«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

1920-ից մինչև 1940-ական թվականներն «Էյվազլին» եւ շատ այլ տարածքներ Հայաստանինն էին

09/10/2021

Lragir.am-ի զրուցակիցն է աշխարհագրագետ ու քարտեզագետ Ռուբեն Գալչյանը

Պարոն Գալչյան, Հայաստանի իշխանությունները խոսում են Ադրբեջանի հետ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները ԽՍՀՄ քարտեզներով իրականացնելու մասին։ Անգամ ադրբեջանական տեղանուններ են օգտագործում։ Արդյոք ԽՍՀՄ քարտեզները պետք է հիմք ընդունվեն։

Եթե ադրբեջանական տեղանուն ասելով նկատի ունեք Էյվազլին, ապա այդ տեղանունը 19-րդ դարից էյվազլի է եղել։ 1920 թվականից մինչև 1940-ական թվականներն այդ տարածքը Հայաստանինն էր և անունն էլ նույնն էր՝ Էյվազլի։ 1940 թվականին ամբողջ Էյվազլին և իր շրջանը, նաև սահմանամերձ այլ հողամասեր ԽՍՀՄ իշխանությունների կողմից հանձնվել են Ադրբեջանին։ Եվ այսօր, ըստ խորհրդային քարտեզների, այդ տարածքներն Ադրբեջանինն են։ Բայց, ես ուզում եմ շեշտել՝ ըստ խորհրդային քարտեզների, քանի որ այդ խորհրդային քարտեզներից ոչ բոլորն են իրավասու քարտեզներ։ Շատ հաճախ հողամասերը տրվել են Ադրբեջանին՝ առանց տեղաբնակ հայերի հետ խորհրդակցելու, առանց նրանց տեղեկացնելու։ Եվ նրանք մի օր վեր են կացել ու տեսել են, որ իրենց տարածքը տրված է Ադրբեջանին։

Եվ երբ բողոքներ են եղել, նրանց ձայնը չի լսվել, այդպե՞ս է։

Ես օրինակ ունեմ, երբ Ալ լճերի վերաբերյալ գյուղացիները բողոքի նամակ են գրել, որ սրանք մեր տարածքներն են, մեր ապրուստն է, ինչպե՞ս եք կարողացել հանձնել ուրիշի՝ առանց մեզ հետ խորհրդակցելու, խնդրում ենք վերանայել սահմանները։ Եվ երկու շաբաթ անց Անդրկովկասյան դաշնությունից նամակ է եկել, որ սահմանները գծված են, այլևս վիճելի չեն։ Այսինքն՝ ԽՍՀՄ իշխանությունը մարդկային ոչ մի իրավունք, ոչ մի օրենք հաշվի չառնելով՝ այդ գործն արել է։ Հիմա մեր իրավաբանները պետք է վեր հանեն այդ իրադրությունը, այդ բողոքները, նույնիսկ միջազգային դատարան դիմեն։

Այսինքն միջազգային ատյաններ դիմելու իրավական ու փաստաթղթային բազա ունե՞նք։

Այո, մեր արխիվում կան բազմաթիվ նամակներ։ Ես այս նամակների օրինակն արխիվից վերցրել եմ։ Այդ նամակների հիման վրա կարող են աշխատանք տանել։ Շատ տարածքներ կան, որտեղ ապօրինի կերպով է այդ գործընթացն իրականացվել։

Կարո՞ղ ենք սահմանազատման ու սահմանագծման համար հիմք ընդունել 1920-ականների քարտեզները։

Իմ առաջարկը միշտ եղել է այն, որ եթե սահմանազատման ենք գնում, մենք պետք է գնանք 1920-22, մինչև 1926-27 թվականների քարտեզներով։ 1926-27 թվականների փոքր մասշտաբով քարտեզներ մենք ունենք, և այդ քարտեզների մեջ իմ ասած տարածքները Հայաստանինն են։ Բայց այն քարտեզները, որոնց վավերացումը կա, զինվորական շտաբի քարտեզներ են, դրանց օրինակներից ըստ երևույթին մենք չունենք։ Մենք պետք է դրանք ձեռք բերենք և հետազոտելով՝ հասկանանք, թե որ որոշումն է իրավասու, որը իրավասու չէ։ Ես կրկնում եմ՝ մենք միջազգային դատարան էլ կարող ենք դիմել։

Հայաստանի և Ադրբեջանի միջև երբևէ սահմանագծում չի իրականացվել։ Եթե Ադրբեջանը չի ճանաչել ԽՍՀՄ իրավահաջորդությունը, ինքն ուզեցել է առաջին հանրապետության տարածքներով շարժվել, ուրեմն Նախիջևանն ու Քարվաճառը մեզ պիտի վերադարձնի, որովհետև այն ժամանակ իրենը չէին։