«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«ՀՐԱՊԱՐԱԿ». ՌՈՒՍԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՊԵՏՔ Է ԱՆՑՆԵՐ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԻ ՄԻՋՈՎ, ՀԱՅԿԱԿԱՆՈՒՄ՝ ԵՐԿԱՅՆՔՈՎ

08/07/2022

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյաննը օրերս  հայտարարեց, որ Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհը «շատ ավելի անվտանգ է լինելու»։ Արցախի խորհրդարանում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ նա շեշտեց՝ նոր մայրուղու ընտրության հարցով քննարկումներին մասնակցել է նաեւ Ստեփանակերտը, ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով անվտանգության հետ կապված որոշ հանգամանքներ, որոնց մասին Արցախի նախագահը նախընտրեց չբարձրաձայնել:

Բանն այն է, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հայկական եւ ռուսական տարբերակներում այլընտրանքային ճանապարհի վերաբերյալ էականորեն տարբեր ձեւակերպումներ են տրված։ Հայկական տարբերակում՝ երեք տարվա ընթացքում Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ պիտի հաստատվի: Ընդգծենք՝ երկայնքով։ Մինչդեռ ռուսական տարբերակը նախատեսում է, որ ճանապարհը պետք է անցնի Լաչինի միջով։ Արցախում կարծում են, որ վերջին տարբերակի իրագործման պարագայում Բերձորի եւ Աղավնոյի հարց չէր առաջանա, հայկական կողմն ադրբեջանական ճնշումների ներքո է նման թարգմանություն արել, ինչի հետեւանքով էլ ունենալու ենք, այն, ինչ ունենալու ենք։ Մինչդեռ ԱՀ իշխանություններն այս հարցով տեւական քննարկումներ են արել եւ կարծում են, որ ընտրված տարբերակը լավագույնն է, բխում է մեր շահերից, եւ ՌԴ-ն ներկայացված 2` ադրբեջանական եւ հայկական տարբերակներից որոշում է կայացրել հօգուտ հայկականի։ Հիշեցնենք, որ 
Ադրբեջանն արդեն ավարտում է Լաչինի բնակավայրերը շրջանցող ճանապարհի շինարարությունը, հայկական կողմը դեռ չի սկսել։ Իսկ ավարտը նշանակված է 2023-ի վերջին:

Անցած շաբաթ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շահագործումից հետո ԼՂԻՄ սահմանից դուրս գտնվող տարածքներն անցնելու են Ադրբեջանին՝ ըստ էության հաստատելով, որ Ադրբեջանին են անցնելու Բերձորը, Աղավնոն եւ Սուսը։ Արցախի «Արդարություն» կուսակցության նախագահ Հակոբ Հակոբյանն ի պաշտոնե մասնակցել է Արցախի Անվտանգության խորհրդի նիստին, որի ընթացքում քննարկվել է ճանապարհի հարցը։ Ասում է՝ նոյեմբերի 9-ի հայտարարության տարընթերցումների խնդիր կա․ «Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ գրված է, որ 3 տարվա ընթացքում պետք է նախագծվի այն երթուղու նախագիծը, որը պետք է անցնի Լաչինի միջանցքով, ռուսերեն տարբերակում հստակ գրված է «պո լաչինսկոմու կարիդորու», հայերեն տարբերակում թարգմանված է Լաչինի միջանցքի երկայնքով։

Առաջին հայացքից գուցե թվա, թե հոմանիշների գործածություն է, բայց «երկայնքով» բառը նույն հայտարարության մեջ գործածվում է, երբ ասվում է, որ հակամարտող կողմերը կանգ են առնում, եւ այդ կողմերի երկայնքով տեղակայվում են ռուս խաղաղապահ ուժերը։ Այսինքն՝ եթե այդ հայտարարությունը կազմելիս նշածս 2 բառերը տարբերություն չունենային, չէին օգտագործի տարբեր հանգամանքներում։ Հիմա մենք ասում ենք՝ այ ձեր ցավը տանեմ, Լաչինի միջանցքը միայն այդ ճանապարհը չէ, դա 5 կիլոմետր լայնություն եւ իրավական կարգավիճակ ունեցող ճանապարհ է, որի միջով պետք է անցներ երթուղին։ Եթե այդպես լիներ, Բերձորի հարցը չէր առաջանա»: Հակոբյանն ասաց, որ ԱԽ նիստում իրենք արտահայտել են իրենց տեսակետը, սակայն ձայնի իրավունք չեն ունեցել, նիստին ներկա են եղել հրավիրյալի կարգավիճակում, իրենց պարզաբանել են, որ ընտրված տարբերակը լավագույնն է։ Մինչդեռ, ընդդիմադիր գործչի կարծիքով, նման փոփոխությունը ձեռնտու է Ադրբեջանին․ «Սա ադրբեջանական օպերացիա է, որին տրվել է հայկական կողմը, որովհետեւ այդ պարագայում նույն հայտարարությամբ ամրագրված «միջանցք» հասկացությունն այլեւս դադարում է գործելուց»։

