«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱԱԾ-ի օպերատիվ հնարավորությունները, գործակալական ցանցը երկար ժամանակ մնալու են անփոխարինելի

23/09/2021

Lragir.am-ի զրուցակիցն է նախկին փոխոստիկանապետ, փաստաբան Հովհաննես Քոչարյանը։

Պարոն Քոչարյան, ձևավորվեց Հակակոռուպցիոն կոմիտեն, որը նաև օպերատիվ-հետախուզական գործառույթ կիրականացնի։ Կոռուպցիայի դեմ պայքարում որակական փոփոխություն պե՞տք է սպասել։

Ոչ, չեմ կարծում, որ որակական իմաստով մենք առաջընթաց կգրանցենք։ Եվ այնպես չէ, որ Հատուկ քննչական ծառայությունն իր առջև դրված խնդիրները չէր իրականացնում, այնպես չէ, որ ՀՔԾ-ն օպերատիվ-հետախուզական աջակցություն չի ստացել։ Ազգային անվտանգության ծառայությունն էլ, ոստիկանությունն էլ իրենց օպերատիվ ստորաբաժանումների միջոցով ցուցաբերել են անհրաժեշտ աջակցություն, և դա տարիներ շարունակ կայացած մեխանիզմ էր։ Եվ ես՝ որպես այդ ոլորտում քիչ թե շատ մասնագիտացված անձ, չեմ կարծում, որ քննության որակի վրա դա բացասական ազդեցություն էր թողնում։ Այնպես որ, Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը իրավական կյանքից բխող անհրաժեշտություն չէ, ես կարծում եմ՝ դա ավելի շատ միջազգային մեր գործընկերների հետ ինչ-որ պայմանավորվածությունների արդյունք է։ Եվ դա ավելի շատ ինչ-որ բան ցուցադրելու կամ առանձնահատուկ ցույց տալու ձգտում է։ Հատուկ քննչական ծառայությունը հիմնականում կոմպլեկտավորվում է լավագույն ու փորձառու քննիչներով, քննչական կորպուսի ամենագրագետ զանգվածը հենց այդ ստորաբաժանումում է։

Իհարկե, առաջընթաց է, որ նախաքննության մարմինն ունի իրեն կից օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումներ, և դա մեկ մարմին է։ Ես միշտ ասել եմ ու հիմա էլ եմ ասում՝ քննչական մարմինների դուրսբերումը ոստիկանությունից շատ սխալ քայլ է, որովհետև օպերատիվ ծառայությունների և նախաքննության մարմինների համագործակցությունը տուժում է դրանից։ Հակակոռուպցիոն գործերով այս սխալը շատ տեսանելի չէ, բայց մնացած քրեական գործերի քննության իմաստով այս սխալը հենց աշխատողների համար շատ շոշափելի ու տեսանելի է։ Ես կարծում եմ, որ ճիշտ է, որ օպերատիվ ծառայությունը և նախաքննության մարմինը մեկ միասնական կառույցի տակ են գործելու, բայց նաև կարծում եմ, որ Ազգային անվտանգության ծառայության հնարավորությունները՝ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման գործով, շատ ավելի մեծ են։ Եվ պետք չէ փոփոխություններն այնպես անել, որ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումներն այս ուղղությամբ կազմալուծվեն ու ոչինչ չանեն։ Ես գիտեմ, որ երկու տարի ինչ-որ միջանկյալ ժամանակ է տրված, որ ԱԱԾ-ն դեռ պետք է աշխատի, բայց դա ճիշտ չէ։ Կարծում եմ, որ ԱԱԾ-ի օպերատիվ հնարավորությունները, գործակալական ցանցը երկար ժամանակ մնալու են անփոխարինելի։ Եվ եթե հանկարծ օպերատիվ ծառայության ոլորտում մոնոպոլիա ձևավորեցին, այսինքն՝ կոռուպցիոն գործերով հետախուզական աշխատանքները միայն մեկ ծառայություն իրականացնի, դա նաև հակագիտական քայլ կլինի, որովհետև օպերատիվ-հետախուզական գործունեությանը բնորոշ է այն սկզբունքը, որ ստորաբաժանումների միջև պետք է լինի առողջ մրցակցություն։ Ոչ թե բախում, այլ առողջ մրցակցություն։ Չեն կարող ոչ երկրի ղեկավարը, ոչ նախաքննության մարմինները մեկ աղբյուրից ինֆորմացիա ստանալ, նրանք պետք է ունենան ինֆորմացիայի տարբեր աղբյուրներ։ Այսինքն՝ լավ է, որ օպերատիվ ծառայություն կա, բայց եթե ուժային մյուս կառույցներին ժամանակի մեջ զրկեն այդ գործերով օպերատիվ աշխատանք կատարելու իրավունքից, դա ուղղակի կլինի մեծ սխալ։ Կյանքը ցույց կտա՝ այս կոմիտեն կաշխատի, թե չի աշխատի։ Միաժամանակ, ես ուզում եմ ընդգծել, որ սխալ է այս կոմիտեի հետ հույս կապել, թե կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման բում է լինելու։

Կոռուպցիայի դեմ տարվող պայքարն ընդհանրապես ինչպե՞ս եք գնահատում, վերջերս նախկին գլխավոր դատախազի վերաբերյալ խոշոր բացահայտման մասին հայտարարվեց։

Նախաքննության մարմինների բացահայտումներին, գործընթացներին չպետք է շտապել գնահատական տալ։ Նախաքննության մարմինը փաստական հանգամանքները յուրովի է գնահատում։ Բայց եթե պաշտպանական կողմին լսես, նրանք լրիվ այլ մեկնաբանություն են տալիս։ Այստեղ էականը դատարանի որոշումն է։ Հետևաբար, անկախ նրանից՝ անձը կալանավորված է, կալանավորված չէ, մեղադրանքները հնչեղ են, հնչեղ չեն, վերջնական տեսլական կարող է ձևավորվել գործի բաց հրապարակային դատաքննության ընթացքում։ Դրա համար ես այսպես կոչված աղմկահարույց ձերբակալությունների, աղմկահարույց կալանավորումների գործընթացին մի քիչ վերապահումով եմ վերաբերվում՝ որպես պաշտպան։ Այս աղմուկ-աղաղակը գնալով նստում է, հետո երբ գործը բացվում է, սկսում ես ապացույցները նայել, տեսնում ես, որ մեղադրանքի նվազագույն հիմնավորվածության շեմը շատ հաճախ հաղթահարված չի էլ լինում։ Էլ չեմ ասում, որ գործերը դատարան են ուղարկվում հիմնավոր կասկածի շեմը չհաղթահարված վիճակում, այդպիսի գործեր էլ կան՝ ոչ պակաս հնչեղ և ոչ պակաս աղմկահարույց։

Գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ նախորդ տարի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն է ստացվել 201 քրեական գործով նյութ՝ 430 անձի վերաբերյալ, իսկ 2021 թվականի ընթացքում՝ 18 քրեական գործով նյութ։ Ի՞նչ սպասել ապօրինի գույքի բռնագանձման ոլորտում։

Այս ոլորտում ձևավորված պրակտիկա չկա, ինքը նոր սկսվող գործընթաց է։ Ես ակնկալում եմ, որ այս գործընթացը չի կիսի մեր իրավական մշակույթի ճակատագիրը, և չենք ունենա իրավական համակարգում ևս մեկ ոլորտ, որտեղ հանրության կողմից վստահության կորուստ կլինի։ Ես դեռ չեմ կարող դրա արդարացիությունը կամ արդյունավետությունը գնահատել, ժամանակ է պետք, որ տեսնենք դատախազությունն այս ֆունկցիան ոնց է իրականացնում։