Իրանում հեղափոխությունն այլընտրանք չունի. Աշոտ Ներսիսյան
Անցած տարվա հունիսին Իրանի վերաբերյալ մի վերլուծություն էինք գրել, որն ավարտվում էր հետևյալ տողերով`«Կրկնում ենք` փտած է Իրանի քաղաքական համակարգը: Իսլամական հեղափոխական բանակի գեներալները տնտեսական կլանների մեջ են, իսկ շատ փողը փչացնում է գեներալիտետին: Իրան-Իսրայել փոխադարձ գրոհները միայն դժբախտություն են բերում սեփական քաղաքացիներին: Եթե երկար շարունակվի`իսլամական ռեժիմը կփլվի: Իսկ մեր խանդավառությունը, թե Իրանը կխփի Ադրբեջանին, ինքնախաբկանք է, ինքնախաբկանք»: Չենք ուզում մարգարեանալ, բայց կատարվում է այն, ինչ կանխատեսել էինք, և ոչ միայն այդ վերլուծականում: Ցանկալին իրականի հետ շփոթող շատերը թերևս այսօրվա դրությամբ էլ, երբ քանդվում է Իրանը, հակառակ տեսակետին են կամ առնվազն այդ ներքին բուռն ալեկոծությունները կապում են ԱՄՆ-ի և Իսրայելի դավադիր գործունեության հետ, բայց եթե Իրանը ներսից ուժեղ լիներ, Մոսադը հեշտորեն չէր թափանցի և ճշգրիտ հարվածներով չէր ոչնչացնի նրա բազում առաջնորդների, ԱՄՆ աջակցությամբ քարուքանդ չէր անի ուրանի հարստացման գաղտնի օբյեկտները: Հարկավ, կայունությունն Իրանում մեր շահերից է բխում, բայց փոքր ենք` իրողությունների վրա ազդելու համար: Ամերիկյան հատուկ գործողությունը տևեց մեկ երկու ժամ և գերեվարած ԱՄՆ տարան Վենեսուելայի նախագահին և իր տիկնոջը, խարիզմատիկ առաջնորդ Ուգո Չավեսի անտաղանդ հետնորդ Մադուրոյին, իսկ ռուսական հատուկ գործողության չորրորդ տարին կլրանա շուտով: ԱՄՆ -ն, օգտվելով Իրանի փտած համակարգից, շուտով այնտեղ էլ կունենա իր համար անհրաժեշտ վարչաձևը: Իսլանական ֆունդամետալիզմի վրա հիմնված այաթոլաների իշխանությունը կանցնի պատմության գիրկը և այս առումով ոչինչ չեն կարողանալու անել ոչ Ռուսաստանը և ոչ էլ Չինաստանը: Նրանք չեն կարող օգնել` գնդակահարելու հարյուր հազարավորների: Խամենեին կամ կունենա Ասադի ճակատագիրը, կամ մի հատուկ գործողություն էլ նրա համար կկազմակերպվի: Իսկ Հայաստանում դեռ շատերն ապրում են այն մարմաջով, որ ռուսները կվերադառնան: Երբևէ պետք չէ հակառուս լինել, բայց նրա փեշից ինչքան ցանկանում ես բռնիր և քաշիր, քո ձեռքում կմնա դրանից մի կտոր, որը բովանդակում է ներքին խառնակչություններ: Ռուսներն այլևս ոչինչ չեն կարող անել դեպի իրենց հակվածների քաղաքական շահերից ելնելով: Մենք էլ կարող ենք հայրենասիրական զեղումներով լի ներբողներ կարդալ , բայց ջինը արդեն շշից դուրս է եկել: Հիմա պետք է մտածել Իրանի հեղափոխական և իշխանափոխության շրջանում առկա անկայունությամբ պայմանավորված ՀՀ տնտեսական հնարավոր վնասները չեզոքացնելու կամ գոնե թեթև տանելու մասին:
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ա. Ներսիսյան