Ալիևը հերթական ինքնախոստովանական ցուցմունքն է տվել միտումնավոր պատերազմ սանձազերծելու ու ատելություն քարոզելու մասին. Տաթևիկ Հայրապետյան
ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Իլհամ Ալիևը հերթական ինքնախոստովանական ցուցմունքն է տվել միտումնավոր պատերազմ սանձազերծելու ու ատելություն քարոզելու մասին «Օկուպացիայի ժամանակ տարբեր մայրաքաղաքներից մեզ բազմիցս ասում էին, որ այս հարցը, այս հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Հիշում եք նաև, որ կար մի թեզ՝ ռազմական լուծում չկա, և այն պետք է լուծվի խաղաղ ճանապարհով։ Ընդ որում, այն այն ժամանակ չէր կոչվում «առաջին Ղարաբաղյան պատերազմ», բայց ասում էին՝ պետք է հաշվի առնել նաև ղարաբաղյան պատերազմի արդյունքները։ Այսինքն՝ ինչի՞ հետ էին ուզում, որ հաշտվեինք։ Նրանք ուզում էին, որ մենք ընդունենք պարտությունը։ Նրանք ուզում էին, որ մեր ժողովուրդը հաշտվի այդ պարտության հետ։ Մյուս թեզն էլ այն էր, որ պետք է սկսել համագործակցել Հայաստանի հետ։ Հասարակական կազմակերպությունների միջոցով անց էին կացվում տարբեր սեմինարներ։ Մեր հանրության մեջ ոմանք իրենց ծախել են օտար շրջանակներին, մասնակցել այդ դասընթացներին, հարաբերվել հայերի հետ, գործարքների գնացել, նրանց հետ համատեղ հանդիպումներ կազմակերպել։ Ի՞նչ կապ կարող էինք ունենալ արյունարբու թշնամու հետ, ով իրագործել է Խոջալուի ցեղասպանությունը և գետնին հավասարեցրել մեր բոլոր քաղաքներն ու գյուղերը Ղարաբաղի տարածաշրջանում։ Բայց այս օկուպացիան հավերժացնել ցանկացողների նպատակն այն էր, որ ապագա սերունդը՝ երիտասարդ սերունդը, այլևս չուզենա պատերազմ, որ մենք խաղաղության հասնենք Հայաստանի հետ, և այդպիսով օկուպացիան մնա։ Մենք՝ Ադրբեջանի ժողովուրդս, փշրեցինք այս բոլոր ծրագրերը, տապալեցինք դրանք․․․»։