«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայտնի է՝ երբ կգործի Բերձորի միջանցքի նոր երթուղին

25/08/2022

Բերձորի միջանցքի նոր երթուղին կգործարկվի ընթացիկ տարվա սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը: «Մինչ այդ կգործի Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս մայրուղին: Այլընտրանքային երթուղին կգործի դեպի հարավ տեղափոխվող նոր միջանցքում: Նոր ճանապարհով երթևեկությունը կսկսվի ռուսական խաղաղապահ զորակազմի բոլոր բլոկ-պոստերի տեղակայումից հետո:

Այդ ընթացքում պատրաստ կլինի ժամանակավոր՝ 4,5 կիլոմետրանոց հատվածը, որի մի մասն արդեն ասֆալտապատվել է և մոտ օրերս ամբողջությամբ կավարտվի: Ենթադրվում է, որ սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում երթևեկությունն արդեն կկազմակերպվի նոր ճանապարհով»,- մանրամասնեց նախարարը:

Նրա խոսքով՝ նոր երթուղու ժամանակավոր հատվածը շրջանցում է Բերձորը, Աղավնոն և Ներքին Սուսը, ապա միանում է Աղավնո-Տեղ ճանապարհին՝ Աղավնոյից մոտ 3 կմ հեռավորության վրա: Գերատեսչության ղեկավարը հավելեց, որ ակտիվ շարունակվում է նաև ենթակառուցվածքների տեղափոխման գործընթացը: «Կապի հարցն արդեն լուծված է:

Էլեկտրականության գծերի տեղափոխման համար դեռ ժամանակ կպահանջվի, իսկ գազամատակարարման առումով, ինչպես արդեն նշել եմ, այլ լուծումներ պետք է փնտրվեն»,-ասաց Հայկ Խանումյանը: Այսօր՝ օգոստոսի 25-ին, Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկկողմանի բաց է Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը, որի անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները: