«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երասխի «գաղթական» գործարանը. Արայիկ Մկրտումյան

16/09/2023

Հայաստանում «լուն ուղտ սարքելու» տրամաբանությունն արդեն տևական ժամանակ է ինչ կիրառվում է որպես ընդհանուր գործունեության սկզբունք: Ի վերջո «լուն ուղտ դարձնելով» հայերը իրենք իրենց համար ուռեցնում են հերթական պղպջակը, որն էլ պայթելով նորից հուսախաբություն է առաջացնում:

Այս դեպքում խոսքը վերաբերում է «մետալուրգիական հսկային», ինչպես որ փքուն բառերով ներկայացվեց ամիսներ առաջ Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանը: Ասվում էր, որ դա հայ-ամերիկյան համատեղ ներդրման հետևանքն է՝ 70 մլն ԱՄՆ դոլար բյուջեով: Հայաստանում այդ գործարանով շատ ուրախացան և ակտիվորեն սկսեց ներկայացվել այդ գործարանի ոչ թե տնտեսական, այլ քաղաքական կողմը: «Մետալուրգիական հսկան», որն իրականում ընդամենը երկաթբետոնի ամրաձող (арматура) պիտի արտադրվեր, ներկայացվեց որպես ամերիկյան ներկայության ամենաիրական նշանակություն: Միանգամից սկսվեց վերլուծությունների մի ամբողջ շարք, որ Հայաստանում ներդրումներ անելով ԱՄՆ-ը հասկացնում է, որ ինքն արդեն մուտք է գործել Անդրկովկաս, մասնավորապես Հայաստան և պարզ տրամաբանությունը հուշում էր, որ եթե ամերիկացիները այստեղ ներդրումներ են անում, ուրեմն «մի բան գիտեն»: Այդ «մի բան գիտենալը» այն էր նշանակում, որ ամերիկացիները կպաշտպանեն իրենց ներդրումները, Հայաստանի սահմանային հարցերը ավելի անվտանգ կլինեն ու սա ռուսների հեռացման ուղիղ ազդակ է:

Բայց պղպջակը շուտով պայթեց: Նախ ոլորտի որոշ մասնագետներ կեսբերան ասեցին, որ «մետալուրգիական հսկա» կոչվածը նվազագույնը մի քանի հարյուր մլն դոլարի ներդրում է պահանջում և հսկա էլ կա, հսկա էլ: Հայաստանի համար գուցե և արմատուրայի արտադրությունը հսկայի չափանիշ է, բայց ոչ ավելին: Երկրորդ՝ ադրբեջանցիները այդ կառուցվող գործարանն առան ուղիղ կրակի տակ՝ անընդմեջ խանգարելով գործարանի կառուցմանը, նույնիսկ վիրավորվել էր ԱՄՆ քաղաքացի, հնդկական ծագում ունեցող աշխատակից: Բայց Հայաստանում վճռաբար հայտարարեց, որ իրենք չեն պատրաստվում որևէ կերպ նահանջելու և  գործարանն աշխատելու է: ՀՀ կառավարությունը դեսպաններին բերեց այստեղ և ցույց տվեց, թե ինչ է կատարվում, նույնիսկ ամերիկյան դրոշ էլ տեղադրվեց: Ոմանք հույս ունեին, որ այդ դրոշի ներկայությունը կզսպի ադրբեջանցիներին, իսկ ոմանք էլ զգուշանում էին, որ դրանով ռուսներին են պրովոկացիայի ենթարկում ու հենց ռուսներն էլ դրդում են ադրբեջանցիներին, որ նրանք խանգարեն այդ գործարանի կառուցումը: Եղան նաև ավելի հետաքրքիր կարծիքներ, որ այդ գործարանի կառուցման հետևում իրականում ռուսներն են կանգնած և նրանք դիտմամբ այնպես են անում, որ արժեզրկվի ամերիկյան դրոշը: Մի խոսքով դավադրությունների տեսակետի պակաս չզգացվեց ու այդ արմատուրայի գործարանը «փչվեց» դարձավ միջազգային կարևորության նշանակություն ունեցող մի երևույթ:

Եվ ահա երեկ՝ սեպտեմբերի 14-ին Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը գրառում է կատարում, որ իրենք «ապահովում են գործարանի սարքավորումների ավելի անվտանգ վայր տեղափոխվելը»: Քիչ անց այդ գրառոմը խմբագրվեց ու դարձավ այսպիսի մի բան, որ «դիտորդներն իրենց ներկայությամբ ապահովում են անվտանգ միջավայրը» և հեռացրին «ապահովում են տեղափոխությունը» բառերը:

Ու հարց է ծագում, թե ինչու են եվրադիտորդները նախ հայտարարում, հետո խմբագրում: Դա լեզվի ծայրից թռած անզգույշ արտահայտությո՞ւն էր, թե հայկական կողմն է խնդրել խմբագրել և այսպես ասած «աղմուկ չստեղծել» և սուս ու փուս տեղափոխել այդ գործարանն անվտանգ մի վայր: Դրա մասին կարող ենք ենթադրել, բայց հաստատում չենք ունենա:

Բայց ամենից զայրացնողն այստեղ ոչ թե տեղեկատվական աճպարարությունն է, այլ այն, որ Ադրբեջանը այդպես էլ թույլ չտվեց այդ գործարանի կառուցումն ու շահագործումը: Ու կարևոր չէ, թե դա «մետալուրգիան հսկա է», թե ջրի կրպակ: Ադրբեջանը հայտարարեց, որ այդ գործարանը մեծ բնապահպանական ռիսկեր է պարունակում իր մեջ ու ողջ միջազգային հանրության լուռ համաձայնության ուղեկցությամբ քանդեց դեռևս չկառուցված գործարանը: Բնական է, որ եթե նույնիսկ հայերը անմահության խնձոր էլ աճեցնեին, ադրբեջանցիները խանգարելու էին: Բայց այստեղ ոչ թե ադրբեջանցիներն են հարցը և ոչ էլ միջազգային հանրությունը: Հարցը ՀՀ կառավարությունն է: Հարցն այն է, որ Ադրբեջանն իր ցանկությամբ է որոշում, թե Հայաստանում որտեղ թույլ կտա գործարան հիմնադրել, իսկ որտեղ՝ ոչ: Նույնկերպ և Կապանի օդանավականը: Ադրբեջանցիները նույնկերպ և թույլ չեն տալիս, որ այդ օդանավականը նորմալ աշխատի:

Ու հարց է առաջանում: Նման աղմուկ բարձրացնելուց առաջ ՀՀ կառավարությունն ընդհանրապես մտածե՞լ է, թե որտեղ և ինչ է անում: Որևէ հաշվարկ արվե՞լ է այդ գործարանի անխափան աշխատանքն ապահովելու, ներդրումները պաշտպանելու ռիսկերի առումով: Ու ընդհանրապես ինչ որ նախնական երաշխիքներ եղե՞լ են, որ այդ գործարանը կաշխատի: Ու վերջապես այդ ի՞նչ անպատասխանատվություն է կառավարության կողմից: Մի՞թե կարելի է նման անհեռատես քայլերով ավելի իջեցնել ՀՀ հեղինակությունն աշխարհում: Ապացուցել, որ ՀՀ-ը ի վիճակի չէ նույնիսկ միջին չափսի մի գործարան աշխատեցնել: Էլ ո՞վ կվստահի ՀՀ-ը ու ներդրումներ կցանկանա անել: Ու ի՞նչ օգուտ տվեց «մետալուրգիական հսկայի» շուրջ ստեղծված այդ անհասկանալի ու անիմաստ աղմուկը: Մի՞թե ընդամենը տվյալ պահի ներքաղաքական կարճատև հաղթանակի համար էր այդ ամենը:

 Ու ամենից ամոթալին այն է, որ մենք մեր իսկ տարածքում չենք կարողանում գործարան կառուցել: Իսկ եթե վաղը Ադրբեջանը սկսի խանգարել նաև այլ տնտեսական կառույցների, դրանք ևս ապամոնտաժվելո՞ւ են ու «գաղթեն» ավելի խորը թիկունք:

Եվ ի վերջո, սա հարված է ՀՀ ինքնիշխանությանը:
Արայիկ Մկրտումյան
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի գիտաշխատող