«Մեզ համար շատ ավելի հարմար կլիներ գործող ճանապարհը, բայց նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշված է, որ կողմերի փոխհամաձայնությամբ մենք պետք է այն փոխենք»,- ասում է Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը, որը կուսակցության նախագահի հետ օրերս եղել է Արցախում, հանդիպել Արայիկ Հարությունյանի ու ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ։ «Նոր ճանապարհը, որը մեզ ներկայացրին ե՛ւ ԱԽ քարտուղարը, ե՛ւ ԱՀ նախագահը, հետեւյալն էր` այն անցնում է ավելի հարավ եւ այն տարածքներով, որը խորհրդային շրջանի քարտեզներով էր անցնում։ Գիտեք՝ խորհրդային շրջանում Լեռնային Ղարաբաղը կցվեց Ադրբեջանին։ Բայց այդ ժամանակ նրա սահմանները բնական սահմաններ էին, եւ մինչեւ 29 թվականի քարտեզները այդ 6-7 կիլոմետրը, որ հիմա ասում են՝ անցնում է Ադրբեջանի տարածքով, 29 թ․ քարտեզներով եղել է Լեռնային Ղարաբաղ։ Դիմադրության շարժման հանրահավաքների ժամանակ այդ քարտեզները ցույց են տվել հանրությանը, որով ակնհայտ էր, որ Հայաստանը եւ Արցախն ունեցել են ուղղակի սահման, հիմա այդ 6-7 կիլոմետրն անցնելու է հենց այդ տարածքներով, որոնք մինչեւ 29 թվականը համարվել են ԼՂԻՄ։ Ընտրվել է այդպիսի տարբերակ, որը բանակցությունների համար հիմք է բացում, որովհետեւ, գիտեք, վերջերս շատ է շահարկվում այն հարցը, որ սա ԼՂԻՄ տարածքում եղել է, թե չի եղել: Նույն վարչապետն էր հայտարարում՝ այսինչը եղել է, չի եղել։ Հիմա եթե մենք ելնում ենք այդ տրամաբանությունից (ինչը, իհարկե, ինձ համար այնքան էլ ընդունելի չէ), մինչեւ 29 թվականը՝ ստալինյան «ազգային» քաղաքականության վերափոխումը, ինքն արդեն եղել է մեր բնական սահմանը Հայաստանի եւ Արցախի  միջեւ։ Եթե խոսում են լավագույն, դրական տարբերակի մասին, ապա սա կարող եմ ասել»,- ասաց Դիլբարյանը՝ ընդգծելով, որ այս դեպքում կոմունիկացիաների՝ գազի, էլեկտրաէներգիայի, հեռախոսակապի կայանների կառուցման խնդիր է առաջանալու, ինչն ԱՀ իշխանությունները հանձն են առել լուծել:

«Կա նաեւ բնակավայրերի խնդիր, ճանապարհն անցնում է Շուշիի շրջանին հարակից գյուղերի մոտով, եւ տեղի բնակիչները, բնականաբար, եւս պետք է ճանապարհի հետ կապ ունենան, եւ ամենակարեւորը՝ որ մենք կարողանանք պահել Աղավնոն, փորձենք հասկանալ, թե Բերձորի բնակիչներին կարողանո՞ւմ ենք վերադարձնել, թե՞ ոչ, որովհետեւ մենք, փաստորեն, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ գործ ունենք մի կետի հետ, որ ՄԱԿ-ի հանձնակատարի միջնորդությամբ պետք է տեղի ունենա երկկողմանի փախստականների վերադարձ»։ Իսկ որքանո՞վ է հիմնավոր, որ ընտրված տարբերակը լավագույնն է, հակառակ պնդումներ էլ կան։ «Ես չեմ կարող ասել՝ ինչքանով է հիմնավոր կամ անհիմն, բայց կարող եմ ասել, որ կողմերի միջեւ կա չարաբաստիկ մի հայտարարություն, որով պահանջում են միջանցքային տրամաբանությունը փոխել այդ կերպ։ Հետեւաբար, ես կարծում եմ՝ փորձած թանը հարմար է։ Իսկ Ադրբեջանի առաջարկած տարբերակը սոսկալի էր եւ եղանակային առումով: Իհարկե, այս ճանապարհն էլ կունենա բարդություն, տարածքը լեռնային է, բայց իրենք ահռելի միջոցներ են ներդնում, որ հարմար լինի»։