«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Չավուշօղլուի հայտարարության մեջ կան վերջնագրային ձևակերպումներ, և Հայաստանի ԱԳՆ-ն պետք է որոշի՝ շարունակե՞լ բանակցությունները, թե՞ ոչ». Ռուբեն Սաֆրաստյան

25/08/2022

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

– Պարո՛ն Սաֆրաստյան, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում երկարատև խաղաղության երաշխիքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասշտաբային համաձայնագիրն է, և Բաքուն բարձրաձայնել է իր նախաձեռնությունները, սակայն Երևանը չի պատասխանել. խոսքը «Զանգեզուրի միջանցքի» մասին է։ Երևանը պետք է կողմնորոշվի` արդյոք խաղաղությո՞ւն է ցանկանում, թե՞ ոչ։ Ստացվում է՝ այս «Զանգեզուրի միջանցքն» օրակարգ է բերվում, և Թուրքիան նախապայմաննե՞ր է թելադրում։

– Չավուշօղլուի հայտարարությունը բացահայտում է այն իրողությունները, որոնց մասին ես դեռ վաղուց խոսում եմ։ Այսինքն՝ Թուրքիան փորձում է տարածաշրջանում ներկայանալ որպես մի ուժ, որը նպատակ ունի խաղաղություն և կայունություն հաստատել։ Խոսքը Հարավային Կովկասի մասին է։

Իրականում Թուրքիայի քաղաքականությունը Հարավային Կովկասում, մեղմ ասած, ապակառուցողական է։ Եվ, ըստ էության, տարածաշրջանում լարվածությունը հիմնականում Թուրքիան է «արտադրում»։ Թուրքիան տարածաշրջանում իր գերիշխանությունը հաստատելու նպատակով ձգտում է օգտագործել Ադրբեջանին Հայաստանի, Արցախի դեմ։

Երկրորդ՝ Չավուշօղլուի հայտարարությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Թուրքիան Հայաստանի հետ բանակցություններում կիրառում է ոչ միայն նախապայմանների, այլ բացահայտ ճնշման քաղաքականություն, ինչի մասին մենք վաղուց խոսել ենք։ Նշելով բանակցությունների ընթացքում փոքր տակտիկական դրական քայլերի մասին, փաստորեն նա վերջնական քայլից առաջ պահանջում է, որ Հայաստանը գնա զիջումների։ Այսինքն՝ Թուրքիան այդ բանակցային գործընթացում իրականում ոչ թե նպատակ ունի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել, այլ ճնշում գործադրել Հայաստանի վրա և հասնել այդ երկու խնդիրների լուծմանը։ Այդ երկու խնդիրներն են՝ Հայաստանը ճանաչի Արցախը որպես Ադրբեջանի մաս, երկրորդ՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։

Երրորդ՝ մենք տեսնում ենք, որ Թուրքիան ոչ միայն նախապայմաններով է հանդես գալիս, ոչ միայն ճնշում է գործադրում, այլև արդեն սկսում է կիրառել դիվանագիտական առումով վերջնագիր հայտարարելու լեզուն։ Եվ պահանջում է, որ Հայաստանը վերջնական պատասխան տա այդ երկու խնդիրներին։

Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», ակնհայտ է, որ այդ միջանցքը Թուրքիայի համար շատ մեծ կարևորություն ունի, և դա պայմանավորված է երկու հանգամանքով՝ թե՛ պանթուրքիստական ծրագրերի իրականացման տեսանկյունից շատ կարևոր կլինի, որովհետև հնարավորություն կտա Թուրքիային Կասպից ծովի վրայով կապվել Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու երկրների հետ և թե՛ կարևոր է զուտ ռազմական առումով։

Դա հնարավորություն կտա Թուրքիային իր ներկայությունը ռազմական առումով էլ ավելի խորացնելու տարածաշրջանում։ Եթե միջանցքի տրամաբանությունը գործի, ապա Թուրքիան հնարավորություն կստանա առանց որևէ սահմանափակումների ոչ միայն զենք տեղափոխել Ադրբեջան, այլ զորք և այլն։

Թուրքիան, բացի այս երկու նպատակներից, նաև այլ նպատակ ունի, այն է՝ տարածաշրջանում ունենալ իր ռազմական բազան։ Եվ սա Թուրքիայի համար կարևոր է, որ արդեն պաշտոնապես հայտարարի, որ ունի իր ռազմաբազան Հարավային Կովկասում։ Սա Թուրքիայի համար ունի առաջին հերթին սիմվոլիկ նշանակություն։ Սա ցույց կտա, որ տարածաշրջանն անցնում է իր ազդեցության ներքո։ Այնպես որ, այդ միջանցքը նաև այդ նպատակին կծառայի։

– Չավուշօղլուն նշել է, որ Անկարան Բաքվից որևէ գաղտնի ծրագրեր չունի։ Հայկական զորքերը երկու տարվա ընթացքում դեռ չեն հեռացել Ադրբեջանի տարածքից, նաև նշել է, որ կարգավորման գործընթացում Հայաստանն անկեղծ չէ։ Փաստորեն Հայաստանի հետ հաշտեցումը նա կրկին կապում է Երևանի և Բաքվի հարաբերությունների հե՞տ։

– Հիմա մենք արդեն շատ հստակ կարող ենք ձևակերպել հետևյալ միտքը, որ ոչ միայն Թուրքիան գաղտնիք չունի Ադրբեջանից, այլև Ադրբեջանի հետ համատեղ է իր քաղաքականությունը մշակում տարածաշրջանում, որովհետև երբ անցյալ տարի ստորագրվեց Շուշիի հռչակագիրը, դա հենց այդ գործողությունների պարադիգմն է բացահայտում։ Այնպես որ, Չավուշօղլուի հայտարարությունը նորություն չէ մեզ համար։

– Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների չորրորդ հանդիպումն էլ տեղի ունեցավ։ Թուրքիայի ԱԳ նախարարի նման հայտարարությունները արդյոք փակուղի չե՞ն տանում գործընթացը։

– Դա արդեն Հայաստանը պետք է որոշի՝ փակուղի գնո՞ւմ է նման հայտարարություններից հետո, թե՞ ոչ։ Ես կարծում եմ, որ Հայաստանի կողմից պետք է շատ լուրջ քննարկվեն նման հայտարարությունները։ Հայաստանի ԱԳՆ-ն պետք է որոշի՝ շարունակե՞լ բանակցությունները, թե՞ ոչ։

Մենք կարող ենք հետևյալն արձանագրել, որ թուրքական կողմի հայտարարությունները վերջին ժամանակաշրջանում գտել են իր ամբողջ դինամիկան։ Սկզբում հայտարարվում էր, որ բանակցությունները տեղի են ունենալու առանց նախապայմանների, թուրքական կողմը այդ մասին մի քանի անգամ պաշտոնապես հայտարարել է։ Դրանից հետո թե՛ Չավուշօղլուի, թե՛ Էրդողանի կողմից հնչեցին հայտարարություններ, որոնք ընդգծեցին, որ Թուրքիան ունի նախապայմաններ։

Հիմա այս հայտարարությունն էլ, իմ ընկալմամբ, արդեն գնում է մեկ քայլ առաջ։ Այդ հայտարարության մեջ մենք նկատում ենք վերջնագրային ձևակերպումներ։ Դրանք դեռ բացահայտ վերջնագիր չեն, բայց վերջնագրային հայտարարություններին հատուկ ձևակերպումներ են։ Նրանք գնալով փորձում են Հայաստանի վրա ճնշումն ուժեղացնել։ Սա է ամբողջ դինամիկան ցույց տալիս։ Եվ որոշում ընդունողները պետք է որոշեն՝ ինչպես վարվել։ Եվ կարծում եմ՝ նման հայտարարությունները Հայաստանի կողմից անհետևանք չպետք է մնան և պետք է գոնե դիվանագիտական հռետորաբանության միջոցով դրանց պատասխանել։
Մանե Հարությունյան
MediaLab.am