«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսական զենքի և հայ զինվորականների դեմ արարքը վերջին կաթիլն էր, որը լցրեց հայերի համբերության բաժակը։. Զատուլին

26/02/2021

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, գրում է kp.ru-ն:

Կայքին տված հարցազրույցում նա ասել է, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնից հեռանալու մասին որոշումը ձգձգելու օրինաչափ արդյունք է։

՛՛Նա կառչում է իշխանությունից, փորձում է իրար դեմ լարել ընդդիմության առաջնորդներին։ Իսկ ամենակարևորը՝ Հայաստանի և Ղարաբաղի հետ տեղի ունեցածում կտրականապես չի ցանկանում տեսնել սեփական մեղքը։

Փաշինյանը վախենում է։ Բայց այդ վախն արդեն իռացիոնալ բնույթ է ստացել։ Եվ Հայաստանի ապագայի ճանապարհին, անշուշտ, այսօր առկա է ներքին խնդիր, որը լուծված չէ։ Խոսքը Փաշինյանի հաշվեհարդարի մասին չէ։ Խոսքն այն մասին է, որ ներկայիս կառավարության օրոք Հայաստանի ոգու և պաշտպանունակության ոչ մի վերածնունդ հնարավոր չէ ։ Դա հասկանում են բոլոր այն մարդիկ, ովքեր ինչ-որ չափով գիտակցում են տեղի ունեցածը՛՛,-նշել է Զատուլինը:

Նա հավելել է, որ ՀՀ վարչապետի՝ ՛՛այս անգամ ռուսական զենքի և հայ զինվորականների դեմ արարքը վերջին կաթիլն էր, որը լցրեց հայերի համբերության բաժակը։ Բացի այդ, Փաշինյանը իրականում ձևացնում է և իրական քայլեր չի ձեռնարկում Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամը լուծելու համար՛՛։

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահն անդրադարձել է Փաշինյանի այն հայտարարությունը, որ ՛՛միայն ժողովուրդն է իրավասու լուծել իշխանության հարցը՛՛: Այս առնչությամբ Զատուլինն ասել է. ՛՛Նա հիմարացնում է հայ հասարակությանը։ Նա լավ հասկանում է, որ եթե ժողովրդին թույլատրվի որոշում կայացնել, ապա նա իշխանության չի գա՛՛։

Նա նաև ասել է, որ ՀՀ-ում այսօր տեղի ունեցող իրադարձությունները կտրուկ հակադրություն են 2018-ին, երբ ՛՛իշխանությունը, ըստ էության, սկուտեղի վրա հանձնվեց Փաշինյանին, այն բողոքի ակցիաների տպավորության տակ, որն այդ ժամանակ կարողացավ կազմակերպել՛՛։ Զատուլինի խոսքով՝  Փաշինյանը հիմա արհամարհում է բողոքի ակցիաները, նաև՝ իր ընդդիմախոսներին, և առհասարակ չի կարծում, որ տեղի ունեցածը Հայաստանի ամենամեծ պարտությունն է։

Ըստ Զատուլինի՝  պարզ է, որ հավերժ այդպես շարունակվել չի կարող։ ՛՛Չգիտեմ, թե ինչով կավարտվի այս դրվագը, բայց հիմա խոսքը մի կողմից վարչապետի, մյուս կողմից՝ բոլորի, այդ թվում՝ բանակի դիմակայության մասին է՛՛,-նշել է նա: