«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Անմահության ճանապարհ. Սուրեն Խաչատրյան

21/01/2021

2020 թվական։ Հոկտեմբերի 4։ Ոստիկանության ենթասպա Սուրեն Խաչատրյանն Արցախ մեկնելիս զանգում է կնոջն ու հորդորում՝ որդու ծննդյան օրը նշել մեծ շուքով։

Հոկտեմբերի 4-ին Սուրեն Խաչատրյանի տանը խնջույք էր, որդին՝ Էրիկը, դարձավ 11 տարեկան, սակայն տարեդարձի լուսանկարներն այդպես էլ չհասան ոստիկան հորը: Նույն օրը նա զոհվել էր Շուշիում։

«Սուրենի հայրը նույնպես ծառայել է ոստիկանության համակարգում՝ պահպանության բաժնում։ Նրա հետ ծառայություն ենք իրականացրել սահմանամերձ գյուղերում։ Միասին պատերազմով էլ ենք անցել»,- պատմում է ՊՊԾ դասակի հրամանատար Արա Ադամյանը։

Սուրեն Խաչատրյանը, հոր օրինակով, 2001 թվականին ընդունվում է ոստիկանություն։ Շուրջ 20 տարի ծառայում է պարեկապահակետային ծառայության դասակում՝ շարքայինից հասնելով ենթասպայի կոչման։

«Նա մեր ՊՊԾ դասակի առաջամարտիկներից էր։ Որպես ջոկի հրամանատար, երիտասարդներին բարի խորհուրդներ էր տալիս, սովորեցնում էր: Լավ ընկեր կորցրինք» ,- նշել է ՊՊԾ դասակի հրամանատար Արա Ադամյանը։

Իջևանում որպես ППС-ի Սուրո հայտնի երիտասարդի մեծ սերը Լիանան էր։ Տարիներ առաջ էին ամուսնացել, ունեցել երկու որդի՝ Հակոբն ու Էրիկը։ Պապի ու հոր օրինակին հետևելով՝ Էրիկը որոշել է շարունակել նրանց կիսատ թողած գործը։

«Ես ուզում եմ դառնալ ոստիկան, որովհետև ուզում եմ շարունակել հայրիկիս գործը, լինեմ նրա նման ազնիվ, գործին նվիրված, լավ մարդ»։

Ոստիկանության Իջևանի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկաններ ու հավատարիմ ընկերներ Սուրենի, Լենտուշի և Սերյոժայի անուններն ու լուսանկարները ոստիկանության Իջևանի բաժնի Պատվո տախտակին են։

Ճանաչե՛նք հայրենիքի համար ընկած մեր բոլոր հայորդիներին և շարունակենք նրանց կիսատ թողած գործը։