«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈւԹ․Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում մասնակի զորահավաք է հայտարարել. կզորակոչվի 300 հազար մարդ (Տեսանյութ)

21/09/2022

Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ռուսաստանում մասնակի զորահավաքի մասին.

<<Այսօր մեր զինված ուժերը գործում են հազար կիլոմետրը գերազանցող շփման գծի երկայնքով, դիմադրում հավաքական Արևմուտքի գրեթե ողջ ռազմական մեքենային: Այս իրավիճակում անհրաժեշտ եմ համարում ընդունել հետևյալ որոշումը՝ պաշտպանելու մեր հայրենիքը, երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ապահովելու մեր ժողովրդի և ազատագրված տարածքների մարդկանց անվտանգությունը։ Անհրաժեշտ եմ համարում աջակցել Ռուսաստանի պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի առաջարկությանը մասնակի զորահավաք անցկացնելու վերաբերյալ: Զորահավաքային միջոցառումներ կանցկացվեն այսօրվանից՝ 2022 թվականի սեպտեմբերի 21-ից։ Հրամանագիրը ստորագրված է:

Վլադիմիր Պուտինի խոսքով՝ կզորակոչվեն միայն այն քաղաքացիները, որոնք գտնվում են պահեստազորում, և առաջին հերթին նրանք, ովքեր ծառայություն են անցել զինված ուժերում, ունեն համապատասխան զինվորական մասնագիտացում և փորձ։ ՊՆ տվյալով՝ ընդհանուր առմամբ կզորակոչվի 300 հազար պահեստազորային, որը երկրի ընդհանուր զորահավաքային ռեսուրսի շուրջ 1%-ն է։ Ուսանողներին և ժամկետային զինծառայողներին զորակոչելու հեռանկարը չի դիտարկվում>>:

Իր ելույթում Պուտինը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանին պառակտելու փորձերը նոր չեն, նշել, որ այժմ նաև, նրա ձևակերպմամբ, միջուկային շանտաժ է արվում։

<<Ուզում եմ հիշեցնել՝ մեր երկիրը նույնպես ոչնչացման տարբեր միջոցներ ունի, և առանձին բաղադրիչներ ավելի ժամանակակից են, քան ՆԱՏՕ-ինը: Եթե մեր երկրի տարածքային ամբողջականությանը վտանգ սպառնա, մենք, անշուշտ, կօգտագործենք մեր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները, սա բլեֆ չէ>>,-ասել է ՌԴ նախագահը:

Կրեմլի ղեկավարն անդրադարձել է Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքին, նշել, որ Լուգանսկի շրջանը գրեթե ամբողջությամբ անցել է ռուսական ուժերի վերահսկողության տակ, Դոնեցկի շրջանում մարտերը շարունակվում են: Նա նաև շեշտել է՝ Ռուսաստանը կհարգի իր վերահսկողության տակ անցած տարածքների բնակիչների կամքը՝ որոշելու սեփական ճակատագիրը․

<<Դոնբասի ժողովրդական հանրապետությունների խորհրդարանները, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի ռազմաքաղաքացիական վարչակազմերը որոշել են հանրաքվեներ անցկացնել Ռուսաստանին միանալու համար: Մենք կաջակցենք մեծամասնության որոշմանը:

Սեպտեմբերի 23-27-ը Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեներ անցկացնելու մասին հայտարարություններին Կիևի և միջազգային հանրության արձագանքը չի ուշացել:

Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի ռուսական իշխանությունների որոշումը քննադատել են Եվրամիությունը և Սպիտակ տունը, զգուշացրել՝ երբեք չեն ընդունի հանրաքվեի արդյունքները և նոր պատժամիջոցներ կսահմանեն Ռուսաստանի դեմ:
Քննադատական հայտարարություններով են հանդես եկել նաև Օտտավան, Բեռլինը և Փարիզը՝ միանշանակ աջակցություն հայտնելով Կիևին:

Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ չնայած առկա զարգացումներին՝ Կիևի դիրքորոշումն ու խնդիրներն անփոփոխ են՝ ավելի մեծ աջակցություն Ուկրաինայի զինված ուժերին, հետախուզությանը, հատուկ գործողությունների ուժերին, ոստիկանությանը, սահմանապահներին։

Ուկրաինայի փոխվարչապետը, իր հերթին, տեղեկացրել է, որ Կիևի վերահսկողության տակ չգտնվող տարածքների բնակիչներին հանրաքվեին մասնակցելու համար կարող է սպառնալ մինչև հինգ տարվա ազատազրկում>>։