«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պուտինի սպառնալից ուղերձը․ ՀՀ հաջորդ ղեկավարության ուղերձը ՌԴ ղեկավարությանը

21/09/2021

«Այսօր Հայաստանը ստիպված է բախվել լուրջ մարտահրավերների: Ելնում ենք նրանից, որ նոյեմբերյան և հունվարյան եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացումը ամենաբարձր մակարդակով կապահովի Ձեր երկրի և ողջ Անդրկովկասյան տարածաշրջանի խաղաղ, բարեկեցիկ զարգացումը», ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ նախագահին ու վարչապետին «բիրիքով» հղած շնորհավորական ուղերձում նշել է ՌԴ նախագահ Պուտինը:

ՀՀ ղեկավարությանն իհարկե ավելին չի էլ հասնում։ Միեւնույն ժամանակ, Պուտինն արդեն շնորհավորական ուղերձում էլ չի զլանում հասկացնել, որ Հայաստանի անկախություն գոյություն չունի՝ հիշեցելով իր հեղինակած «եռակողմ» հայտարարությունները, դրանց անվերապահ կատարումը եւ փաստացի սպառնալով Հայաստանին։

Լավրովյան պլանին եւ ՌԴ նպատակներին Լրագիրը բազմիցս անդրադարձել է։ ՌԴ-ն իր գոյության հարցն է լուծում, եւ Հայաստանի դեմ նախաձեռնած պատերազմն ու ՀՀ ինքնիշխանության վերացումը դրա պարտադիր պայմաններն են։ Սակայն դրանք միայն հետաձգելու են ՌԴ անխուսափելի հեռացումը Անդրկովկասից՝ դրանից բխող հետեւանքներով, արդեն իր տարածքի վրա։ ՌԴ-ն այլ ճանապարհ ուներ, որը սակայն հնարավոր չէր ռուսական բարդույթների, պուտինյան կլեպտոկրատ ռեժիմի մոտիվացիայի եւ հայկական «էլիտաների» պրիմիտիվության ու ծախվածության պայմաններում։ Հայաստան ռեզերվացիայի ներկայիս փուլը՝ հետագա զոհաբերությամբ, ենթարկած է ՌԴ այդ նպատակին։

Արժե՞ օգնել Մոսկվային այս գործում՝ հարցը ոչ թե հայկական «էլիտաներին», այլ հանրությանն է ուղղված, հանրային այն խմբերին, որոնք դուրս են «եռակողմ պայմանավորվածությունների» տրամաբանությունից։ Ճեղքման հնարավորությունները եւ դրանց գիտակցումը կան եւ ընդլայնվում են։ ՀՀ հաջորդ ղեկավարության շնորհավորական ուղերձը ՌԴ իշխանությանն լինելու է հետեւյալը՝ միայն եռակողմ հայտարարությունների անվերապահ կատարումը կապահովեն Ձեր երկրի առայժմ Ռուսաստան կոչվելու հնարավորությունը։ Դա է ՌԴ քաղաքականության անխուսափելի հետեւանքը։ Ովքե՞ր են լինելու այդ երեք կողմերը։
lragir.am