«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ինչ փոփոխություններ են կատարվում Ռուսաստանում միգրանտների հարցում

14/07/2021

Լragir.am-ի զրուցակիցն է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

Պարոն Ղազարյան, ՌԴ ներքին գործերի նախարարությունը մշակում է օրենսդրական փաթեթ, ըստ որի՝ միգրանտները ՌԴ ժամանելիս ստանալու են էլեկտրոնային կրիչով միասնական փաստաթուղթ, միգրանտները պետք է մատնահետք հանձնեն, բուժզննում անցնեն և ստանան ID քարտ։ Օրենքը ուժի մեջ է մտնելու դեկտեմբերին։ Ի՞նչ ահազանգեր է ստանում միգրացիոն ծառայությունն այս օրերին և ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել հայկական կողմը։
Իրականում այս փոփոխությունների վերաբերյալ խոսակցությունները նոր չեն։ Սրա շուրջ քննարկումները ՌԴ-ում սկսվել են ապրիլին, իսկ դրանից առաջ մեծ նախապատրաստական աշխատանքներ է իրականացրել ՌԴ ներքին գործերի նախարարությունը։ Պարզապես ժամկետներն են հետաձգվել։ Երկու ամիս առաջ խոսակցություններ կային, որ հունիսից են մտնելու այդ կարգավորումները ուժի մեջ։ Ապա խոսակցություններ էին, որ հուլիսից են այդ կարգավորումներն ուժի մեջ մտնելու և հիմա ասում են դեկտեմբերին։ Իրենց մոտ էլ օրենսդրական պրոցես է, կան որոշակի փոփոխություններ, այն լրամշակվում է, որի ընթացքում ինչ-որ փոփոխություններ են տեղի ունենում, ժամկետներ են հետաձգվում։ Այո, խստացվում է, բայց խստացվում է հետևյալ իմաստով. ԵԱՏՄ շրջանակներում աշխատուժի տեղաշարժի համար սահմանափակումներ չպետք է լինեն այն կոնտեքստում, որ չպետք է պահանջվեն հավելյալ փաստաթղթեր աշխատանքային գործունեություն իրականացնելու համար, օրինակ՝ աշխատանքի թույլտվություն, սա որևէ փոփոխության չի ենթարկվում և չի էլի կարող ենթարկվել, քանի որ դա կարգավորվում է ԵԱՏՄ մասին պայմանագրի 94-րդ և 96-րդ հոդվածներով, և Ռուսաստանը այդտեղ չէ փոփոխություններ իրականացնում, այլ իր տարածքում օտարերկրացիների բնակության և կացության կարգերի մեջ, ինչը այդ երկրի սուվերեն իրավունքն է։
Երկրորդ՝ մենք դեռևս լայն իրազեկման աշխատանքներ չենք տանում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ օրենսդրական կարգավորումները դինամիկ փոփոխվում են։ Մենք կիրազեկենք այն դեպքում, երբ պարզ լինի, որ այդ փաստաթուղթը քիչ թե շատ վերջնականին մոտ է։ Մոտավորապես երկու ամիս առաջ մենք որոշ դրույթներ ստացել ենք, բայց որոշ դրույթներ էլ դեռևս փոփոխությունների փուլում են։ Եվ երբ ամբողջական պատկերն ունենանք, մենք իրազեկման աշխատանքներ կիրականացնենք։ Եվ բացի իրազեկումից, այլ գործողություն չենք կարող իրականացնել, քանի որ դա այդ երկրի իրավակարգավորումներին է առնչվում։

Այս փոփոխությունները լուրջ խնդիրներ են առաջացնելու աշխատանքային միգրանտների համար, քանի որ նշվում է, որ նրանք բացի իրենց մասնագիտությունից, այլ աշխատանքով չեն կարող զբաղվել։
Խնդիրը հետևյալն է՝ եթե գործատուն աշխատանքային պայմանագիր է կնքում աշխատակցի հետ, դրա հետ կապված խնդիրներ չկան, բայց այլ է հանգամանքը, որ ՌԴ-ն հիմա փորձում է օտարերկրացիների հետ աշխատանքային պայմանագրերի միասնական էլեկտրոնային բազա ձևավորել։ Իմիջիայլոց, գրեթե նմանատիպ օրենսդրական փոփոխություններ այս տարվա ընթացքում իրականացրել է նաև Հայաստանը։ Բնականաբար, լիովին նույնական չէ, բայց այստեղ խնդիրն այն է, որ մարդիկ իրականացնում են թվայնացման գործողություններ։ Այո, պետք է ասենք, որ խստացումներ կան։

Երբ փաթեթն ամբողջանա, նոր իրազեկման աշխատանքներ կիրականցվե՞ն։
Այո, ըստ էության որոշակի բյուրոկրատական հավելյալ գործընթացներ կան, բայց մեր  քաղաքացիների մասով մենք կիրազեկենք, երբ վերջնական կարգավորումները լինեն: