«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ընդդիմությունը սահուն կերպով փորձ է անում մտնել խորհրդարան և կանխել մանդատները հետ վերցնելու գործընթացը. Գարիկ Քեռյան

03/06/2022

«Առավել հավանական սցենարն այն է, որ իշխանական թևը չի գնա Ազգային ժողով,  քվորում չի լինի և արտահերթ նիստը չի գումարվի: Բացառված չէ, որ որոշ հանգամանքներ ինչ-որ փոփոխություն մտցնեն գործընթացի մեջ, օրինակ՝ իշխանությունը որոշի գնալ ԱԺ և դեմ քվեարկել ընդդիմության առաջարկած բանաձևին: Սակայն, ամեն դեպքում ես կարծում եմ, որ արտահերթ նիստը չի գումարվի»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով այսօր ԱԺ-ում ընդդիմության հրավիրած արտահերթ նիստին՝ ասաց քաղաքագետ Գարիկ Քեռյանը:

Ըստ նրա՝ այս քայլով ընդդիմությունը փորձում է վերադառնալ խորհրդարանական պայքարի.«Էականն այն է, որ վերջին մեկ ամսվա պայքարի ընթացքում ընդդիմությունը միշտ հայտարարում էր, որ նախընտրում է փողոցային պայքարով հասնել իշխանափոխության և ահա հանկարծ անակնկալ արվում է այս քայլը, որն իմ կարծիքով կարելի է որակել որպես խորհրդարանական սահմանադրական պայքարի վերադառնալու փորձ կամ միջոց, կամ իշխանության մտադրությունները շոշափելու քայլ»:

Քաղաքագետի կարծիքով՝ այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ իշխանության պատգամավորական թևը բարձրացրել է ըստ օրենքի ընդդիմադիր պատգամավորներից մանդատը վերցնելու հարցը. «Եթե սա տեղի ունենա՝ նշանակում է, որ պառլամենտական ամբիոնն ընդդիմությունը կկորցնի, սա բավականաչափ լուրջ է այն առումով, որ նրանք ազդեցության լծակ են կորցնում քաղաքական գործընթացին մասնակցելու համար: Կարող ենք ասել, որ նրանք ԱԺ գնալով նորից սահուն կերպով փորձ են անում  մտնել խորհրդարան և կանխել մանդատները հետ վերցնելու գործընթացը»:

Քեռյանը դիտարկեց նաև երրորդ տարբերակը. «Ընդդիմությունը միաժամանակ հրավիրել է նաև հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում, հավանաբար որոշ առավել արմատական տրամադրված գործիչներ մտածում են, որ խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորների լինելու պարագայում կարելի է ներսից և դրսից կազմակերպել ճնշում խորհրդարանի վրա»:

Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրերին, որ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հանդիպել է մի շարք արտախորհրդարանական ուժերի հետ՝ քաղաքագետը նշեց, որ այդ հանդիպման իմաստը չի հասկանում. «Այդ ուժերն իրենց թիկունքում ռեսուրս չունեն, չկան այնպիսի հասարակական շերտեր, որոնք այդ ուժերի հետևից գնան, այդտեղ կան կուսակցություններ, որոնք մեկ-երկու հոգի են՝ ոչ ավել, բնականաբար նման հանդիպումները լուրջ գնահատել պետք չի»:

Գարիկ Քեռյանը կարծում է, որ այս պայքարը մարում է. «Եթե փողոցային պայքար է նախաձեռնվում, դա չի կարող շատ երկար տևել, եթե այն տևում է ամիսներ, բնականաբար իր սրությունը կորցնում է: ««Դիմադրություն» շարժումը փողոցային պայքարը սկսելու ժամանակ հաստատ համոզված էր, որ 20 օրվա ընթացքում իշխանությունը ստիպված կլինի հրաժարական տալ, սակայն այժմ տեսնում ենք, որ դա տեղի չի ունենում, ուստի շարժումը գնում է դեպի մարում»:

Նշենք, որ ընդդիմության հրավիրած ԱԺ արտահերթ նիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 16:00-ին: