«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ (ԱՐՇԱԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ) (1872թ. ապրիլի 20 - 1940թ. հուլիսի 31)

31/07/2021

Այսօր, հուլիսի 31 – ին հայ մեծ զորավար, պետական գործիչ Սեպուհի մահվան օրն էր: Այդ առթիվ կրկին մեր ընթերցողներին ենք ներկայացնում նրա կյանքի և գործունեության համառոտ պատմությունը:

19-րդ դ. վերջին և 20-րդ դ. սկզբի հայ ազգային-ազատագրական պայքարի նշանավոր գործիչ, Հայաստանի Հանրապետության (1918-1920թթ.) զորավար Սեպուհը (Արշակ Ներսիսյան) ծնվել է 1872թ. ապրիլի 20-ին Բաբերդ գավառի Թոմնա գյուղում: Երեք տարեկան   հասակում ծնողների հետ գաղթել է նույն գավառի Վարզահան գյուղը, որի դպրոցում էլ ստանում է  նախնական կրթությունը: 1882թ. նա ծնողների հետ տեղափոխվում է Տրապիզոն, որի Ազգային վարժարանում էլ շարունակում է ուսումը: 1888թ. հոր` Ներսեսի հանձնարարական նամակով Տրապիզոնից անցնում  է Կ. Պոլիս` ուսումը շարունակելու, սակայն, որոշում է այլևս չսովորել և մտնում է Ելտըզ` աշխատելու: Այս շրջանում արդեն ազգային-ազատագրական պայքարը զարթոնք էր ապրում: Ս.Դ. Հնչակյան կուսակցությունը իր կառույցներն էր ստեղծել նաև Կ. Պոլսում: Սեպուհը հնչակյան գործիչ Թովմաս Ջելալյանի միջոցով մտնում է այդ կուսակցության շարքերը: Շատ չանցած այդ կուսակցության հանձնարարությամբ կատարում է ահաբեկչական մի գործողություն: Գում-Գապուի ցույցից հետո (1890թ.), երբ սկսվում են ձերբակալությունները, նա կեղծ անձնագրով մեկնում է Ղրիմ: Այստեղ ապրում է արկածալից կյանք` անխնա պատժելով մատնիչներին և դավաճաններին: 1894թ. Սևաստոպոլում Սեպուհն անդամագրվում է Հ.Հ. Դաշնակցություն կուսակցությունը և սպասում է հարմար առիթի` Արևմտյան Հայաստան մեկնելու համար:

1895թ. մարտին Սևաստոպոլ է գալիս արևմտահայ ազգային-ազատագրական պայքարի մեծ կազմակերպիչ Արմենակ Ղազարյանը (Հրայր Դժողք), որը նպատակ ուներ հորդորելու պանդուխտ հայ երիտասարդներին` վերադառնալ Արևմտյան Հայաստան և նվիրել նրա ազատագրական պայքարի սուրբ գործին: Տարվելով Հրայրի գաղափարներով` Սեպուհը որոշում է անցնել Արևմտյան Հայաստան: Նա անցնում է Երևան, ապա` Կարս, որտեղից Հրայր Դժողքի 1895թ. հուլիսին երկիր առաքած առաջին  խմբի կազմում մեկնում է Արևմտյան Հայաստան: Նա նախ գործում է  Խնուս գավառում, ուր կազմակերպչական աշխատանքներ է տանում Քաղքիկ, Խաչալույս, Հարամիկ, Էլպիս, Խոզլու, Չեվուրմե և Արոս գյուղերում` ստեղծելով գաղտնի մարտական խմբեր: Այնուհետև անցնում է Տարոն և Սասուն, ուր դարձյալ կազմակերպչական աշխատանքներ է տանում, սակայն Մշո Կուրավու գյուղում ձերբակալվում է և տարվում է Մշո բանտը: Այստեղից տեղափոխվում է  Բաբերդի բանտը, ուր որոշ ժամանակ մնալուց հետո ազատվում է:

Որպես խիզախ հայդուկ Սեպուհն իրեն առաջին անգամ դրսևորում է Խաստուրի կռվի ժամանակ (1899թ. հոկտեմբեր): Խանի (Բարսեղ Թիրաքյան) խումբը (83 հոգի) Արևմտյան Հայաստան անցնելու ճանապարհին, Ալաշկերտի Խաստուր գյուղում ունենում է ուժեղ կռիվ թուրքերի հետ: Առաջին տասնյակը, որը պաշարման շղթան ճեղքելով շարժվում է առաջ և գրավում մոտակա լեռան բարձունք, գլխավորում է Սեպուհը:

1900-02թթ. Սեպուհը Սեբաստացի Մուրադի հետ գործում է Կարսի շրջանում: 1903թ. Թումանի (Թորգոմ) «Մրրիկ» խմբի կազմում անցնում է Սասուն: Ղեկավար մասնակցություն է ունենում Սասունի 1904թ. ինքնապաշտպանությանը` կռվելով Շենիք-Սեմալ-Չայ պաշտպանական գծի վրա: 1904թ. ապրիլի 13-ին Սեմալում, կատաղի կռվի ժամանակ նա վիրավորվում է և հայտնվում է թշնամու ձեռքն ընկնելու վտանգի տակ: Նա  փորձում է ինքնասպանություն գործել, բայց վրա հասած Հրայր Դժողքը արգելում է այդ անել` փորձելով օգնել նրան: Սակայն, այդ պահին զոհվում է: Երբ Սասունը պարտվում է, որոշվում է Վան ուղարկել Սեբաստացի Մուրադին` զենք և զինամթերք բերելու համար: Մուրադը Վան է մեկնում մի փոքրիկ խմբով, որի մեջ էր վիրավոր Սեպուհը: Նա մինչև 1904թ. հուլիսը մնում է Ախլաթում, ուր պատժում է դավաճաններին և ապահովում Սասունում կռվող հայդուկների նահանջի ճանապարհը դեպի Վան: Այնուհետև Սեպուհը միանում է Վան մեկնող Անդրանիկի խմբին, որը Շամիրամի կռվից հետո (որին Սեպուհը փայլուն մասնակցություն է դրսևորում) անցնում է Դատվան, այնտեղից  էլ` Աղթամար: Նա միառժամանակ (1904-05թ.) Իշխանի (Նիկոլ Պողոսյան) հետ գործում է Լեռնապարում, բայց սկսված հայ-թաթարական կռիվները նրան կանչում են Կովկաս: Այդ կռիվներին նրա ցուցաբերած մասնակցությունն անժխտելի է, մանավանդ, Գանձակում, ուր քանդում էր թաթարական գյուղերը: Այս շրջանի հայությունը երախտապարտ է մնում Բաբերդի առյուծին:

1907թ. գարնանը Սեպուհը մեկնում է Վիեննա, ուր մասնակցում է Հայ Հեղափոխական Դաշնակցության 4-րդ ընդհանուր ժողովին, որից հետո` պարսկական հեղափոխությանը:

1908թ. թուրքական հուլիսյան սահմանադրությունից հետո միառժամանակ գործում է Բիթլիսում և Տարոնում, ապա` անցնում է հայրենի գյուղը` Վարզահան: Սեպուհն այն քիչ գործիչներից մեկն էր, որը հավատ չէր տածում թուրքական սահմանադրության նկատմամբ:

Մինչև 1912թ. դեկտեմբերը Սեպուհն ապրում և գործում է հայրենի գյուղում, ուր հիմնում է նաև գյուղատնտեսական վարժարան:

1912թ. դեկտեմբերին, զգալով, որ իր դեմ թուրքական դավադրություն է կազմակերպվում, նա թողնում է հայրենի գյուղը և մեկնում է Կովկաս, որտեղից էլ` Խարկով քաղաքը, ուր հիմնում է նպարավաճառի խանութ: Սակայն, հայ ժողովրդին սպասում էին դաժան փորձություններ, իսկ Սեպուհը չէր կարող անտարբեր անցնել դրանց կողքով: Երբ սկսվում է առաջին աշխարհամարտը, նա շտապ  մեկնում է Թիֆլիս: Այստեղ նա մերժում է երրորդ կամավորական գունդը ղեկավարելու առաջարկները և մեկնում է ռազմաճակատ` միանալու իր հին մարտական ընկեր  Անդրանիկին, որի գնդում ստանձնում է վաշտի հրամանատարի պաշտոնը` մասնակցելով նրա մղած բազում կռիվներին, այդ թվում Դիլմանի նշանավոր ճակատամարտին: Բայց շուտով խորանում են տարաձայնությունները նրա և Անդրանիկի միջև: Հիմնականում դրանք վերաբերում էին մարտավարական խնդիրներին: Սեպուհը գտնում էր, որ հայ կամավորները պետք է խուսափեին առաջապահներ լինելուց, քանի որ նահանջող թշնամին տեսնելով, որ իր դեմ հայեր են կռվում, իր վրեժը լուծում էր արևմտահայ տարրերից` նահանջի ճանապարհին ջարդելով և քայքայելով այն: Նա առաջարկում է առաջապահների և խուզարկուների դերը հանձնել փորձված ռուսներին, որի դեպքում թշնամուն ոչ թե կստիպեին նահանջել, այլ`շրջապատել և ջախջախել: Սակայն, իր համոզմունքների մեջ համառ Անդրանիկը չի հրաժարվում իր գործելակերպից և Սեպուհը հեռանում է:

1916թ. Սեպուհը Մուրադի, Կայծակ Առաքելի, Գրիգոր Ամիրյանի, Ստեփան Ծաղիկյանի հետ Բիթլիսում, ապա` Բաբերդում «մեկ հայ մեկ ոսկի» արբահավաքի ձեռնարկողներից էր, որի հետևանքով փրկվում են բազում հայ որբեր և գաղթականներ:

1917թ. դեկտեմբերին Սեպուհը Հայոց Ազգային Խորհրդի կողմից նշանակվում է Բաբերդի գավառապետ: Ռուսական կովկասյան զորքերի հրամանատար Օդիշելիձեն նրան նշանակում է նաև նույն տարածաշրջանի ռազմական հրամանատար: Բաբերդում նա անուրանալի ջանքեր է գործադրում 1918թ. հունվարից սկսված թուրքական առաջխաղացումը կանգնեցնելու և նրա պաշտպանությունն ամրապնդելու ուղղությամբ:  Սակայն, նրա ջանքերը տալիս են ժամանակավոր արդյունք , քանզի հայոց մեջ չկար գործողությունների միասնություն և ամենուրեք զորքերի մեջ առկա էր բարոյալքումը: Այս ամենով հանդերձ նա և Մուրադը այն քչերից էին, որ կարողանում են կազմակերպել Բաբերդի և Երզնկայի ռուսական բանակի միլիոնների հարստության հասնող ռազմամթերքի պահեստների մեծ մասը` իրենց անցած վայրերը մաքրագործելով մահմեդական տարրից:  Բաբերդից կռվով նահանջելով Էրզրում, Սեպուհը  Մուրադի հետ ձեռնամուխ է լինում նրա պաշտպանության կազմակերպման աշխատանքներին: Սակայն, ինչ որ տեղ նաև նրանց տեսակետների անտեսման արդյունքում Էրզրումը 1918թ. փետրվարի 27-ին ընկնում է: Դարձյալ նահանջող ժողովրդի թիկունքն ապահովելով նրանք նահանջում են Սարիղամիշ, ապա` Կարս, որտեղից էլ Թիֆլիս: Այստեղից Մուրադի հետ նա անցնում է Վլադիկովկաս, ապա` Արմավիր, որտեղից էլ Բաքու, ուր փայլուն մասնակցություն է դրսևորում ինքնապաշտպանական մարտերին:

Բաքվի անկումից հետո (1918թ. սեպտեմբեր) Սեպուհն ապրում է արկածալի և թափառումներով լի կյանք  (Պետրովսկ, Ղզլար, Մոզդոկ, Վլադիմիր, Կերչ, Նովոռոսիյսկ, Բաթում և այլն), որի իմաստը դարձյալ նույնն էր` օգտակարության վսեմ ձգտումը իր սիրելի տառապյալ ժողովրդին:

1919 թվականին Սեպուհը վերադառնում է Հայաստան, ուր ընտրվում է Խորհրդարանի անդամ: Շատ չանցած նա նշանակվում է 4-րդ արտակարգ բրիգադի հրամանատար: Սեպուհը  հատկապես հայ ժողովրդի պաշտելի անձնավորությունն է դառնում 1920թ.  մայիսյան խռովությունների ընթացքում, երբ ստանձնում է  դրանց  ճնշողի դերը (Ալեքսանդրապոլ, Սարիղամիշ, Դիլիջան և այլն): Այս շրջանում նա իրեն մեկ անգամ ևս դրսևորում է որպես ազատության և անկախության աննկուն պահապան:

1920թ. հայ-թուրքական պատերազմի ընթացքում Սեպուհն իրեն քաջաբար է դրսևորում Կարսի, Ջաջուռի և ապա` Ղազախի ճակատներում: Կարսի անկումից հետո հերոսական կռիվներով նահանջելով մինչև Ջաջուռ` նա ծրագրում է հարձակումով հետ գրավել Կարսը: Այս ծրագիրը չի իրականանում , որովհետև մյուս ճակատներում տիրում էր բարոյալքումը:

Հայաստանի խորհրդայնացումից առաջ Սեպուհը Դիլիջան-Ղարաքիլիսա ուժերի հրամանատարն էր և անմնացորդ ջանքեր էր գործադրում կարմիր բանակի մուտքը Հայաստան արգելելու համար:

Հայաստանի խորհրդայնացումից հետո նա անցնում է Թիֆլիս: Այստեղից նա մեկնում է Կ. Պոլիս, լինում է Լոնդոնում, ապա` միառժամանակ հաստատվում է Բուլղարիայում: Այստեղից շատ չանցած իր ընտանիքով մեկնում է ԱՄՆ, ուր ապրում է մինչև իր մահը` ունենալով բեղուն կուսակցական և հայապահպան գործունեություն: Անհնար է  ամբողջական գիտական ուսումնասիրություն ստեղծել 19-րդ դ. վերջի և 20-րդ դարասկզբի հայ ազգային-ազատագրական պայքարի մասին առանց նկատի ունենալու Սեպուհի հոգևոր հարուստ ժառանգությունը:

Սեպուհը վախճանվել է 1940թ. հուլիսի 31-ին` այդպես էլ չճաշակելով կրկին հայրենիք վերադառնալու բերկրանքը: Բայց չուզենալով կորցնել այն հավատը, որ մի օր կխորտակվեն բոլշևիկյան կապանքները, մահից առաջ կտակել է այրել իրեն և պահել մոխիրը մինչև այն բաղձալի պահը, երբ հնարավոր կլինի այն վերադարձնել Հայաստան: Այդ բաղձալի պահը եկավ 1914թ., երբ նրա աճյունասափորը նրա թոռերի՝ Դայան և Էդուարդ Պիրանյաննների, զարմիկի՝ Մարտիրոս Անաստասյանի, տողերիս հեղինակի և ՀՀ ՊՆ համատեղ ջանքերով Նյու Յորքից տեղափոխվեց Եռաբլուր պանթեոն և պետական պատիվներով ամփոփվեց նախապես իր համար կառուցված հուշարձանի խորշում:

Սեպուհի գերեզմանը պետք է ուխտատեղի դառնա բոլոր նրանց համար, ում համար ամենաբարձր արժեքը անկախ պետականության ամրապնդումն ու պահպանումն է:

Պրոֆեսոր Աշոտ Ներսիսյան