«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանցի գեներալը երդվել է վրեժ լուծել երկրի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետի սպանության համար

29/11/2020

Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ալ Քուդս» ստորաբաժանման հրամանատար, բրիգադային գեներալ Իսմայիլ Ղաանին խոստացել է, որ իր ղեկավարած ուժերը կաշխատեն Իրանի այլ «պահապանների» հետ համատեղ՝ վրեժ լուծելու իրանցի գիտնական Մոհսեն Ֆահրիզադեի սպանության համար:

Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, իրանցի գեներալն իր ուղերձում դատապարտել է «համաշխարհային անտարբերությունը, սիոնիզմը» ինչպես նաև «ահաբեկչություն ստեղծող և զարգացնող երկրներին» մեղադրել է «ամերկյան փամփուշտներով» իրանցի գիտնականին սպանելու համար:

Վերջինս շեշտել է, որ իրանական միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Ֆահրիզադեն պայքարել է «գերակայության համակարգի գիտական մենաշնորհատերերի» դեմ՝ հավելելով, որ նրա «նահատակությունը արժեզրկում է մարդու իրավունքների, ժողովրդավարության և ազատության կեղծ պաշտպաններին»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «կոշտ վրեժ» լուծելու մասին հայտարարել էր Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին:

Իրանական միջուկային ծրագրի մասնագետ Մոհսեն Ֆահրիզադեի դեմ հարձակում է իրականացվել նոյեմբերի 27-ին: Զինված անձանց և նրա անվտանգության աշխատակիցների միջև բախում է տեղի ունեցել, որի ժամանակ գիտնականը ծանր վիրավորում է ստացել և մահացել է հիվանդանոցում:
 

tert.am