ԱՄՆ ներդրումային հնարավոր ալիքը կարող է փոխել Հայաստանի տնտեսական ուղղությունը
Bloomberg-ը գրում է, որ Հայաստանը պատրաստվում է ԱՄՆ-ի առաջնորդությամբ սպասվող ներդրումների խոշոր ալիքին, որի ծավալը կարող է գերազանցել 13 միլիարդ դոլարը՝ մոտավորապես կազմելով երկրի տարեկան տնտեսական արտադրանքի կեսը։ Հոդվածում նշվում է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի ընթացքում ստորագրված մինչև 9 միլիարդ դոլարի քաղաքացիական միջուկային համագործակցության համաձայնագիրը և առանձին՝ շուրջ 4 միլիարդ դոլարի արհեստական բանականության ծրագրի ընդլայնումը կարող են էապես վերափոխել Հայաստանի՝ շուրջ 27 միլիարդ դոլար գնահատվող տնտեսությունը։ ING բանկի գլխավոր տնտեսագետ Դմիտրի Դոլգինի գնահատմամբ՝ նման նախաձեռնությունները, եթե ապահովեն վստահելի և երկարաժամկետ հիմք, կարող են բարձրացնել Հայաստանի գրավչությունը ուղղակի ներդրումների, պորտֆելային հոսքերի և դրամական փոխանցումների համար։
Լրատվամիջոցը նշում է, որ այս զարգացումները տեղի են ունենում Կովկասում ազդեցության համար սրվող աշխարհաքաղաքական մրցակցության պայմաններում՝ հիշեցնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հովանու ներքո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված խաղաղության համաձայնության մասին։ Միջուկային համագործակցության շրջանակը հնարավորություն կտա ամերիկյան ընկերություններին մասնակցել Մեծամորի ատոմակայանի փոխարինման նախագծին, որը ներկայումս շահագործվում է ռուսական «Ռոսատոմ»-ի կողմից և ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի մոտ 40 տոկոսը։ Միաժամանակ, Firebird Inc.-ի և Nvidia Corp.-ի համատեղ արհեստական բանականության նախագիծը նախատեսում է մինչև 2026 թվականի վերջ զարգացնել մեծածավալ հաշվարկային հարթակ՝ Հայաստանը դիրքավորելով որպես AI տեխնոլոգիաների արտահանման մրցունակ կենտրոն։