«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԲՈՐԻՍ ՋՈՆՍՈՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆ ԻՐ ՈՂՋ ՀՄԱՅՔՈՎ․Ք․Գ․Դ․, ՊՐՈՖԵՍՈՐ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆ

11/07/2022

Վերջին տարիներին բրիտանական վարչապետը առանձնակի ուշադրության կենտրոնում էր: Երբ նա դարձավ աշխարհի հզոր տերության գործադիր իշխանության ղեկավարը, Հայաստանում ոչ թե խորամուխ եղան նրա քաղաքականության բովանդակային վերլուծությանը, որը շատ կարևոր է տարաշաշրջանային զարգացումների կանխատեսնման համար, այլ սկսեցին պատմական էքսկուրսներ դեպի անցյալը, ,,բացահայտեցին,, պապը թուրք է, Քեմալի մտերիմն է եղել և այլն: Այնինչ առավել կարևոր է բրիտանական իշխանությունների դիրքորոշումների առավել խորքային ուսումնասիրությունը, որովհետև արդեն մի քանի դար է, որ թուրքական դիվանագիտությունը, սկսած օսմանյան ժամանակներից մինչև օրս սերտ կապերի ու փոխկապակցվածության մեջ է լոնդոնյան իշխանական գրասենյակների հետ: Հիշենք նաև 44-օրյա պատերազմի օրերին անգլիական հետքի մասին բազմաթիվ կարծիքների շրջանառումը մամուլում:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ հրաժարական է տվել: Հրաժարականն ունի երկակի բովանդակություն: Բրիտանական քաղաքական համակարգի առանձնահատկությունն այն է, որ այստեղ քաղաքական կուսակցությունների կառուցվածքային ստորաբաժանումների մեջ առաջնային դերակատարում ունեն ոչ թե կուսակցական ղեկավար մարմինները, այլ նրանց պառլամենտական խմբակցությունները/ֆրակցիաները: Վերջիններս գործում են անկախ և չեն ենթարկվում կուսակցական ղեկավար մարմիններին: Միաժամանակ պառլամենտարիզմի և ժողովրդավարության հայրենիքում ներկուսակցական ղեկավարումն այդքան էլ ժողովրդավարական չէ: Քաղական կուսակցությունների կազմակերպական կառույցների գլուխ կանգնած է անսահմանափակ դիկտատորական լիազորություններով կուսակցության լիդերը: Կուսակցական լիդերության ինստիտուտն այստեղ հասել է կատարելության: Լիդերն է որոշում քաղաքականությունը, միանձնյա տնօրինում կադրային, ֆինանսական և մյուս բոլոր ոլորտները: Կուսակցական լիդերի, որպես քաղաքական թիվ մեկ գործչի գերկարևորությունն է պայմանավորում այն հանգամանքը, որ ընտրություններում հաղթանակից հետո նա մեխանիկորեն դառնում է վարչապետ առանց քննարկումների: Այսինքն Միացյալ Թագավորության ընտրողները, ըստ էության ուղղակիորեն ընտրում են նաև պրեմիեր մինիստրին, որը նաև ներկայացնում է ապագա կառավարության կազմը: Եթե ուշադրությամբ ծանոթանանք Ջոնսոնի հրաժարականի տեքստին, ապա կտեսնենք, որ այն վերաբերվում է Պահպանողական կուսակցության լիդերի պաշտոնից իր հրաժարականին, որին արդեն մեխանիկորեն հաջորդելու է կուսակցության նոր լիդերի ընտրություն: Այս պարագայում արդեն ընտրողները լրիվ օտարված են երկրի բարձրագույն գործադիր ղեկավարի ընտրության գործընթացից: Ինչպես պահպանողական, այնպես էլ լեյբորիստական կուսակցությունների լիդերներին, այսինքն վարչապետին ընտրում են բավականին լայն կուսակցական ձևաչափով, խորհրդարանականների և կուսակցական ղեկավար մարմինների անդամների համաժողովում: Եթե խորհրդարանական ընտրություներում ընտրելով կուսակցությանը, քաղաքացիները գիտեն թե ում են ընտրում նաև վարչապետ, ապա այժմ պարզապես հետևելու են պահպանողական կուսակցության խմբավորումների և նրանց թեկնածուների թեժ պայքարին վարչապետի աթոռի շուրջը: Ըստ տեղեկատվության կուսկցության լիդերի ընտրությունները կարող են լինել ամիսներ հետո, իսկ մինչ այդ Ջոնսոնը դեռ վարչապետ կմնա: Ի դեպ բացառված չէ նաև նրա անհամաձայնության և ներկուսակցական ճգնաժամի դեպքում, նորից նրա վերընտրությունը լիդերի պաշտոնում: 
Հրաժարականի մասին ուղերձում Ջոնսոնը խոստովանել է, որ հիմա  Պահպանողական կուսակցությունը ցանկանում է նոր առաջնորդ և այդպիսով նոր վարչապետ նշանակել և առաջարկել է Պահպանողական կուսակցության նոր առաջնորդի ընտրության գործընթաց սկսել: Վարչապետը խոստովանել է, որ վերջին օրերին փորձել է գործընկերներին համոզել չփոխել կառավարությունը։ Ի դեպ ուղերձից պարզ է դառնում, որ նա պայքարել է մնալու համար, իր գաղափարներն ու նախագծերը մինչև վերջ հասցնելու հնարավորության համար: Ջոնսոնը նաև ափսոսանք է հայտնել, որ թողնում է "աշխարհում լավագույն աշխատանքը" և հավաստիացրել է, որ կաջակցի իր իրավահաջորդին: Ընդ որում, նա հայտարարել է, որ կկատարի պարտավորությունները մինչև նախարարների կաբինետի նոր ղեկավարի նշանակումը:
Ինչպես գրել են ԶԼՄ-ները, պահպանողականների նոր առաջնորդ կարող են ընտրել հոկտեմբերին կայանալիք համագումարում, սակայն կուսակցության որոշ անդամներ արդեն այժմ կոչ են անում նշանակել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, որը կփոխարինի Ջոնսոնին նրա հրաժարականից անմիջապես հետո: Այսինքն  մերժողականությունը նրա անձի հանդեպ գալիս է ոչ միայն ընդդիմությունից, այլև հարազատ կուսակցությունից: Զարմանալի է, որ այս ամենը շրջանցելով չսանրված վարչապետը խոսում էր իր կաբինետի ֆանտաստիկ հաջողությունների մասին և հպարտանում Ուկրաինային ցուցաբերված ռազմական աջակացության համար: Քաղաքական գործիչը նաև պատմել է իր կառավարության հաջողությունների մասին, որոնց շարքին է դասել Բրեքսիթը, պանդեմիայի դեմ պայքարը և կորոնավիրուսի դեմ բրիտանացիների արագ պատվաստումը, ինչպես նաև առաջատար դերը Ուկրաինայում Պուտինի ագրեսիայի դիմակայությունում: Նա խոստացել է, որ Լոնդոնը կշարունակի աջակցել Կիևին ։
Ի դեպ ջոնսոնյան կառավարության իմիջի անկման առաջնային պատճառներից մեկը հավանաբար նրա դիրքորոշումն է ուկրաինական ճգնաժամում:  Ապացույցը, այն որ վերջին օրերին Մեծ Բրիտանիայում կառավարական ճգնաժամն արտահայտվում է առանձնահատուկ սրությամբ: Սկսվել նախարարական ,,հարբուխը,,: Երկու օրվա ընթացքում նախարարների կաբինետը լքել է ավելի քան 50 մարդ, այդ թվում ՝ այնպիսի առանցքային գերատեսչությունների ղեկավարներ, ինչպիսիք են ֆինանսների նախարարությունը և առողջապահության նախարարությունը: Նրանք հայտարարել են Ջոնսոնի հանդեպ անվստահության և նրա ղեկավարության մեթոդների հետ անհամաձայնության մասին ։
Քաղաքագիտական հանրությունը թորիների կառավարության ֆիասկոն կապում է ներքաղաքական և արտաքին քաղաքական ձախողումների հետ: Իսկ Լոնդոնում փորձում են ամեն ինչի մեջ ծիծաղելի պատճառներ գտնել: Իսկապես ծիծաղելի է այն, որ կառավարական ճգնաժամի արմատները փնտրում են միասեռական ոտնձգությունների մեջ: Դրա առիթը դարձել է Եվրոպայի և ԱՄՆ-ի գործերի նախկին փոխարտգործնախարար Քրիստոֆեր Պինչերի շուրջ սկանդալը, որը հարբած դեբոշ է սարքել "Կարլտոն"պահպանողականների էլիտար ակումբում: Ընդ որում, մի քանի տարի առաջ նրան արդեն մեղադրել էին միասեռական ոտնձգությունների մեջ։ Որոշ քաղաքական գործիչներ պնդում են, որ Ջոնսոնը իմացել է Փինչերի թերի անցյալի մասին, բայց միևնույն է նրան նշանակել Է պահպանողականների խորհրդարանական խմբակցության համակարգողի տեղակալի պաշտոնում: Փինչերը զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության խորհրդարանական խմբակցության համակարգողի տեղակալի պաշտոնը: Համակարգողին ոչ ֆորմալ անվանում են "մտրակ", քանի որ նա պատասխանատու է կուսակցության ներսում կարգապահության համար. նա պետք է հետևի, որ պատգամավորները քվեարկեն կուսակցության գծին համաձայն և թույլ չտան ձախողումներ պառլամենտի նիստերի ժամանակ: Նույն պարտականությունները դրվում են և նրա տեղակալի վրա։ Ջոնսոնը Պինչերին նշանակել է բարձր պաշտոնի ՝ իմանալով նրա հասցեին հնչած մեղադրանքների մասին: Ի սկզբանե Դաունինգ սթրիթում հերքել են, որ Ջոնսոնը գիտեր Փինչերի հասցեին կասկածների մասին, երբ նրան նշանակել էր կուսակցության համակարգողի տեղակալի պաշտոնում 2022 թվականի փետրվարին: Սակայն մի քանի օր անց հանրության ճնշման տակ վարչապետն այնուամենայնիվ խոստովանեց, որ իրեն զեկուցում էին իր պաշտպանյալի կենսագրության մեջ ոտնձգությունների փաստերի մասին, բայց նա, այնուամենայնիվ, հնարավոր համարեց իրեն վստահել բարձր պաշտոնը ։ Հատկապես բոլորին զայրացրել է այն, որ Ջոնսոնը ոչ միայն իմացել է պաշտոնյայի արարքների մասին, այլև կատակել է այդ թեմայով. 
Հիշենք նաև, որ մեկ ամիս առաջ Ջոնսոնը անցավ Պահպանողական կուսակցության անվստահության գործընթացի միջոցով: Այդ ժամանակ առիթ էր դարձել սկանդալը, որը տեղի էր ունեցել վարչապետի նստավայրում 2020-2021 թվականներին, խիստ կորոնավիրուսային սահմանափակումների գործողության ժամանակ։ Այնուամենայնիվ, Ջոնսոնը կարողացել էր պաշտոնավարել ՝ ստանալով կուսակցության 211 ներկայացուցիչների աջակցությունը: "Վալդայ" ակումբի ծրագրային տնօրեն Օլեգ Բարաբանովի կարծիքով ՝ նախորդ բոլոր սկանդալներն ունեցել են կուտակային էֆեկտ, և Փինչերի ոտնձգությունների շուրջ աղմուկը դարձել է վերջին կաթիլը։  Նրա կարծիքով հստակ տեսակետ է ձևավորվել, որ Ջոնսոնը միշտ ստում է, ուստի նրա նկատմամբ ոչ մի վստահություն չի կարող լինել։  
Այժմ քաղաքական մեկնաբանների ուշադրության կենտրոնում բրիտանական կառավարության նոր ղեկավարի հնարավոր թեկնածուներն են: Դեռևս նախօրեին բրիտանական և արտասահմանյան մի շարք լրատվամիջոցներ հրապարակել էին այն քաղաքական գործիչների ցանկը, որոնք կարող են Ջոնսոնին փոխարինել վարչապետի պաշտոնում։ ԱԳ նախարարը և պաշտպանության նախարար Ուոլեսսը վարչապետի առաջնային թեկնածուներ են անվանվում: Ջոնսոնի հնարավոր իրավահաջորդ ԱԳ նախարար Լիզ Թրասնը ընդհատել էր իր ուղևորությունը Ինդոնեզիա, որտեղ պետք է մասնակցեր "Մեծ քսանյակի" ԱԳ նախարարների հանդիպմանը, և շտապ մեկնել Լոնդոն:
Առավել հավանական թեկնածուների թվում են հայտնվել հնդկական ծագում ունեցող երկու քաղաքական գործիչներ ՝ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Փրիթի Փաթելը և ֆինանսների նախարարության նախկին ղեկավար Ռիշի Սունակը, որից զանգվածային պաշտոնանկությունների ալիք է սկսվել: Հնդկական ծագում ունեցող պահպանողականների ակտիվությունը հետաքրքիր նորույթ բրիտանական քաղաքական մշակույթում:  "Հնդկական " խմբակցությունը բավականին համախմբված է և լայնորեն ներկայացված է եղել Ջոնսոնի կառավարությունում: Հնարավոր է նաև, որ  այս թևի գործիչները  նպատակ ունենան առաջին անգամ Մեծ Բրիտանիայի վարչապետ և Պահպանողական կուսակցության առաջնորդ դնել Հնդկաստանից սերված մարդու։ Դա նման կլինի Անգլիայի կողմից դարերով ձգված գաղութատիրական նվաստացման դեմ թեկուզ և խորհրդանշական ռևանշի: Բացի այդ, վարչապետի աթոռի համար կանխատեսում են նաև Փենի Մորդոնտին, որն անցյալում դարձել է պաշտպանության առաջին կին նախարարը և այժմ զբաղեցնում է առեւտրի քաղաքականության կրտսեր նախարարի պաշտոնը: Մյուս ֆավորիտներն են առողջապահության նախկին նախարար Սաջիդ Ջավիդը եւ պատգամավոր Ջերեմի Հանթը, որը նախկինում զբաղեցնում էր Առողջապահության նախարարության ղեկավարի պաշտոնը:

Հեղինակ ՝ «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի քաղաքական վերլուծաբան, ք․ գ․ դ․, պրոֆեսոր Գարիկ Քեռյան  

Generalnews.am