«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Հավատարիմ շունն արդեն 20 օր է՝ չի հեռանում հիվանդանոցի դռան մոտից. վիրավոր տիրոջն է սպասում

03/12/2020

Ջոնիի օրերը մթնում ու լուսանում են այս պատուհանի տակ: Այնտեղ՝ վերևում, իր ընկերն է, կամավորական զինվորը, որին նա իր տերն է համարում:

Համացանցի աստղ դարձած հավատարիմ շունն արդեն 20 օր է՝ չի հեռանում համալսարանական հիվանդանոցի ընդունարանի մոտից: Հենց այստեղից է տերը հիվանդանոց մտել: Հերթով հոտոտում է ելումուտ անողներին, որ զգա՝ տիրոջ մոտի՞ց են գալիս: Այդպես՝ հոտոտելով էլ տիրոջ վիրավորվելուց հետո Արցախից Հայաստան է հասել անհավանական ճանապարհով՝ Արցախից՝ Գորիս, Գորիսից՝ Բագրատաշեն, Բագրատաշենից՝ Երևան, բոլոր հնարավոր ու անհնար ճանապարհեներով՝ ոտքով, մեքենայով, ճանապարհ է ընկել այն մարդկանց հետևից, ումից տիրոջ հոտն է առել:

Հավատարիմ է մնացել տիրոջը, որի հետ ընդամենը մեկ ամիս առաջ էր ծանոթացել, և որն այս օրերին արդեն չորս վիրահատություն է տարել: Մեկ ոտքն ամպուտացված է: Որպես կամավոր Արցախ մեկնած Ռոմիկը Ջոնիին գտել էր Մարտակերտի գյուղերից մեկում, ռմբակոծված տան փլատակների տակից: Շղթայի ձայնից է հասկացել, որ փլատակների տակ ինչ-որ շարժ կա: Շունն օրերով մնացել էր փլատակների տակ:

Ռոմիկ Աղեկյան - Չի կարողանում շարժվի, բան, ոնց որ բամբակով ջուր տաս, մեր ուտելիքի կեսը իրան ենք տվել, տենց մի 10 օր երևի ոտքի կանգնեց ու մեզանից հեռու ոչ մի տեղ չի գնացել, ոնց մենք պոստ էինք գնում, միշտ մեզ հետ, ինչ գործողություն անում էինք, ոնց որ ինքը մեզ հետ անի: Ու շատ ուշադիր, շատ խելացի շուն ա:

Շնորհակալ շունը պարբերաբար փրկել է Ռոմիկի ու նրա մարտական ընկերների կյանքը:

Ռոմիկ Աղեկյան - Մեզ վրա, որ, ասենք, կրակում են, էդ ականը որ գալիս ա, ես միշտ նայում էի շանը. եթե էդ ականը մեր վրա ա գալիս, էդ շունը միանգամից փախնում ա, գալիս ա, մտնում ա ներս ու սկսում ա հաչալ, ոնց որ մեզ կանչի էդտեղ: Երևի 10 անգամից ավելի փրկել է մեզ էդ շունը: 

Երբ Ռոմիկը վիրավորվել է, նրան տեղափոխող մեքենայի հետևից Ջոնին բավականին վազել է, բայց չի հասցրել: Հետո, երբ նրա մարտական ընկերներին զորացրել են, նրանց հետ թաքուն խցկվել է մեքենան, հասել է Գորիս, այնտեղից արդեն Ռոմիկն է խնդրել, որ շանը հետները իր հայրենի Բագրատաշեն տանեն: Հետո էլ երբ ընկերները Ռոմիկին տեսակցության են եկել, նրանց հետևից Երևան է հասել ու էլ չի հեռանում:  

Այս ընթացքում Ռոմիկն ու Ջոնին մեկ անգամ են հանդիպել: Տերը սայլակով իջել է, որ շանը տեսնի:

Նա իմ ընկերն է, մարտական ընկերը՝ ասում է վիրավոր զինվորը:

1Lurer.am