Վրաստանը տարածաշրջանային փոփոխությունների խաչմերուկում․ կորցնո՞ւմ է արդյոք իր ռազմավարական դերը
Վրացի փորձագետ Մամուկա Արեշիձեն լայնածավալ հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Վրաստանի տարանցիկ դերի շուրջ ստեղծված իրավիճակին և հնարավոր ռիսկերին։ Նրա խոսքով՝ Ալիևի հայտարարություններում կա թե՛ քարոզչական տարր, թե՛ իրականություն։ «Այսօր Ադրբեջանը միջազգային ասպարեզում ավելի ուժեղ դիրք ունի, քան նախկինում, քանի որ ունի տարանցիկ այլընտրանքներ և այլևս ամբողջությամբ կախված չէ Վրաստանից։ Դա նրան թույլ է տալիս խոսել նաև Զանգեզուրի ուղղությամբ նոր երթուղիների մասին։ Սակայն Վրաստանը լիովին շրջանցել հնարավոր չէ։ Թեպետ որոշ բեռներ կարող են տեղափոխվել Զանգեզուրի միջանցքով, Սև ծովի նավահանգիստները փոխարինել հնարավոր չէ, իսկ դրանք առանց Վրաստանի չեն աշխատում։ Արևելյան, Հյուսիսային և Կենտրոնական Եվրոպայի շատ երկրների համար Վրաստանով տարանցումը ավելի շահավետ է, քան Թուրքիայի միջոցով», - նշել է նա։ Ըստ փորձագետի՝ Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցության փոփոխությունը միայն Վրաստանի իշխանությունների քաղաքականության արդյունք չէ, այլ գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների հետևանք։
Ըստ Արեշիձեի՝ Վրաստանը չունի բավարար ուժեղ քաղաքական դաշնակիցներ, ինչը լուրջ ռիսկ է։ «Ադրբեջանն ու Հայաստանը այսօր գտնվում են ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում, մինչդեռ Վրաստանը նման աջակցություն չունի։ Վրաստանի նկատմամբ ճնշման ռիսկերը բարձր են՝ ոչ միայն ռազմական, այլ նաև տնտեսական, քաղաքական և գաղափարական ուղղություններով։ Այդ պատճառով երկիրը պետք է ակտիվորեն փնտրի նոր գործընկերներ, զարգացնի տեխնոլոգիական նախագծեր, համագործակցի Իսրայելի, արաբական երկրների և Կենտրոնական Ասիայի հետ, հատկապես Ղազախստանի։ Եզրափակելով՝ Արեշիձեն ընդգծել է, որ Վրաստանը չի կարող իրեն թույլ տալ հետ մնալ տարածաշրջանային զարգացումներից և պետք է առավել արդյունավետ օգտագործի արդեն առկա հնարավորությունները։