«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Զինվորներին զանգել կարելի է, սակայն չի կարելի մանրամասներ քննարկել. Սամվել Մարտիրոսյան

13/10/2020

Զինվորների լուսանկարները տարածելը բարդ թեմա է, բայց պետք է ֆիքսենք, որ երբ անհայտ կորած զինվորի նկար են տարածում և հեռախոսահամար են տեղադրում, ադրբեջանական կողմը սկսում է օգտվել դրանից և  այդ մարդիկ դառնում են թիրախ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Ադրբեջանական կողմից հայկական համարներից զանգեր էին լինում, քանի որ ինչ-որ պահի օրինակ՝ տուրիստներից SIM քարտեր են գնել, գրանցել են WhatsApp կամ Viber, զանգահարում են ու հարց ու փորձ են անում Հայաստանի ներքին վիճակից»,- ասաց նա և նկատեց, որ նման դեպքեր Ոստիկանությունը բացահայտել է:

Սամվել Մարտիրոսյանը նաև նշեց, որ շատ կարևոր է, որ տեղեկությունները տարածվեն վստահելի աղբյուրներից միայն:

Ինչ վերաբերում է զինվորներին զանգելու հարցին, նա պատասխանեց, որ զանգել կարելի է, բայց մանրամասները քննարկել՝ ոչ: «Մարդիկ անհանգիստ են, զանգում են, խնդիրն այն է, որ չխոսեն այն բաների մասին, որոնք հայտնի կդառնան թշնամուն, քանի որ հեռախոսազանգերը գաղտնալսման տակ են»,-ասաց նա:

Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ պատերազմական այս շրջանում տեղեկատվության տարածման հարցում հանրային շատ մեծ աջակցություն կա, երբեք այսքան ներգրավվածություն չի եղել, մարդիկ իրենց պրոֆեսիոնալ ներուժն են ներդնում:

«Բացի այդ, Թուրքիայի ներգրավվածությունը բերել է նրան, որ մեզ աջակցում են օրինակ բազմաթիվ արաբական երկրներ: Ահաբեկիչների ներգրավվածությունը կոնֆլիկտը շատերի համար ընկալելի է դարձնում, և հստակ գծեր են քաշվում քանի ադրբեջանական կողմից կռվում են վարձկաններ, բացահայտ հարվածում են քաղաքացիական բնակչությանը, եկեղեցիներին»,- ասաց նա և նշեց, որ թեև Ադրբեջանը շատ մեծ գումարներ է ծախսում, սակայն մարդիկ տարբերում են, թե որտեղ է ժողովրդավարությունը, թե որտեղ են բռնապետություններ: