«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Տավուշում և Լոռիում արվում են բոլոր առաջնային գործողությունները. իրավիճակն ըստ ՏԿԵ նախարարի ու ՆԳ փոխնախարարի

27/05/2024

Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով մայիսի 26-ին Լոռու և Տավուշի մարզերում ջրալցվել են տներ, շենք-շինություններ, քանդվել ճանապարհներ, նախնական տվյալներով՝ կա երեք զոհ։ Որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են, որոնց արդյունքում փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է 269, փրկվել` 120 մարդ, մասնավորապես, 347 մարդ՝ Լոռու մարզում և 42 մարդ՝ Տավուշի մարզում:

Հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձևավորվել է օպերատիվ շտաբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը նշեց, որ իրենք ահազանգը ստացել են գիշերը և տեղեկացել, որ Դեբեդ գետի վարարման հետևանքով առաջացել է արտակարգ իրավիճակ:

«Որոշում կայացվեց անմիջապես մեկնել դեպքի վայր և իրականացնել փրկարարական գործողություններ: Գիշերվա ընթացքում մինչև 12:00-ն տարհանվել է 232 քաղաքացի Ալավերդի քաղաքից և հարակից բնակավայրերից, իսկ Այրում կայարանից 29 քաղաքացի: Բոլորն էլ տեղափոխվել են ապահով վայրեր: Տարհանումը շարունակվում է: Նաև աշխատանքներ են իրականացվում Սանահին կայարանի հատվածում բնակչության սննդի և առաջնային օգնության ապահովման ուղղությամբ: Փրկարարական աշխատանքների մեծ մասն իրականացվել է: Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարի գլխավորությամբ կազմված օպերատիվ շտաբն իրականացվում է աղետի հետևանքների վերացման աշխատանքներ և կանխարգելիչ միջոցառումներ: Հրշեջ-փրկարարական ջոկատներն իրենց հերթապահությունը կշարունակեն և եթե կարիք լինի, ապա կներգրավվեն լրացուցիչ ուժեր»,- ասաց Ցուցուլյանը:

Նրա տեղեկացմամբ՝ Տավուշի մարզում իրականացվում են Աղստև գետի հունի ամրաշինական աշխատանքներ, ինչպես նաև վերացվում են աղետի հետևանքները: Քանի որ գետի հունի փոփոխման պատճառով փակվել է Պտղավան և Բագրատաշեն համայնքներ տանող ճանապարհի մոտ երեք կիլոմետր երկարությամբ հատվածը, այնտեղ նույնպես իրականացվում են անհրաժեշտ աշխատանքներ:

«Որոնողական աշխատանքները նույնպես շարունակվում են: Անհետ կորածների վերաբերյալ դեռ ամփոփ տեկատվություն չունենք, սակայն նրանց թվաքանակը մեծ չէ: Որոնողական աշխատանքների ավարտից հետո ՆԳՆ-ն կհրապարակի ամփոփ տեղեկատվություն, որում անդրադարձ կլինի նաև զոհվածներին: Խուճապի մատնվելու կարիք չկա, պետական կառույցները պատշաճ կերպով աշխատում են, անհրաժեշտ բոլոր առաջնային գործողությունները կատարվում են ճիշտ ժամանակին»,- հավաստիացրեց Ցուցուլյանը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն իր հերթին նշեց, որ Ալավերդու համայնքապետարանում անցկացրել են օպերատիվ շտաբի երկրորդ նիստը: Առաջինի ժամանակ տրվել էին որոշ հանձնարարականներ:

«Ալավերդիում կրկին կդիտարկենք առանձին հատվածներ: Միակ դրական բանն այն է, որ անձրևներ չեն տեղացել: Մնացած խնդիրները դեռ նույնն են: Դեբեդ գետը դեռ բավականին բարձր մակարդակ ունի: Նախորդ ժամերի ընթացքում կարողացանք ՆԳ նախարարության գործընկերների, պետական տարբեր գերատեսչությունների, մարզային ու համայնքային ներկայացուցիչների հետ առկա խնդիրները գույքագրել և որոշ մասով սկսել ենք դրանց լուծման ուղղությամբ կատարել կոնկրետ աշխատանքներ: Մեր մեծ պրոբլեմը ոչ միայն Ալավերդիում է, այլև այս համայնքից դեպի Այրում, Բագրատաշեն տանող միջպետական ճանապարհի մի քանի հատվածներում, որոնք  կամ մասնակի, կամ ամբողջությամբ վնասված են: Գետի աջ և ձախ ափերին կան բազմաթիվ բնակավայրեր, որոնց հետ կապի որոշակի խնդիրներ կան: Մարդիկ շարունակում են աշխատել, շուտով կմոտեցնենք համապատասխան տեխնիկա, որպեսզի կարգավորենք դաշտային ու լեռնային ճանապարհները՝ ապահովելով դրանց անցանելիությունը»,- ասաց Սանոսյանը:

Նրա տեղեկացմամբ՝ խնդիր կար նաև Սանահին կայարանին հարող թաղամասում, որը կտրված է բուն քաղաքից: Այնտեղ փրկարարները կարողացել են կապ հաստատել բնակիչների հետ, սնունդ և անհրաժեշտ այլ պարագաներ տեղափոխել: Տեղում գնահատում են մարդկանց վիճակը, և անհրաժեշտության դեպքում հատուկ միջոցների օգնությամբ նրանց կտեղափոխեն գետի ապահով ափ: Մասնագետները եղել են նաև ՀԷԿ-ի պատվարի հատվածում: Նրանք դիտարկման արդյունքում եկել են այն եզրակացության, որ անկառավարելի խնդիրներ չկան:

«Մեզ համար շատ խնդրահարույց է այն հանգամանքը, որ գետի բարձր մակարդակը թույլ չի տալիս լիարժեք ծավալով իրականացնել աշխատանքները: Ջրի մակարդակի նվազմանը զուգընթաց՝ կսկսենք աշխատացնել տարատեսակ շինտեխնիկա՝ փորձելով առաջնահերթ պահպանել ճանապարհի այն հատվածները, որոնք ամբողջությամբ չեն վնասվել: Մ4 ճանապարհի վրա վնասված հատվածը մի փոքր ավելացել է: Ամբողջ օրվա ընթացքում բազմաթիվ մեքենաներով տեղափոխվել են մեծ քարեր, որոշ հատվածներում փրկարար ծառայության ներկայացուցիչները պայքարում են ջրային հոսքերի դեմ: Հրավիրել ենք նաև ՀԷՑ-ի և մյուս կառույցների աշխատակիցներին: Մի շարք տեղերում կան հոսանքի անջատումներ, որոշ տեղերում հաջողվել է վերականգնել էլեկտրականությունը: Նույն վիճակն է նաև գազամատակարարման առումով: Պատասխանատու գերատեսչությունները կատարել են նախնական գնահատումներ, և համատեղ ուժերով աշխատում ենք իրավիճակի վերականգնման ուղղությամբ»,- նշեց ՏԿԵ նախարարը:

Նրա հավաստմամբ՝ կան հսկայական ավերածություններ, ընդ որում՝ տարբեր ուղղություններով վնասվել են տարբեր ենթակառուցվածքներ՝ սկսած մարդկանց սեփական գույքից, խանութներից, սպասարկման օբյեկտներից, վերջացրած պետական ենթակառուցվածքներով:

«Վնասի գնահատման նախնական աշխատանքներ, անշուշտ, իրականացվել են, սակայն մի շարք բաներ կան, որ դեռ տեսանելի չեն: Օրինակ՝ Դեբեդ գետի վրա առանձին հատվածներում եղել են պոմպակայաններ, որոնք, ենթադրաբար, շարքից դուրս են եկել: Շատ լուրջ կերպով վնասվել է նաև երկաթուղին: Մի շարք հատվածներում աշխատում են երկաթուղու մեր գործընկերները: Հայաստան-Վրաստան երկաթուղային կապը ժամանակավորապես դադարեցվել է: Ստացել ենք հանձնարարություն բոլոր խնդիրները գույքագրել, որոնց մի մասն այս պահին, ցավոք, հնարավոր չէ գույքագրել: Կառավարությունն, անշուշտ, կիրականացնի համապատասխան փոխհատուցումներ: Օպերատիվ շտաբի առաջին նիստից հետո նշանակվել են պատասխանատուներ, ովքեր զբաղված են շենք-շինություններին հասցված վնասի գնահատմամբ և ջրատակ եղած ու վնասված մեքենաների հաշվառմամբ: Ժամանակի հետ այդ ամենը կգույքագրվի ու փոխհատուցման տեսանկյունից կլինեն որոշակի լուծումներ»,- եզրափակեց ՏԿԵ նախարարը: