«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ղրիմի պատվիրակություն՝ ՀՀ-ում անցկացվող Ղրիմի օրերի համար․ «Երևանը պետք է հստակ ու համարձակ քայլեր ձեռնարկի Կիևի ուղղությամբ»

30/04/2021

Հայաստանում անցկացվում են Ղրիմի օրեր։ ՌԴ նախագահին կից Ղրիմի մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը՝ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում խոսել էր միջոցառումների մանրամասների մասին. «Ծրագրվում է մի շարք կոնֆերանսներ անցկացնել առկա ու հեռակա ձևաչափով, ինչպես նաև Հայաստանում ամենամյա Ղրիմի օրերը, որոնք նվիրված են վերամիավորման 7-րդ տարեդարձին։ Խոսքը տնտեսական, գործնական, զբոսաշրջային ու մշակութային ներուժի վերաբերյալ շնորհանդեսների մասին է։ Ղրիմի պաշտոնական պատվիրակության այց կլինի, պայմանով, որ Հայաստանում պահպանվի ընդունելի ու կայուն քաղաքական իրավիճակ»,- հայտարարել է Մուրադովը։ Վերջինս նաև նշել է, որ քայլեր են ձեռնարկվելու այնպիսի միջազգային հարթակներում, ինչպիսին է ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, ԵԽԽՎ-ն, Ղրիմի առաջխաղացման համար։ Նշենք, որ այս տարի Հայաստանում անցկացվող  Ղրիմի օրերի առաջին միջոցառումը տեղի է ունեցել  ապրիլի 2-ին` Մոսկվայի տանը բացվել է մոսկվայաբնակ  գեղանկարչուհի Նատալյա Օվչիննիկովայի  անհատական ցուցահանդեսը, որը հեղինակը անվանել է «Հայաստան և Ղրիմ` հանդիպում իմ սրտում»:

Ղրիմի օրերի շարունակությունը նախատեսված է հենց այս օրերին, երբ Հայաստան է ժամանելու Ղրիմի Հանրապետության  մեծ պատվիրակություն, Ղրիմի կառավարության  առաջին փոխվարչապետ և ՌԴ  նախագահ  Պուտինի մոտ ներկայացուցիչ  Գեորգի Մուրադովի գլխավորությամբ։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց ուկրաինահայ քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանի հետ։

-Նման «միջոցառումները» հայուկրաինական հարաբերություններում ի՞նչ իրավիճակ կարող են ստեղծել։ Կիևում ինչ տրամադրություններ կան այս իմաստով։

-Ղրիմի Ինքնավար Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի ժամանակավորապես գրավված տարածքը հանդիսանում է Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված տարածք: Այս տարածքների ներկայացուցիչների հետ պաշտոնական Կիևը շրջանցող ցանկացած շփում միջազգային իրավունքի կոպիտ խախտում է ՝ դրանից բխող հետևանքներով:

– Արդյոք Կիևում կա ըմբռնում՝ հայռուսական հարաբերությունների հետ կապված և որ Հայաստանի նմանատիպ քայլերը պայմանավորված են իր անվտանգության երաշխիքներով։

-Իմ կարծիքով, Հայաստանում որոշ ուժեր չափազանցնում են սպասելիքները, այսպես կոչված, Մոսկվայի անվտանգության երաշխիքների հետ կապված: Այդ «անվտանգության»  հստակ ցուցադրումը,  մենք տեսանք,  երկրորդ ղարաբաղյան պատերազմի օրերին: Եթե ​​չեմ սխալվում, Հայաստանը Ռուսաստանի Դաշնության հետ ունի հակաօդային պաշտպանության համատեղ ուժեր, և իրականում մենք տեսանք այդ ստորաբաժանումների «հնարավորությունները»։ ԶԼՄ-ների հաղորդմամբ ՝ Ադրբեջանի անօդաչուները բազմիցս տեղակայված էին Հայաստանի մայրաքաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա,  էլ չեմ խոսում  սահմանամերձ տարածքների մասին: Մենք ապրում ենք աշխարհաքաղաքական նոր վերափոխումների շրջանում, մասնավորապես տարածաշրջանում տեղի են ունենում արագ իրադարձություններ, ձևավորվում է նոր իրողություն: Երևանը հնարավորինս սեղմ ժամկետում պետք է որոշի արտաքին քաղաքականության գերակայությունները։ Իսկ դա միջազգային անվտանգության կանոնների ճիշտ կողմնորոշումն ու պահպանումն է, որը և  կարող է դառնալ Հայաստանի անվտանգության երաշխավորը:

Հայաստանի ու Ուկրաինայի իշխանությունների միջև կա որոշակի սառնություն Մայդանի հայտնի իրադարձություններից հետո։ Բայց երկու երկրներում էլ իշխանություն է փոխվել դրանից հետոինչու հնարավոր չի լինում կոտրել այդ վիճակը։

 Վերջերս մենք նկատում էինք զգուշավոր դրական տեղաշարժեր այս ոլորտում, բայց շատ ժամանակ է կորսվել, անհրաժեշտ են ավելի հստակ, համարձակ քայլեր: Մեր երկրները կապվում են բազմադարյա ընդհանուր պատմությամբ, շատ եզակի դրական իրադարձությունների հետ: Վճռական քաղաքական կամքը պետք է ավելացվի սփյուռքի, դիվանագետների և խորհրդարանականների ջանքերին: Այս տարի Ուկրաինան նշելու է իր Անկախության օրվա 30-ամյակը, սպասվում է աշխարհի խոշորագույն տերությունների ղեկավարների ժամանումը, հրավիրվում է Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, և հայկական պատվիրակության ներկայացվածության մակարդակից է, որ մենք կարող ենք եզրակացություններ անել երկու երկրների հարաբերությունների զարգացման վեկտորի վերաբերյալ: Ձեր հրապարակմանը վերջերս տրված իմ հարցազրույցում ես մատնանշեցի, որ քաղաքակիրթ աշխարհը կանգնած էր Ուկրաինայի կողքին `ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համար մղվող պայքարում, հուսով եմ, որ այս երկրների ցանկում կտեսնեմ իմ հայրենի Հայաստանը ևս։