«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Զոհված Վրեժ Պողոսյանի որդու հայրությունը մեկ տարուց ավելի է՝ չի ճանաչվում․ մայրը վարչապետի հետ հանդիպում է պահանջում

28/01/2022

Վրեժ Պողոսյանի մայրը՝

Շատ հպարտությամբ էր «Եռաբլուր» գալիս՝ հորեղբայրս այստեղ է հուղարկավորված, ասում էր՝ ամեն մարդ չի, որ պետք է արժանանա էս բլուրին, էստեղ հերոսներն են, ասում էր՝ էնքան արժանիքներ պետք է ունենաս, որ հանգրվանես Եռաբլուրում։ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վրեժ Պողոսյանի մայրը NEWS.am-ի հետ զրույցում այսպես էր հիշում որդուն։

Վրեժը 2016թ․ եղբայրների հետ Ապրիլյան պատերազմին էր մասնակցել, իսկ 2020թ․ հոկտեմբերի 26-ին կամավոր մեկնել Արցախ՝ Մարտակերտ՝ որպես դասակի հրամանատար։

«Նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը տղաս Մարտունի 2-ում է զոհվել։ Վերջին անգամ նոյեմբերի 7-ի ցերեկն է խոսել՝ կնոջ հետ, ում զանգեր-չզանգեր, հնարավոր չէ, որ կնոջը չզանգեր, դրանից հետո էլ զանգ չեղավ։ Անհանգստացանք, եղբայրները գիտակցեցին՝ ինչ է կատարվել, լավ գիտեին՝ ուր է եղբայրը գնացել։ Զինակից տղաների խոսքով՝ շատ լավ է մարտնչել, շատ լավ ղեկավարել իր վաշտը՝ որպես դասակի հրամանատար, լեյտենանտի կոչում են տվել, մի քայլ անգամ չի նահանջել։ Տղաները շատ են խնդրել, որ, գոնե, իջնի այդ բլուրի վրայից, չի իջել, 18 տարեկաններին ասել է՝ սա ձեր կռիվը չի, հետ գնացեք։ Նոյեմբերի 14-ին հուղարկավորել ենք, հաջորդ օրն առաջնեկն է ծնվել, որին ինքն այդքան սպասելուց հետո այդպես էլ չստեսավ»,- ասում է մայրը։

Ընտանիքը, սակայն, մեկ այլ ցավալի խնդրի է բախվել՝ արդեն մեկ տարուց ավելի է՝ պայքարում են, որպեսզի երեխայի հայրությունը ճանաչվի, քանի որ ամուսնությունը պաշտոնապես գրանցված չի եղել։

«Դրա համար էլ չեն ճանաչում հայրությունը։ Դատական փուլում ենք, այն դատավորը, որը մերժել է ճանաչել հայրությունը, հիմա նրա՝ Արթուր Մկրտչյանի գործը ԲԴԽ-ում է։ Նա շատ անհարգալից վերաբերմունք ցույց տվեց մեզ՝ որպես զոհվածի հարազատների, քմծիծաղ տալով դատարան մտավ, երբ ասացինք՝ կապ չունի՝ զագս կա, թե չկա, եկեղեցու պսակադրության վկայականը կա, քմծիծաղ տալով ասաց՝ զագս լսել էի, բայց եկեղեցու վկայական՝ չէի լսել։ Ես խոսք տվեցի, որ նա պատասխան կտա դրա համար։ Երբ ամուսինս մերժելուց հետո նստացույց հայտարարեց, մի քանի փաստաբան միացավ եւ նրա դեմ հայց են ներկայացրել, որպեսզի պատասխանատվության ենթարկեն սխալ դատավարության համար, քանի որ մեկ տարուց ավելի զրկված են երեխայի հայրությունը ճանաչելուց, այսպիսի երկրում ենք ապրում»,- նշում է Վրեժի մայրը։

Նա անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում է պահանջում, ասում է՝ նրան ուղղված շա՜տ հարցեր ունի։

«Շատ եմ խնդրում, որ իմ այս բառերը վարչապետին հասնեն։ Ամեն կերպ ձգտում ենք, որ մեզ ընդունի։ Ես շատ եմ խնդրում, նույնիսկ՝ պահանջում, որ ինձ ընդունի, որովհետեւ ես իրեն շատ հարցեր ունեմ տալու։ Մեր տիկին Աննա Հակոբյանն առաջինը մեր տուն է այցելել, խոստացավ՝ ամեն կերպ կաջակցի մեզ թե՛ հայրության ճանաչման, թե՛ մնացած հարցերով, բայց միայն խոստումները մնացին։ Ես պահանջում եմ նաեւ, որ ինքն ինձ ընդունի։ Ո՛չ ուզում եմ տեղակալին տեսնել, ո՛չ էլ՝ մնացածին, տեղակալին արդեն տեսել եմ, անձամբ իրեն եմ ուզում տեսնել»,- ասաց Վրեժ Պողոսյանի մայրը։