«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

2022 թվականի բյուջեի սեփական եկամուտները կկազմեն շուրջ 45 միլիարդ դրամ, որը զգալիորեն կգերազանցի 2017 թվականի ցուցանիշը և մոտ է 2018 թվականի ցուցանիշին. ԱՀ նախագահ

19/09/2022

2022 թվականի բյուջեի սեփական եկամուտները կկազմեն շուրջ 45 միլիարդ դրամ, որը զգալիորեն կգերազանցի 2017 թվականի ցուցանիշը և մոտ է 2018 թվականի ցուցանիշին, ինչն արտացոլում է տնտեսական ակտիվության դրական միտումները: Այս մասին իր տեսաուղերձում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Այնուամենայնիվ, տնտեսության մեջ առկա են զգալի խնդիրներ՝ առաջնահերթորեն ֆինանսական ռեսուրսի սղության տեսքով, որը պատերազմի ուղիղ հետևանքներից է: Այս առումով լրացուցիչ ջանքեր ենք գործադրում, որպեսզի տնտեսությունը կարողանա ավելի արագ բռնել զարգացման ուղին՝ խթանելով նաև փոքր և միջին ձեռնարկատիրությունը»,- նշեց նախագահը:

Նա հավաստիացրեց, որ բոլոր ծրագրերը իրականացվում են գիտակցության բարձր մակարդակով՝ բավարար ուշադրություն դարձնելով առաջին հերթին անվտանգային, այնուհետև՝ սոցիալ-տնտեսական հարցերին: «Հարկ է գիտակցել, որ բնակարանային, ենթակառուցվածքային և այլ նմանատիպ սոցիալ-տնտեսական ծրագրերը կարևոր են ժողովրդի կենսագործունեության և կայուն ժողովրդագրական վիճակի համար բավարար պայմաններ ապահովելու տեսանկյունից, իսկ ժողովրդագրությունը Արցախը հայկական պահելու կարևորագույն ու երկարաժամկետ անվտանգային ուղղությունն է»,- նկատեց Հարությունյանը:

Այս համատեքստում նա ընդգծեց, որ հարյուրավոր տեղահանված, զոհվածների և այլ շահառու ընտանիքների բնակարանային կարիքներն արդեն բավարարվել են, լայն թափով շարունակվում է բնակարանաշինությունը: «Նախատեսում ենք մինչև 2025 թվականը բնակարանով ապահովել բոլոր կարիքավոր ընտանիքներին»,- հավաստեց Հարությունյանը:

Նրա խոսքով` իրականացրել և շարունակում են պատերազմից տուժած բազմաթիվ անձանց նյութական վնասների դիմաց աջակցության տրամադրման աշխատանքները, տասնյակ հազարավոր անձինք արդեն օգտվել են վարկային պարտավորությունների դիմաց ցուցաբերվող ֆինանսական աջակցությունից, մեծածավալ սոցիալական աջակցություն է ցուցաբերվել և կցուցաբերվի շուրջ 40,000 տեղահանված անձանց:

«Ինչ վերաբերում է պետական բյուջեին, ապա ընթացիկ տարվա բյուջեի ծախսային մասը նախատեսում ենք շուրջ 221 միլիարդ դրամ, որից միայն սոցիալական բնույթի ծախսերը 119 միլիարդ դրամ են, որը 5 միլիարդով ավելին է 2019 թվականի պետբյուջեի ամբողջ ծախսային մասից: Այս առումով հատկանշական է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հետպատերազմյան ժամանակահատվածում ցուցաբերված աննախադեպ աջակցությունը, որը միայն ընթացիկ տարում կազմում է 164 միլիարդ դրամ»,- եզրափակեց նախագահը: