«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԵԽ արդարադատության նախարարները Ուկրաինային առնչվող հռչակագիր են ընդունել. Հայաստանը չի միացել

06/09/2024

Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արդարադատության նախարարները «Ուկրաինայում կատարված միջազգային հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ» խորագրով համաժողովի արդյունքում հռչակագիր են ընդունել: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հռչակագրում շեշտվում է. «Մենք՝ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների արդարադատության նախարարներս, հավաքվել ենք Լիտվայի Վիլնյուս քաղաքում՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Լիտվայի նախագահության հովանու ներքո՝ լուծելու արդարադատության և հաշվետվողականության խնդիրները, որոնք առնչվում են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային»:

Հռչակագրով նախարարները նախ ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը՝ դա համարելով միջազգային իրավունքի և միջազգային արդարադատության համար կարևոր առաջընթաց: 

«Մենք վճռականորեն աջակցում ենք Միջազգային քրեական դատարանի հետաքննությանը՝ նպատակ ունենալով պատասխանատվության ենթարկել Ուկրաինայի տարածքում միջազգային հանցագործությունների մեղավորներին։ Մենք կոչ ենք անում բոլոր պետություններին աջակցել դատարանին՝ համագործակցելու իր ընթացիկ հետաքննության և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում»,–ասված է հռչակագրում:

Մյուս կետով նրանք վերահաստատել են Ուկրաինայի դեմ հանցագործության գործով հատուկ տրիբունալի ստեղծման անհրաժեշտությունը, որն ի վիճակի կլինի արդարություն իրականացնել՝ պատասխանատվության ենթարկելով ամենամեծ պատասխանատուին:

Հրապարակվել է նաև անդամ և դիտորդ երկրների ցանկը, որոնք աջակցել են հռչակագրին: Նրանց թվում են, օրինակ, Բելգիան, Բուլղարիան, Կանադան, Իտալիան, Ճապոնիան, Մոլդովան, Իսպանիան, Շվեյցարիան, Սան Մարինոն և այլ երկրներ: Հայաստանն այդ ցանկում չկա: 

Մամուլում շրջանառվող լուրերի կապակցությամբ «Արմենպրես»-ը դիմեց Հայաստանի արտաքին գործերի նախարարություն: ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հաստատեց, որ Հայաստանն ի սկզբանե չի միացել հռչակագրին: