դավաճանական էր: Տրամաբանորեն ստացվում է, որ Պուտինն էլ է դավաճանել իր ռազմավարական դաշնակից Հայաստանին: Նույնը ՀՅԴ – ն: ԲՀԿ - ն այս առումով հետ չի մնում, բայց ո°րն է նրա դիրքորոշումը: Բոլոր ընդդիմադիրների կարգախոսը մեկն է՝ դավաճանը պետք է հեռանա, բայց ասենք, Վ. Մանուկյանը, ինպես է իրեն թույլ տալիս մինչև վերջ շարունակելու Փաշինյանի կատարածը, այսինքն, ավարտին հասցնելու նրա «դավաճանությունը»: Նույնը վերաբերում է,  ասենք, Ծառուկյանին: Նրանք ունեն այն ինչ կորցրել ենք, հետ բերելու այլընտրանքը: Չգիտենք, չենք լսել: Երևի բանակն ու տնտեսությունն ուժեղացնելը: Բայց միգուցե մեր թշնամիները սիրով սպասեն, մինչև դա անենք: Կարծում ենք նաև, որ  այս համոզմունքով, որ Պուտինն է պահում է Փաշինյանին, պետք է պայմանավորել, որ Մոսկվայից վերադառնալուց հետո այլևս քաղաքական կտրուկ հայտարարություններ չի անում Ռ. Քոչարյանը, իշխանության հարց չդնելու հայտարարությամբ մի կողմ է քաշվել ՀՀԿ –ն: Արդեն իսկապես ակնհայտ է, որ Փաշինյանը դեռ կմնա և այս ենթադրության հետքնախորքի վրա միանգամյան անտեղի է միջազգային չափանիշներով վերջինիս վարկաբեկելը, նրա անձնական կյանք մտնելը, ամենացածր խոսքերը նրա ընտանիքի հասցեին տարածելը: Իշխանությունը կամովին տվել եք նրան: Կռվեիք՝ չտայիք, եթե գիտեիք, որ ինչպես ամեն առիթով նշում եք, ամեն ինչ ձախողել է: Նախ, ամեն մեկս գնահատենք մեր մեղքի չափը, մեր սխալները խոստովանենք, հետո նոր անդրադառանք մյուսին: Կարևոր է հասկանալ, թե ազգովի ինչ ենք ուզում իրարից, որը ոչ մի կերպ դեռևս հնարավոր չէ:

Մի քանի նախադասություն խորհրդարանական կյանքի մասին: Այնտեղ առայժմ լուրջ խմորումներ չեն լինում և համոզված ենք՝  չեն էլ լինելու: Առաջնորդի հակումներ է դրսևորում Էդմոն Մարուքյանը, կարծես երբեմն վարչապետ դառնալու հովերով է ապրում, բայց համոզված չենք, որ դա նրան կհաջողվի: Հարգելով նրա իրավական ոլորտին առնչվող, տարբեր կանոնակարգերին վերաբերող գիտելիքները, այն համոզմունքին չենք, որ նա այն անձն է, որ կարող է իր ձեռքն առնել պետության ղեկը: Այս առումով նրա բախտը չի բերի, քանի որ դա չեն տեսնում ընդդիմադիրները, դրան չի գնա Փաշինյանը: Առավել ևս նա չկա Պուտինի տեսադաշտում: Մեր տառապյալ պետությունը պետք է սկսի արարման նոր գործընթաց բազում առումներով: Մենք դեռ չենք տեսել «Լուսավոր Հայաստանի» այդ գործընթացի վերաբերյալ տեսական քարտեզը:

Մենք մեր ժողովրդի ոչ հեռավոր անցյալում և դեռևս շատերի համար այսօր էլ սիրած վարչապետին խեղճացնում ենք օտարի մոտ: Եվ  մեզ թվում է, թե դրանից շահում ենք: Ամենևին: Ընդհակառակը մեզ թվում է, որ ոմանք քինախնդրությամբ ձգտում են իշխանության: Երբեք Փաշինյանի երկրպագուն չենք եղել: Բայց հետաքրիր է, այս անձանցից ցանկացածը իշխանության հասնելու դեպքում ի°նչ ազգային անվտանգության հայեցակետ կունենա, կանի այն, ինչ, ասենք, չի ցանկանում Ռուսատանը, Թուրքիայի հետ կորդեգրի այնպիսի քաղաքականություն, որը կլինի ճկուն և արդյունավետ, զերծ կարծրատիպերից: Այս վերջինի մասին չենք խոսում, որովհետև, ինչպես շեշտեցինք, զգացմունքային դաշտում ենք, որում նախկինում էլ էինք գտնվում Ադրբեջանի ու Թուրքիայի հարցով և առհասարակ, բայց ոչ այս չափերով: Ցավոք իշխանության են ձգտում առանց լուրջ, երկրի զարգացման համակողմանի հայեցակարգի, որը նշանակում է, որ այն չկա: Իշխանության գալուց հետո են որոշում պետություն ինչպես կառավարել, որի պատճառով էլ չենք սովորում, որի  համար չկա վերելք, անկում է և անկում:

Առայժմ պետք է համատեղ ամոքել վերքերը, առանց թշնամանքի: Դա կախված է թե´ իշխանություններից և թե´ ընդդիմադիրներից: Բայց այս առումով էլ այսօր  և ապագայում նույնիսկ գիշերային երազի այցելություն դժվար է ակնկալել: