«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանի մարտակոչը

27/09/2020

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը քիչ առաջ հանդես է եկել մարտակոչով:
Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ. 
«Հայրենակիցներ,
                2016 թվականի մարտական գործողություններից շուրջ չորս տարի անց հակառակորդը կրկին դիմել է զենքի ուժին՝ կարծելով, թե այդ ճանապարհով կարողանալու է հօգուտ իրեն լուծել արցախյան հիմնահարցը: Սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ  հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ:  Այս պահին ՊԲ  ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը: Այդ ծրագրերը մեզ հայտնի են վաղուց, դրանց էությունը կարելի է արտահայտել մի բառակապակցությամբ՝ հայաթափել Արցախն ու Հայաստանը:
              Վստահ եղեք, այս անգամ ևս հակառակորդը  ձախողվելու է: Հաղթանակը հեշտ չի տրվելու: Իր բնույթին հավատարիմ՝ հակառակորդը թիրախավորելու է խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական բնակչությանը,  նա տարբերություն չի դնելու զինվորի ու մանկահասակ երեխայի, հոգևորականի ու տարեց կնոջ, հասուն տղամարդու և անօգնական ծերունու միջև. նրա թիրախը բոլորս ենք: Հաղթանակը պահանջելու է ուժերի գերլարում և երկաթակուռ միասնություն: Հիմա մի կողմ պետք է դրվեն բոլոր տարակարծությունները, բոլոր տեսակետները, բոլոր  կարծիքները: Մեր նպատակը մեկն է՝ ջախջախել հակառակորդին բոլոր հնարավոր միջոցներով, խորտակիչ հարվածներ հասցնել նրա զինված ավազակախմբերին, ոչնչացնել նրա ռազմական ենթակառուցվածքը,  անհրաժեշտության դեպքում նաև ընդարձակել անվտանգության գոտին ու պարտադրել վերջնական խաղաղություն:
                  Այդ խնդիրը կատարելու համար պետք է մեկտեղվեն բոլորիս ջանքերը:
                 Մեր հաղթանակն այլընտրանք չունի. մենք պաշտպանում ենք մեր նախնիների շիրիմներն ու մեր երեխաների ապագան: Մենք պաշտպանում ենք մեր նախնիների հողի վրա  ապրելու իրավունքը:
                Մեզ հետ է ամբողջ հայ ժողովուրդը:
                Մեզ հետ է արդարությունը:
                Մեզ հետ է Աստված:
                Հաղթանակը մե՛րն է լինելու»: