«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեր գիտության ոլորտը կաղում է բարոյականությունից

14/12/2021

Aravot.am-ը հարցազրույց  է անցկացրել ՀՀ ԳԱԱ օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի լաբորատորիայի վարիչ Հարություն Կարապետյանի հետ

-Վարչապետը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ՀՀ 2022 թ. պետական բյուջեով գիտության ֆինանսավորումը 2021-ի նկատմամբ կաճի շուրջ 85 %-ով, իսկ գիտական թեմատիկ հետազոտություններին հատկացվող գումարները կավելանան 2,5 անգամ՝ կազմելով 6,7 մլրդ դրամ: Նա նշել էր, որ դա իրենց քաղաքական վերաբերմունքն է գիտության ոլորտի նկատմամբ, ձեր տպավորությամբ իսկապե՞ս գիտության հանդեպ պետական մոտեցում է փոխվել:

-Որոշել էի գիտության ոլորտի մասին այլևս հրապարակային կարծիք չհայտնել ու, եթե տեղի չտայի, ապա իմ վերջին հրապարակային կարծիքը կմնար «Նիկոլ Փաշինյանը գիտության համար ավելի վատ է, քան Սերժը» վերնագրով հարցազրույցս: Բայց դե կյանքն ավելի բազմազան է, քան մեր պատկերացումներն ու ակնկալիքներն են, որն էլ ստիպում է որոշ դեպքերում շրջանցել մեր իսկ որոշումները: Ինչևէ, հատուկ ընդգծելով, որ առ այսօր չեմ փոխել վերը նշված հարցազրույցի վերնագրում արտահայտած կարծիքս, անդրադառնանք Ձեր կոնկրետ հարցին:

Նախ, թվերի մասին: Մարդը, տնօրինելով պետական բյուջեն, գրել է՝ դա փաստ է: 2022 թ․-ին մնաց մի քանի օր՝ կապրենք, կտեսնենք: Դե պոպուլիզմի փուլում ենք գտնվում՝ հասկանալի է: Կարճ, խոստացված թվերը պատկառելի չեն: Օրինակ, շեֆի հայտարարության համաձայն` ավագ գիտաշխատողի «տուն տարվող» աշխատավարձը պետք է կազմի մոտ 150 հազար դրամ, այն դեպքում, որ հանրապետությունում պետական աշխատողների (հիշենք այս կարգավիճակը, երևի պետք կգա) միջին աշխատավարձը, ինչքան գիտեմ, մոտավորապես նույնն է:

Այսինքն, վերջապես ոլորտը համարել են պետական և գիտաշխատողներին տվել են պետական աշխատողի կարգավիճակ և ոչ ավելին՝  ի տարբերություն եղածի: Մի գուցե հենց էս փաստն էլ նկատի ունի «շեֆը»՝ «քաղաքական վերաբերմունք» ասելով: Իսկ, եղածի առումով հիշեցնեմ, որ վերջինը Հովիկ Աբրահամյանի կառավարության վերաբերմունքն էր, երբ հայտնի «կուտակայինը» կուտակելու համար գիտաշխատողները նույնպես համարվեցին պետական աշխատողներ:

Բայց հետագայում՝ պետաշխատողների աշխատավարձերի բարձրացման ժամանակ բավարարվեցին գիտաշխատողների արձակուրդների երկարացմամբ միայն: Այդ որոշումը, անխոս, խիստ նվաստացուցիչ «քաղաքական վերաբերմունք» էր, որին «ադաբրյամբս» էին արել կառավարության անդամներ՝ ԳՊԿ-ի և ԳԱԱ նախագահներ Սամվել Հարությունյանն ու Ռադիկ Մարտիրոսյանը: Իրենք ու իրենց մերձավոր-սիրելիները կուշտ էին, նույնիսկ գերկուշտ հատկապես, որ 2000թ.-ից սկսած, այսինքն բարեփոխումները տապալելուց հետո,  ՀՀ ԳԱԱ նախագահությունը պետբյուջեից ուներ իր փայաբաժինը:

Իսկ տապալված բարեփոխումները բարձր էին գնահատվել միջազգային մասնագիտական կառույցների կողմից և մեր մոդելն առաջարկել էին հարևան երկրներին: Դա էլ է փաստ: Հետո, 2000թ.-ին, եկավ ձմեռը՝ ընդունված օրենքի տեսքով: Մի քիչ էլ հետո եկավ 2007թ.-ը, երբ ստեղծվեց ԳՊԿ-ն, որի ստեղծման համար անձամբ ես՝ առաջարկություն եմ հրապարակել 2006թ.-ին: Գիտեմ, որ նույնը առաջարկել է նաև ընկերս՝ Սասունը Գևորգյան, բայց չունեմ հղումը (ինքը թող հիշեցնի, եթե հարկ համարի): Ինչևէ, եթե մինչ 2007-ը կային ոլորտում կոռուպցիան մարմնավորող անհատներ՝ ի դեմս նախարար Ա.Պետրոսյանի, փոխնախարարներ Ա.Շահինյանի ու Սահրադյանի, վարչության պետ, հետագայում ԲՈՀ-ի նախագահ  Ա.Թռչունյանի, ապա 2007թ.-ից սկսած կոռուպցիան գիտության ոլորտում ընդունեց խիստ համակարգված և կանոնավոր բնույթ՝ ի դեմս Սամվել Հարությունյանի: Այ, եթե ամենայն հայոց դիկտատոր Նիկոլ Փաշինյանը կամ գոնե իր գերագույն գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը (26.06.2018 և  12.06.2018) իրենց խոստմանը համաձայն անարձագանք չթողնեին առնվազն գոնե իմ բաց նամակը, ապա կարելի էր խոսել «պետական մոտեցման» մասին:

Գիտական գործունեության հանդեպ պետական մոտեցման փոփոխության մասին հայտարարողը պետք է պատկերացնի առկա խնդիրները և չառաջնորդվի Բայրաքթարի «հաջողություններով»: Իսկ «ձյաձա ջան, փող տուր» շարժումների գաղափարախոսը պետք է տարրական բարոյականության կրող լիներ և ոչ թե կեղտոտ ինտրիգների արգասիք՝ սողացողը երբեք չի կարողանա ճախրել աքսիոմայով: Բայց կա մի հանգամանք, որին չեմ կարող դրական չարձագանքել, չնայած, որ չեմ կարծում, որ դա «շեֆի» ու իր գերագույն խորհրդականի խելքի արդյունքն է: Դա, թեմատիկ հետազոտություններին հատկացվող գումարների 2,5 անգամ և ոչ թե 85 տոկոս ավելացումն է: Կարող եմ ենթադրել, որ այս փաստի հեղինակը ԳՊԿ-ի նոր նախագահն է, ով ի տարբերություն նախորդ արհեստավարժ կոռուպցիոների, հասկացել է, թե որտեղից պետք է ակնկալել գիտական՝ ստեղծագործական բնույթի արդյունքը: Անկեղծ, այս հանգամանքն է պատճառը, որ դրժեցի գիտության մասին այլևս չխոսելու որոշումս:

Ճիշտ է վեկտորի ուղղությունը, պարզապես: Նորից եմ պնդում, բազային ֆինանսավորումը պետք ուղղված լինի միայն ու միայն ենթակառուցվածքային գործունեությանը: Եթե, այն հնարավորություն է տալիս իբր գիտական գործունեության աջակցությանը (ինչպես Սամվելի օրոք), ապա դա կոռուպցիա է, որից շատ լավ օգտվեցին հենց Սամվել Հարությունյանը, Վարդան Սահակյանը, իրենց տղերքը եւ իգական սեռի որոշ ներկայացուցիչներ:

Շարունակությունը՝ այստեղ